Բաց նամակ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին
Հարգելի պարոն Թունյան, թույլ տվեք շնորհակալություն հայտնել սույն թվականի փետրվարի 13-ին ԱԺ-ում հակածխախոտային օրենքին կողմ քվեարկելու համար:
Ձեր վերջին ելույթի ժամանակ դուք նշեցիք, որ օրենքում կան խնդրահարույց դրույթներ, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը, ինչպես նաեւ նպատակահարմար եք գտնում ստեղծել հանձնաժողով այդ վնասների գնահատման եւ վերահսկման մեխանիզմներ մշակելու նպատակով։
Եկեք փորձենք իրարից տարանջատել երկու ոլորտ՝ վնաս երկրի տնտեսությանը եւ վնաս արդյունաբերությանը:
Կարդացեք նաև
ՀՀ Կառավարությունը սույն օրենքի լսումների եւ ընդունման ժամանակ փաստեց, որ այն որեւէ վնաս չի կարող հասցնել տնտեսությանը։ Այդ հանձնաժողովի կազմի մեջ մտնում էին ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաեւ Պետական եկամուտների կոմիտեի` ՊԵԿ-ի ներկայացուցիչները:
Ելնելով ձեր կողմից վերհանված եզրույթներից, կարելի է ասել, որ դուք թյուրահավանությամբ եք մոտենում ՀՀ կառավարության որոշումներին։ Դա, իհարկե, ձեր իրավունքն է, բայց լինելով մասնագիտությամբ տնտեսագետ դուք կարող եք ուսումնասիրել եւ պատճառահետեւանքային կապեր գտնել այլ երկրների փորձառնություններում։ Օրենքը մշակելուց Առողջապահության նախարարության աշխատանքային խումբը այդ հարցը մանրամասն քննել եւ համագործակցել են տարբեր երկրների հանրային առողջապահության մասնագետների եւ ԱՀԿ փորձագետների հետ, պարզվել է, որ այդպիսի թյուրըմբռնումները հրահրված են միմիայն ծխախոտային արդյունաբերության (ԾԱ) կողմից:
Իրոք, հակածխախոտային գործունեության հետեւանքով կարող է ծխախոտային արդյունաբերությունը վնաս կրել: Սակայն անգամ այս դեպքում էլ այն ընթանալու է շատ դանդաղ եւ լինելու է ժամանակ իրենց բիզնեսը դիվերսիֆիկացնելու, սակայն ցանկանում եմ փաստել, որ պետության առաջնահերթությունը դա բնակչության առողջության պահպանումն է։
Պարոն Թունյան, դուք հատուկ նշեցիք, որ չեք հանդուրժի, եթե ձեզ մեղադրեն որեւէ տեսակի լոբբիզմի մեջ: Դուք ուղղակի այլընտրանք չեք տալիս: Համառորեն խոսելով ենթադրյալ վնասների մասին, դուք կրկնում եք այն վարկածները, որոնք բազմակի անգամ հնչել ու հերքվել են բոլոր երկրներում, որոնք վարում են հստակ հակածխախոտային քաղաքականություն։ Փորձագետների կողմից նմանատիպ վարկածները կոչվում են «զոմբի» փաստարկներ:
Դուք զբաղեցնում եք մեր երկրի ամենաբարձր եւ ներկայացուցչական պաշտոններից մեկը, Հայաստանի բնակչության շրջանում անհրաժեշտ է բարձրացնել իրազեկման մակարդակը եւ դուք կարող եք ձեր դրական դիրքորոշումը ունենալ այդ գործում։
«Իմ քայլը» խմբակցությունը 77 ձայնով կողմ քվեարկեց օրենքին, դեմ էին միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ու «Իմ քայլը» խմբակցության մեկ անդամ: Քննարկումների ժամանակ ակնհայտ դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ծխախոտային արդյունաբերության լոբբիստ է եւ ունեն հիմնավորում: Ձեր կողմից չկան հիմքեր այդ եզրահանգման համար, բայց դուք հրահրում եք նմանատիպ կասկածների առաջացումը:
Որոնք են հանդիսանում ձեր գործողության նպատակը՝ առաջարկելով ստեղծել հանձնաժողով այն երկրում, որտեղ կան 52% ծխող տղամարդիկ ու հզոր ծխախոտային արդյունաբերության։ Ինչ է, ցանկանում եք հանե՞լ Կառավարության ու ԱԺ-ի դեմ ծխողներին ու ինդուստրիան: Պարզ չի՞, որ ծխողների մի մասը, ուղղորդվելով ծխախոտային արդյունաբերության կողմից եւ հենց իրենց աշխատակիցները, բառերի եւ ռեստորանների սեփականատերերի մի մասը «կռմբակոծեն» ձեզ նամակներով ու առաջարկություններով, որոնցում կլինի միայն մի գաղափար՝ թուլացնել օրենքը, հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները, չփոփոխել ծխախոտի ցուցադրությունը խանութներում, ծխախոտային տուփերի դիզայնը եւ մակնշումը, բաժանել «ԱյՔՈՍ»-ը ծխախոտային ապրանքատեսակներից: Դուք պատրաստվո՞ւմ եք այդ առաջարկություններով դիմել վերին ատյաններին, ասելով՝ տեսեք ժողովուրդը դեմ է օրենքի այս խմբագրությա՞նը: Դա ակնհայտ լոբբիզմ է:
Պարոն Թունյան, սիրելի կոլեգա, Բաբկեն ջան, մի արեք դա: Դուք երիտասարդ եք եւ ունենալու եք փայլուն ապագա, ծխախոտային արդյունաբերությունը տոքսիկ է ոչ միայն իր ուղղակի հասցվող վնասներով, այլ իր ամբողջությամբ: Բազմակի անգամ վարկաբեկված, երեխաներին ծխելու դրդող, միայն սեփական շահի մասին մտահոգված տոքսիկ ոլորտ է դա: Մի ընկեք այդ գայթակղիչ ճիրանները, քանի որ արդյունքում կարող եք կորցնել ձեր վարկանիշը։ Մի պղտորեք ձեր կերպարը անհիմն ենթադրություններով:
Խնդրում եմ, թողեք ընդունված օրենքը գործարկվի եւ ձեր անունը ոսկե տառերով կգրվի հզոր Հայաստանի պատմության մեջ:
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ ԱԱԻ գլխավոր խորհրդական, բ.գ.թ.
«Առավոտ» օրաթերթ
20.02.2020