Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ՝ «Ա1+» հեռուստաընկերության հետ կատարվածն ամենաանարդարն էր նախորդ տասնամյակներում ԶԼՄ-ների նկատմամբ կատարված պատմություններից:
Հիշեցնենք՝ ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Ա1+» հեռուստաընկերության հայցն ընդդեմ կառավարության։ Մարտի 13-ին տեղի կունենա առաջին դատական նիստը:
Փաստաբան Արա Ղազարյանի տեղեկացմամբ՝ պահանջում են, որ նախկինում կայացված վարչական ակտերը, որոշումները ճանաչվեն առոչինչ:
Aravot.am-ի հետ զրույցում Աշոտ Մելիքյանը փաստեց՝ լրատվամիջոցի գործունեությունը չէր համընկնում իշխանությունների ակնկալիքներին, և դա պատճառ դարձավ, որ «Ա1+»-ը եթերազրկվի և հետագա 13 մրցույթներին միշտ թե′ Ռոբերտ Քոչարյանի, թե′ Սերժ Սարգսյանի օրոք պարտվող էր ճանաչվում. «Երբ կայացած հեռուստաընկերությունը մրցույթի արդյունքում պարտվող է ճանաչվում, ակնհայտ էր, որ այդ որոշումները քաղաքական ենթատեքստ ունեն, քաղաքական դրդապատճառ ունեն, և այդ անարդարությունը մինչև հիմա մնում է, քանի որ շարունակում են գործել այն ակտերը, որոնք ընդունվել են 2002-ից ի վեր, երբ եթերազրկվեց «Ա1+» -ը»:
Կարդացեք նաև
Աշոտ Մելիքյանի համոզմամբ՝ հետհեղափոխական շրջանում շատ կարևոր է այս հարցում կիրառել լյուստրացիան: Այս առիթով նա մանրամասնեց. «Այն անցումային արդարադատությունը, որի մասին խոսում են իշխանությունները, այս հարցում կարող է կիրառելի լինել, և քանի որ մինչև հիմա և′ քաղաքական, և′ իրավական գնահատական չի տրվել այդ խնդրին, շատ տեղին կլինի, որպեսզի այդ անցումային արդարադատությունը հենց կիրառվի այս դեպքում և լյուստրացիայի ենթարկվի այդ ողջ գործընթացը, որ վեր հանվի, թե ինչ պատճառներով և որոշումներով այդ խտրական վերաբերմունքը տեղի ունեցավ հեռուստաընկերության նկատմամբ: Այս դատական գործընթացը պետք է լինի մի ընդհանուր գործընթացի բաղկացուցիչ մաս, որը պետք է վերականգնի «Ա1+»-ի իրավունքներն ու առհասարակ արդարությունը նրա նկատմամբ»:
Մեր հարցին՝ նոր Հայաստանում այդպիսի նախադրյալներ տեսնո՞ւմ եք` հաշվի առնելով, որ ՀՌՀ-ն կարծիք է հայտնել, որ խախտում չի եղել, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «ՀՌՀ-ն, կարծում եմ, չի ուզել խախտել այն վատ ավանդույթները, որ ունի, և այն կողմնակալ մրցույթները, որ անցկացրել է այդ մարմինը, նոր Հայաստանի պայմաններում էլ հաստատվում են: Իրենց պատասխանից դուրս է գալիս, որ եթե հիմա էլ մրցույթ անցկացնեին, իրենք կվարվեին նույն կերպ, ինչպես հին ՀՌՀ-ն հին ժամանակներում: Սա նշանակում է, որ մեծ հաշվով ՀՌՀ-ը չի բարեփոխվել, և հեղափոխությունն այնտեղ չի հասել: Դա չպետք է հիմք հանդիսանա այս խնդիրը անտեսելու համար, և կարծում եմ՝ լրագրողական կազմակերպություններն էլ կսատարեն «Ա1+»-ին, որ նա այս գործընթացում հաջողության հասնի»:
Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ իհարկե, նոր Հայաստանում նախադրյալներ կան, քանի որ և′ վարչապետը, և′ կառավարությունն առհասարակ հռչակում են, որ խոսքի ազատությունն այս իշխանությունների համար գերագույն արժեք է: Եվ ըստ Աշոտ Մելիքյանի, եթե դա այդպես է, ապա խոսքի ազատության ոլորտում մեծագույն անարդարությունը «Ա1+»-ի նկատմամբ, որ նախորդ տասնամյակի ընթացքում տեղի է ունեցել, պետք է հաղթահարվի:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ