Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ալիեւը նույնպես պատրաստ չէր եւ չարձագանքեց Փաշինյանի 2 կոպիտ սխալներին». Քաղաքագետ

Փետրվար 20,2020 13:04

«Նիկոլ Փաշինյանը գրեթե պատրաստ չէր այդ հանդիպմանը, ինչը զարմանալի էր: Նախապես էր պետք նկատի ունենալ, թե Ալիեւն ինչ կեղծ թեզեր էր առաջ տանելու»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով օրերս Մյունխենի անվտանգության համաժողովում Արցախի հարցով պանելային քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանավեճին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Միաժամանակ, Ալիեւը նույնպես պատրաստ չէր եւ չարձագանքեց Նիկոլ Փաշինյանի երկու կոպիտ սխալներին»,-նշեց նա:

Ըստ Համբարյանի. «Փաշինյանի առաջին սխալն այն էր, որ ինքն իբրեւ թե կարդացել էր Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցը, որում նա բացահայտել էր Խոջալուի դեպքերը: Այդ հարցազրույցը տրվել էր ոչ թե «Արգումենտի ի ֆակտի» թերթին, այլ «Նեզավիսիմայա գազետա»-ին: Երկրորդ սխալը Փաշինյանի, որին չարձագանքեց Ալիեւը, այն է, որ Շահումյանի շրջանը 100%-ով բնակեցված է եղել հայերով: 1989թ.-ի մարդահամարի տվյալներով՝ Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունից 17 000-ը հայեր էին, իսկ 3000-ը՝ ադրբեջանցիներ»:

Քաղաքագետի բնորոշմամբ՝ պարզվեց նաեւ, որ Փաշինյանը համաձայնեց Ալիեւի այն թեզին, որ Հայաստանում եղել են 300 000 ադրբեջանցիներ, որոնք դարձել են փախստականներ. «Ախորժակն ուտելիս է գալիս, եւ Ադրբեջանն աստիճանաբար ավելացնում է թիվը»:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ Փաշինյանը նաեւ բացարձակ տեղյակ չէր, թե 1989թ.-ի դրությամբ ինչ էթնիկ վիճակ է եղել Արցախում. «Ալիեւն 8000-ով ավելացրեց ադրբեջանցիների թիվը, իսկ հայերինը նվազեցրեց 6000-ով, ինչին Փաշինյանը չարձագանքեց: Ալիեւը հայերին մեղադրեց Արցախը գրավելու, տարածքներ օկուպացնելու մեջ, ինչին եւս արձագանք չեղավ»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2663986190406624/

Քաղաքագետը կարծում է, որ մյունխենյան բանավեճում Նիկոլ Փաշինյանի խաղաղասիրական կեցվածքն անընդունելի է. «Ադրբեջանն ի պատասխան առաջ քաշեց հայերի կողմից իբրեւ թե էթնիկ զտման ենթարկվելու թեզը, որին Փաշինյանը չարձագանքեց: Ունենալով Սումգայիթի, Բաքվի հայության ջարդերը, ապրիլյան ռազմական գործողությունների իրադարձությունները, երբ Ադրբեջանը մորթել էր տարեցներին եւ գլխատել զինվորին, Փաշինյանը միկրո եւ մակրո հեղափոխությունների կեղծ թեզեր էր առաջ քաշում: Դրանք հնարավոր են միայն այն դեպքում, երբ հակառակորդն էլ է համաձայն, այլապես այդ ուտոպիստական մոտեցումներն օգտակար չեն: Ալիեւն ապացուցեց, որ չի հրաժարվում իր թեզերից»:

Գագիկ Համբարյանի համոզմամբ՝ շատ վատ է, որ հայ հանրությունը հրճվել էր Փաշինյանի մեջբերած՝ Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի միջեւ բանակցությունների օրինակով. «Դա շատ ճոխ համեմատություն էր: Ադրբեջանին կարելի էր համեմատել «Կոկա-Կոլա»-ի հետ, որն ավելի հին է: Դա ավելի ճիշտ եւ հեգնական կլիներ, քան Տիգրան Մեծի հետ համեմատությունը»:

Հիշեցնենք՝ Փաշինյանն Ալիեւին ասել էր, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի նվաճող Պոմպեոսի հետ, Ադրբեջան անունով պետություն այդ ժամանակ չկար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829