Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ ուշադրության ներքո են լինելու ատելության խոսքի հետ կապված հարցերը, առանձին դիտարկման է ենթարկվելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը. ՄԻՊ

Փետրվար 20,2020 11:13

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի գործընթացի անկախ դիտարկում՝ հանրաքվեին մասնակցելու ու քաղաքացիների մյուս իրավունքների երաշխավորման նպատակով:

1.Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին:

Հանրաքվեի գործընթացն իրողություն է և անմիջականորեն կապված է քաղաքացիների իրավունքների հետ: Հետևաբար, առաջանում է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման անհրաժեշտություն՝ այդ իրավունքների երաշխավորման նպատակով:

2.Ըստ այդմ, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման դիտարկումը վերաբերելու է հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքին, հանրաքվեի քվեարկության օրվան և հանրաքվեի հետ կապված հնարավոր իրադարձություններին դրանից հետո:

3.Դիտարկումն ամբողջությամբ իրականացվելու է անկախ, անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները:

4.Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ:

5.Հանրաքվեի կազմակերպման ու անցկացման ողջ ընթացքում և հանրաքվեի քվեարկության օրն աշխատանքային խումբն ամենօրյա ռեժիմով մշտադիտարկելու է իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները:

6.Ապահովվելու է Պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքների, ներառյալ՝ թեժ գծին ստացված ահազանգերի պատշաճ քննարկումը:

7.Հանրաքվեի գործընթացի շրջանակներում նախատեսվում է սերտ հաղորդակցություն պահպանել իրավասու բոլոր մարմինների, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Վերջինիս հետ արդեն տեղի են ունեցել քննարկումներ համատեղ աշխատանքի հիմնական սկզբունքների առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում սերտ համագործակցություն կիրականացնի դիտորդների, քարոզչական կողմերի ու նրանց վստահված անձանց հետ: Ակտիվ համագործակցություն կլինի նաև գործընթացին ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների հետ:

8.Մարդու իրավունքների պաշտպանն առանձին դիտարկման է ենթարկելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը՝ երաշխավորելու համար լրագրողի մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանքն ու նրանց անխոչընդոտ աշխատանքը:

9.Պաշտպանի ու աշխատակազմի հատուկ ուշադրության ներքո են լինելու վիրավորանքի, արժանապատվությունը նվաստացնող ու ատելության խոսքի հետ կապված հարցերը:

Պաշտպանը հատուկ արձանագրում է անում այն մասին, որ այս երևույթները խոսքի ազատության երաշխիքներով չեն պաշտպանվում, ուստի անթույլատրելի են:

10.Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք սահմանափակված են իրենց պաշտոնական կարգավիճակով: Անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս գործընթացում:

Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր պաշտոնյաներից պահանջում է խստորեն պահպանել իրենց կարգավիճակի սահմանները:

11.Հանրաքվեի գործընթացին մասնակցող կամ չմասնակցող բոլոր կողմերին, ինչպես նաև սոցիալական մեդիայի բոլոր օգտատերերին կոչ է արվում զերծ մնալ վիրավորանք կամ ատելություն պարունակող կամ այդպիսիք խրախուսող խոսքից կամ հայտարարություններից, ինչպես նաև նման քննարկումների ներքաշվելուց:

Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարբերվող կարծիքների նկատմամբ ու բոլոր քննարկումները ծավալել համերաշխության մթնոլորտում:

12.Հանրաքվեին մասնակցելու և հանրաքվեի գործընթացի հետ կապված իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829