Փաշինյան-Ալիեւ բանավեճի մասին բանավեճը չի դադարում։ Այդ՝ երկրորդ բանավեճն ունի առաջին հերթին արտաքին քաղաքական դրսեւորում. Հայաստանում եւ Ադրբեջանում պաշտոնական (իշխանական) տեսակետն այն է, որ իրենց երկրի ղեկավարը ջախջախել է հակառակորդին, եւ միջազգային հանրության համար այսուհետ վերջնականապես պարզ դարձավ, թե որքան լավն է, արդար է, ազնիվ է իրենց ազգը, եւ որքան ստոր են իրենց հակառակորդները: Ադրբեջանում այդ բանաձեւից շատ քչերն են շեղվում՝ խիստ ավտորիտար երկիր է, այլակարծությունը չի խրախուսվում:
Հայաստանում, որտեղ ազատության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, վիճում են նաեւ այն մասին՝ արդյո՞ք Փաշինյանը ջախջախեց Ալիեւին, թե՞ հակառակը:
Ճիշտն ասած, ես որոշակի կասկածներ ունեմ, որ այն խնդիրները, որոնք դիվանագիտական գործընթացի, բանակցությունների առարկա են, պետք է քննարկվեն նաեւ հրապարակային բանավեճում: Այդ դեպքում բանակցությունները նույնպես կարելի է ուղիղ եթերով հեռարձակել, որպեսզի ամբողջ աշխարհը եւ մասնավորապես երկու ազգերը որոշեն, թե ով ում ջախջախեց, ով ում ցեխը կոխեց կամ «տռաս հանեց»: Չէ՞ որ ցանկացած բանավեճ շոու է, որը հենց այդ նպատակն է հետապնդում՝ մրցակից կողմերն իրենց հռետորական արվեստի ողջ զինանոցը կիրառելով, ձգտում են ցույց տալ հակառակորդի սխալ լինելը, բացահայտել նրա թույլ եւ տգեղ կողմերը: (Դա, ի դեպ, ճիշտ է նաեւ ֆեյսբուքյան բանավեճերի դեպքում):
Այն ասացվածքը, թե իբր բանավեճերի մեջ ճշմարտությունն է ծնվում, պարզապես հեքիաթ է, որը հնարել են շոուների կազմակերպիչները՝ հանդիսատես գրավելու համար: Ինչ ճշմարտություն կարող է ծնվել Փաշինյանի եւ Ալիեւի վեճից: Մեր եւ ադրբեջանցիների ճշմարտությունները, ցավոք, այնքան տարբեր են, որ, համենայնդեպս, միջազգային հրապարակային հարթակում դրանք համադրելն անհույս գործ է: Դա տեսականորեն հնարավոր է դիվանագիտական շփումների ժամանակ, բայց հանդիսատեսի առաջ «իրար ջախջախելը» դրան բացարձակապես չի նպաստում: Փաստենք նաեւ, որ Հայաստանի վարչապետը գոնե փորձեր էր անում՝ խոսակցությունն ուղղել ինչ-որ կառուցողական հուն: Ադրբեջանի նախագահն այդպիսի փորձեր անգամ չէր անում՝ հասկանալով, որ «ժանրի կանոնները» բոլորովին այլ բան են պահանջում:
Կարդացեք նաև
Բայց պետք է նաեւ արձանագրել, որ մենք ապրում ենք շոումեն-քաղաքական գործիչների ժամանակաշրջանում, որը երբեմն կոչում են «պոստ-մոդեռն» բարեհունչ բառով: Շոումենների շարքում պետք է դիտել հեռուստատեսային աստղեր Դոնալդ Թրամփին եւ Վլադիմիր Զելենսկուն, մի շարք եվրոպական գործիչների, որոնք սիրվել են ժողովրդի կողմից իրենց ճարտար լեզվի եւ հակառակորդներին «տռաս հանելու» վարպետության շնորհիվ: Ի վերջո, Նիկոլ Փաշինյանին նույնպես կարելի է համարել «պոստ-մոդեռնի» ներկայացուցիչ:
Այնպես որ չզարմանաք, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հաջորդ անգամ հեռարձակվի «օն-լայն» ռեժիմով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Չկան վատ աշակերտներ, կան վատ ուսուցիչներ, նմանապես չկան վատ ժողովուրդներ, կան վատ պետական ծառայողներ, այդ պետական ծառայողները պետք է դաստիարակեն, բարձրացնեն ժողովրդի մակարդակը, որ գալիք արդար ընտրությունների ժամանակ ժողովուրդն է՛լ ավելի բարձր մակարդակի պետծառայող նշանակի: Մենք չպետք է անտարբեր նայենք մեզ բարեկամ թե չարեկամ ժողովուրդներին ինչպես են նրանց անմակարդակ դաստիարակում, բնական է, առաջին հերթին մենք ինքներս պետք է ինքնադաստիարակվենք, վերագտնենք մեր լավն ու մերժենք վատը:
Ներկայացման (շոուի) կազմակերպիչները հանրության առջև ցուցադրեցին զվարճալի բնույթի իրադարձություն, որը չի համընկնում իրականության հետ:
Հրաշքի նման մի բան կ՛ըլլար եթէ օրին մէկը գիտնականները կարենային հնարել գիւտ մը որ արտացոլար ՛՛ շոումէններու՛՛ ոչ թէ արտաբեերած նախադասութիւնները այլ մտքին մէջ ունեցած իսկական տեսակէտները ։