«Տպավորություն է, որ իշխանությունն ավելի շատ մտածում է մենիշխանության մասին: Ի՞նչն է խանգարում իշխանությանը, որ սեպտեմբերին ներկայացվի նոր Սահմանադրություն, ինչից հետո հանրաքվե լինի: Բանավեճերից մեկի ժամանակ իշխանական պատգամավորներից մեկը չբացառեց, որ մեկ տարում երկու հանրաքվե կլինի»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ապրիլի հինգին սպասվող՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնանկության հարցով հանրաքվեին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Մենք այդքան հարուստ երկիր չենք: Այդ յոթ միլիոն դոլարը, որն ամեն անգամ ծախսվելու է այդ բարեփոխումների համար, կարելի է ուղղել սոցիալական հարցերին: Տրամաբանական չէ մի տարում երկու անգամ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե իրականացնելը»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2086356174843071/
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ ինքը Հրայր Թովմասյանի երկրպագուն եւ կողմնակիցը չէ, բայց որեւէ մեկն իրեն չի համոզել՝ ի՞նչն է պատճառը, որ Թովմասյանը խանգարում է հեղափոխությանը. «Նախկին իշխանության ներկայացուցիչների հետ իշխանությունը բացահայտ համագործակցում է, ընդ որում՝ ոմանց Փաշինյանը մեղադրում էր, հեգնում: Նա հեգնում էր Տիգրան Մուկուչյանին, անեկդոտներ պատմում: Հիմա «ընտրություններ կեղծած» Մուկուչյանն ինչո՞ւ է ընդունելի իշխանության համար, իսկ Հրայր Թովմասյանը հանցագործ է: Թովմասյանը պետք է հրաժարվի իր պաշտոնից այն դեպքում, եթե Մուկուչյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարական կտան, այլապես շղթայական ընտրակեղծարարությունը փորձում են բարդել մեկի վրա»:
Կարդացեք նաև
Ըստ Գագիկ Թովմասյանի՝ հանրության մեծ մասն անգամ ՍԴ-ի գործառույթների մասին լավ պատկերացում չունի, հետեւաբար՝ ՍԴ-ի շուրջ կատարվողը նեղ անձնական եւ «թայֆայական» շահ է հետապնդում. «Փաշինյանը չի ընդունում այն հանգամանքը, որ կան օղակներ, որոնք անկախ են կամ չեն ենթարկվում: Իշխանական պատգամավոր Հայկ Գեւորգյանը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց, որ Հրայր Թովմասյանը չի ընդունել իշխանության խաղի կանոնները, իսկ Մուկուչյանն ու Դավթյանն ընդունել են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ