Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամտահարկի գծով ավելցուկն իրենց գրպանն են դնում գործատուները. «Հրապարակ»

Փետրվար 20,2020 12:22

Հունվարի 1-ից Հայաստանն անցավ եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի։ Բոլոր աշխատողների համար եկամտահարկ սահմանվեց աշխատավարձի 23 տոկոսը։ Մինչեւ 2023 թվականը կհասնի 20 տոկոսի։ Սակայն այս փոփոխությունը, որը գովազդվում էր որպես սոցիալական կարեւոր քայլ, իրականում էֆեկտ չի ունեցել։ Տարբեր հիմնարկների աշխատողներ այս օրերին բողոքում են, որ իրենց ստացած փողը չի ավելացել։ Եկամտահարկի գծով ավելցուկն իրենց գրպանն են դնում գործատուները։ Նրանք իջեցրել են իրենց աշխատողների «կեղտոտ» աշխատավարձի չափը եւ յուրաքանչյուրի համար ավելի քիչ են վճարում պետությանը։ Չի բացառվում, որ առաջիկայում դատական հայցեր ունենանք։

Հատկապես հիասթափված են բանկերի աշխատողները, որոնց աշխատավարձը 150 հազարից բարձր էր։ Նրանց ամսական եկամուտը 5 տոկոսով կավելանար, եթե գործատուները չվերանայեին աշխատավարձը։ Մեր աղբյուրը, որը մասնավոր ձեռնարկության աշխատող է, պատմում է, որ իր գործատուին հարցրել է, թե ինչու է ինքն այս ամիս նույն գումարը ստացել։ Պատասխանել են՝ ինչ գումար պայմանավորվել ենք, այդ գումարը կշարունակես ստանալ։

Հիշեցնենք,  որ  նախկինում եկամտահարկի դրույքաչափը ցածր էր՝ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ունեցողների համար։ Նրանք վճարում էին աշխատավարձի 23 տոկոսը։ Բարձր էր 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ ստացողների համար՝ 28 տոկոս, իսկ 2 մլն եւ ավելի ստացողներն իրենց աշխատավարձի մեկ երրորդից ավելին թողնում էին պետությանը՝ 36 տոկոս։ Այժմ բոլորը վճարում են 23 տոկոս։

Փաշինյանը, այս փոփոխության նախագիծը ներկայացնելով, հույս ուներ, որ կխրախուսի գործատուին՝ վերացնել ծրարով աշխատավարձ տալու արատավոր պրակտիկան եւ կկրճատի աշխատավարձի ստվերը։ Սակայն աշխատողների միջին խավի հարկումը 5 տոկոսով պակասեցնելով՝ հնարավոր չէր նման էֆեկտ ունենալ։ Ծրարով աշխատավարձի պրակտիկան փոքր ու միջին ձեռնարկություններում շարունակվում է։ Խոշորը, որը կարողանում է 450 հազար եւ բարձր աշխատավարձ տալ, իհարկե, կշահի, սակայն գործատուների այս կատեգորիան ծրարով չի վճարում։ Փաշինյանը նաեւ խոսում էր քաղաքացիների ծանր հարկային բեռը նվազեցնելու մասին, սակայն, ինչպես տեսնում ենք, աշխատավարձի հարկման նոր մեխանիզմի սոցիալական էֆեկտը ձգտում է զրոյի։

Կառավարությունը չի էլ թաքցնում, որ այս քաղաքականությունը ոչ թե աշխատողներին, այլ գործատուին աջակցելուն է ուղղված:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829