Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումների ժամանակ Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերի հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանի ելույթն «Արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները կրթական համակարգում» թեմայով
«Հարգելի’ գործընկերներ,
Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Սակայն այդ արագ փոփոխությունները նոր իրողություններ, հաճախ նաև նոր մարտահրավերներ են առաջացնում մեզ համար:
Իսկ դա նշանակում է, որ մրցունակ լինելու համար անհատը պետք է նոր գիտելիքներ ձեռք բերի, մշտապես ծանոթանա տեղեկատվական նոր հոսքերի, նաև՝ ցուցաբերի առավելագույն ճկունություն՝ այդ տեղեկատվությունը նորովի ընկալելու, մշակելու և հանրօգուտ գործելուն ու բիզնեսին ծառայեցնելու համար:
Արդյո՞ք դա հեշտ է: Իհարկե ոչ: Սակայն գիտելիքը պետք է զուգակցվի նաև կենսափորձի հետ:
Կարդացեք նաև
Այսպիսով, ժամանակակից կրթական համակարգի արժեքը պայմանավորված է նոր տեղեկատվությունների ընկալման համար պարզ և մատչելի ձևակերպումներով, դրանց արդիականացմամբ: Գիտելիքը պետք է լինի հետաքրքիր և կենսունակ:
Եվ վերջապես, պետք է խթանել գիտելիքների ձևավորման գործընթացը, այսինքն՝ նորամուծությունը:
Այսպես, օրինակ, ինչու՞ մարդկանց ճնշող մեծամասնությունը չի զբաղվում բիզնեսով, չէ՞որ դա իրենց կերջանկացնի լավ եկամուտներ բերելով: Տարբեր պատճառներով: Սակայն բիզնեսով զբաղվելու համար պետք է սիրել այդ գործը և ունենալ ռիսկ: Մարդիկ կան, ովքեր նախընտրում են ստանալ բարձր աշխատավարձ, սակայն երբեք ռիսկի չդիմել բիզնես վարելով:
Այդ առումով կրթությունը նաև ժամանակակից աշխարհում պետք է այնպիսի որակի և խորության գիտելիքներ տա, որպեսզի, ըստ էության, փարատվի ռիսկի դիմելու վախը, մարդուն տա 100% վստահություն տվյալ գործով զբաղվելու համար: Սակայն պարզ է, որ բիզնես դպրոցներում բիզնեսմեններ չեն պատրաստում, այլ՝ բիզնեսի մենեջերներ: Իսկ մենեջերն արդյո՞ք գնում է ռիսկի:
Քննարկվող խնդիրը չափազանց կարևոր է, և մենք պետք է գտնենք ճիշտ ու արդյունավետ լուծումներ։ Այսօր կրթության մակարդակի, որակի և աշխատատեղերի ու աշխատավարձերի միջև կա խզում։ Ինչպե՞ս է հնարավոր լուծել այս խնդիրը։
Հատկապես, որ գործազրկության մակարդակը շարունակ աճում է։ Հաշվի առնենք նաև, որ այժմ ընթանում է չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը, ինչը ենթադրում է աշխատատեղերի քանակի նվազում։ Դրա հետևանքով մենք սոցիալական խնդիր կունենանք: Իսկ որքանո՞վ է հնարավոր լուծել այս խնդիրը։
Իրավիճակն իրականում և՛ պարզ է, և բարդ: Մի կողմից ունենք դպրոցներ, համալսարաններ այն երկրներում, որտեղ կրթական համակարգն ավանդական է: Եվ այդ երկրներում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշը ցածր է 10.000 դոլարից:
Իսկ մյուս կողմից ունենք թվային տնտեսության և հասարակության, արհեստական բանականության արդյունքները: Այս երկուսի միջև կա փոխադարձ արդյունքների զուգակցման անհնարինություն, և արհեստական բանականության ձեռքբերումները պետք է հասանելի լինեն երկու համակարգերում:
Հնարավո՞ր է արդյոք հասնել դրան՝ չունենալով համապատասխան ներդրումներ: Եվ որտեղի՞ց գտնել այդ ներդրումները: Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհը պետություն-մասնավոր համագործակցության մեջ է:
Միքայել Մելքումյանի գրասենյակ