Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում տեղի է ունեցել «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 2013-ին վերաբացված դատավարության հերթական նիստը:
Վերաբացված դատավարությանը ներգրավված են մի շարք նախկին պետական պաշտոնյաներ ու ուժային կառույցների ղեկավարներ: Նիստի ժամանակ որպես վկա հարցաքննաված Սամսունի ժանդարմերիայի նահանգային նախկին հրամանատար Սերդար Յուջելը խոստովանել է, որ Դինքին սպանած Օգյուն Սամասթի՝ ժանդարմերի շենքում լուսանկարվելու ցուցումը ինքն է տվել: Յուջելը, սակայն, նշել է, որ ինքը չի հրամայել ձերբակալված Սամասթին նկարել Աթաթուրքի պաստառի ֆոնին՝ Թուրքիայի դրոշ պարզած:
Յուջելի հայտարարությանը հակառակ ցուցմունք է տվել այդ ժամանակ Սամսունի ժանդարմերիայում ծաառայող և Սամսունի ավտոկայանում հանցագործին ձերբակալած Բիրոլ Ուսթաօղլուն, ով այդ նկարում կանգնած է Սամասթի կողքին: Ուսթաօղլուն նշել է, ով միաժամանակ կազմակերպել է այդ լուսանկարվելը, նշել է, որ թե՛ լուսանկարվելու, և թե՛ տեղն ընտրելու համար հրաման է ստացել վերադասից:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակոսի» նախկին խմբագրության շենքի դիմաց սպանած Սամասթը դեպքի վայրից փախուստի էր դիմել ու ավելի ուշ հայտնաբերվել ու ձերբակալվել էր Սամսունում:
Կարդացեք նաև
Ձերբակալությունից հետո տեղի ժանդարմերիայի բաժանմունք տեղափոխված Սամասթը 2 ժանդարմերիայի ծառայողի հետ լուսանկարվել էր թուրքական դրոշը պարզած և պատին ամրացված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարի ֆոնին, որի վրա գրված է «Հայրենի հողը սուրբ է և չի կարող թողնվել ճակատագրի քմահաճույքին»: