Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:
«Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին:
Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով վայելում էր համաժողովրդական մեծ սերն ու համբավը:
Մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Երվանդ Մանարյանը Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը:
Կարդացեք նաև
Անվանի արվեստագետի, նրա ստեղծագործական ու քաղաքացիական գործունեության մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում: Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Մանարյանի հարազատներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ