Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Վերածննդի օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր Արցախի Վերածննդի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Օրվա անվանումը լիովին փոխանցում է այն, ինչ տեղի էր ունենում Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում 1988թ. փետրվարի 20-ին: Այդ օրը վերածնվում էր ոչ միայն Արցախը, այլև՝ հայկական երազանքը, անկախ պետականության գաղափարը: Այդ օրն ամրապնդվեց մեր միասնությունը, և հնչեց հզոր մի ազդակ, որ եկել է արդարության վերականգնման, ազատության հաղթանակի ժամանակը:
Կարդացեք նաև
Արցախյան շարժումը, որը կայծակնային արագությամբ տարածվեց Հայաստանում և արձագանքեց ողջ հայության մեջ՝ ուր էլ նրանք լինեին, Արցախի անկախության և բուն իսկ Հայաստանի անկախության նախերգանքն էր: Շուտով այն դարձավ փարոս, դեպի ուր ուղղվեցին Խորհրդային Միության ազատություն ու ժողովրդավարություն տենչող ժողովրդական լայն զանգվածների հայացքները:
Ավելի քան մեկ ամիս հետո տեղի ունենալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների հիմքում հենց արցախյան շարժումն է, 32 տարի առաջ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ազդարարված որոշումը՝ ազատ և անկախ ապրելու որոշումը: Այն երեկ շրջադարձային էր, այսօր՝ այլևս անշրջելի, իսկ վաղը՝ մշտական, հավերժ:
Աշխարհը մշտական ու շարունակական փոփոխության մեջ է, և Արցախն այդ աշխարհի մասն է կազմում: 32 տարի առաջ արցախյան շարժումը յուրովի կարողացավ շարժել անշարժելի թվացյալ անիվը, կարողացավ մտածողություն փոխել, կարողացավ ընդլայնել ազատության ու արդարության սահմանները և այդ ամենի շնորհիվ ձևավորել պետություն՝ հերոսական ժողովրդով:
Արցախը վաստակել է և ունի ազատ և անկախ ապրելու, աշխարհի քարտեզի՝ պատմականորեն իրեն պատկանող հայրենիքը հզորացնելու իրավունքը:
Կեցցե՛ ազատ և հզոր Արցախը: Կեցցե՛ հերոսական հայ ժողովուրդը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ