Թուրքիայում հետաքննություն կսկսվի այն դատավորների դեմ, որոնք Գեզի այգու գործով մեղադրյալների, այդ թվում՝ հայամետ գործիչ Օսման Քավալայի նկատմամբ արդարացրած վճիռներ են կայացրել:
Հաղորդվում է, Թուրքիայի Դատավորների ու դատախազների խորհուրդը թույլտվություն է տվել հետաքննություն սկսել Գեզի այգու գործով որոշում կայացրած Ստամբուլի 30-րդ ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Գալիփ Մեհմեթ Փերքի, դատարանի անդամներ Ահմեթ Չիֆթիօղլուի ու Թալիփ Էրգենի նկատմամբ:
Նշենք, որ 2013 թ.-ին տեղի ունեցած Գեզի այգու հակակառավարական ցույցերի գործով «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձի» մեջ մեղադրվող 16 անձանցից կալանքի տակ էր գտնվում միայն Օսման Քավալան. բոլոր մեղադրյալներին սպառնում էր ցմահ բանտարկություն:
Փետրվարի 18-ին կայացված որոշումով միակ կալանավորված մեղադրյալ Քավալան ազատ արձակվելուց հետո անմիջապես ձերբակալվել էր: Քավալային այս անգամ նույն մեղադրանքը առաջադրվել է 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գործի շրջանակներում:
Կարդացեք նաև
Նշենք, որ Օսման Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։