Թեեւ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, բայց գյուղատնտեսությունը անկում է ապրում։ Մեր հանրապետությունում գյուղատնտեսական ընդհանուր արտադրանքը, անցած տարվա արդյունքներով, նվազել է 4.2 տոկոսով՝ կազմելով 852 մլրդ 788,9 մլն դրամ։ Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում։
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 888 մլրդ 138 մլն դրամ, ինչը, 2018-ի համեմատ, նվազել է 3.8 տոկոսով։ Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 410 մլրդ 361.5 մլն դրամ, այն 2018 թվականի ցուցանիշից պակաս 17.7 տոկոսով։ Ըստ մասնագետների՝ անցյալ տարին գյուղատնտեսության համար այդքան էլ բարենպաստ չի եղել։ Պատճառներից մեկն էլ այն է եղել, որ կառավարությունը գյուղացիներին պետական աջակցության շրջանակներում չի տրամադրել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն։ Նշենք, որ ընթացիկ տարում եւս գործադիրը չի տրամադրելու վառելանյութ, պարարտանյութ, փոխարենը գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրեր է իրականացնում, որից, ի դեպ, ոչ բոլոր քաղաքացիները կարող են օգտվել, դրանք հիմնականում կյանքի են կոչվում վարկավորման միջոցով, իսկ ինչպես հայտնի է, մեր օրերում ոչ բոլորին են բանկերը վարկ տրամադրում, այն էլ՝ այդքան մեծ չափերի, որով հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում տնտեսություն վարել։
Օրինակ՝ անցյալ տարի հացահատիկի բերքատվությունը պակասել է 6.9 տոկոսով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Արարատի մարզում 22.6 տոկոսով պակասել է հացահատիկի բերքատվությունը, Գեղարքունիքի մարզում՝ 38.8 տոկոսով, Կոտայքում՝ 47.3 տոկոսով։ Նույն պատկերն է նաեւ կարտոֆիլի դեպքում, բերքատվության անկում արձանագրվել է գրեթե բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերից։ Ստացվում է, որ կառավարությունը, մի կողմից, գյուղացուն «զրկում է» էժան գնով վառելանյութից, սերմացուից, պարարտանյութից, մյուս կողմից՝ առաջարկում է վարկ վերցնել (իհարկե, ցածր տոկոսադրույքով) եւ զբաղվել ջերմոցային տնտեսությամբ, ոչխարաբուծությամբ կամ տավարաբուծությամբ։
Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում