Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճախ երեխայի անհանգիստ վարքի ու ագրեսիվության հետեւում թաքնված է լինում ծնողի եւ ուսուցչի անուշադրությունը»

Փետրվար 20,2020 12:30

Հոգեբան Սվետա Պետրոսյանը` դպրոցում հոգեբանի ներկայության կարեւորության մասին

– Ինչպիսի՞  նշանակություն ունի հոգեբանը կրթական հաստատությունում, մասնավորապես՝  դպրոցում:

– Ինչպես գիտենք, վերջին տարիներին ուսումնական հաստատություններում եւ հատկապես դպրոցներում ընդունված է ունենալ հոգեբանի հաստիք։ Այժմ հոգեբանի դերը շատ է արժեւորվում հասարակության կողմից։ Ինչ վերաբերում է դպրոցներում հոգեբանի ներկայության նշանակությանը, թերեւս այն է, որ հոգեբանը փորձում է լուծել եւ կարգավորել մի շարք միջանձնային խնդիրներ՝ երեխա-երեխա, երեխա-ծնող, երեխա-ուսուցիչ, ծնող-ուսուցիչ եւ երբեմն էլ ծնող-երեխա-ուսուցիչ փոխհարաբերությունները։ Բացի սա՝ հոգեբանը ունի նաեւ մի շարք այլ գործառույթներ դպրոցում։

– Որո՞նք են դպրոցում հոգեբանի հիմնական գործառույթները:

– Դպրոցներում հոգեբանի հիմնական գործառույթները կարելի է բաժանել 5 հիմնական խմբի: Առաջին,  որի ժամանակ հոգեբանը ախտորոշում է տվյալ ուսումնական հաստատությունում սովորող աշակերտի անձնային-անհատական առանձնահատկությունները: Հաջորդը, երբ ուսումնական պրոցեսի ընթացքում առաջանում են որոշակի վարքային-հուզական խնդիրներ, հոգեբանը կատարում է անհատական աշխատանքներ, որպեսզի շտկի խնդիրը։

Ծնողների եւ ուսուցիչների խորհրդատվություն: Սա թերեւս ամենադժվար  աշխատանքն է, քանի որ շատ ժամանակ ծնողը կամ ուսուցիչը չեն ցանկանում ընդունել, որ առաջացած խնդրի պատճառը թաքնված է հենց իրենց ներսում: Մյուսը  հոգեբանության մասին տեղեկատվության տրամադրումն է։ Եվ վերջինը` ԱՈՒՊ-ների (անհատական ուսումնական պլան) կազմում։ Ինչպես գիտենք, շատ ուսումնական հաստատություններում սովորում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, եւ նրանց ուսումնական գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ են անհատական պայմաններ եւ մոտեցում։

Այս հիմնական գործառույթներից բացի՝ հոգեբանը նաեւ պետք է պարտադիր ներկայություն ունենա ուսուցիչների, ծնողների հավաքներին, ինչպես նաեւ մասնակցի առաջին դասարանցիների ընդունելության գործընթացին։

– Դպրոցահասակ երեխաների մոտ սովորաբար ինչպիսի՞ հոգեբանական խնդիրներ են առաջանում:

– Խնդիրները բազմազան են, սակայն նշեմ դրանցից ամենահաճախ հանդիպողները: Օրինակ` վարքային յուրաքանչյուր փոփոխություններն են, երբ երեխան դասի ընթացքում անուշադրություն եւ անհետաքրքրություն է ցուցաբերում դասի նկատմամբ, խանգարում ուսումնական պրոցեսը, կամ,  օրինակ,  երեխայի առաջադիմության նվազում, դպրոց գնալու ցանկության կորուստ, բարձր լարվածություն, ագրեսիվություն կամ  ներամփոփություն: Հիմնականում այս խնդիրներն են հաճախ հանդիպում:

– Եղե՞լ է, որ հարկ լինի աշխատել նաեւ ծնող-երեխա-ուսուցիչ կապով, այսինքն՝ խնդիրը չլինի միայն երեխայի կողմից:

– Իհարկե, շատ հաճախ է հանդիպում: Սովորաբար երեխայի անհանգիստ վարքի, ագրեսիվության եւ շատ ու շատ խնդիրների հետեւում թաքնված է լինում ծնողի եւ ուսուցչի անուշադրությունը։ Ցանկացած տարիքի երեխայի համար առաջնահերթ է ծնողի, իսկ հետո նաեւ ուսուցչի սերն ու հոգատարությունը։ Սրանք են այն առաջնահերթ պայմանները, որ անհրաժեշտ են երեխայի ուսումնական գործունեության համար։ Մեր եւ ոչ միայն մեր հասարակության շրջանում շատ լայն տարածված է երեխային այլ երեխաների, իր դասընկերների հետ համեմատելը, ինչը տանում է դեպի բացասական հոգեկան վիճակների ու հույզերի։ Երեխան լավագույն դեպքում կարող է այլեւս չցանկանալ հաճախել դպրոց, իսկ վատագույն դեպքում՝ նրա մոտ ձեւավորվի թերարժեքության կամ անլիարժեքության բարդույթը, ինչը իր խորը հետքն է թողնում երեխայի հետագա կյանքի վրա։ Անհրաժեշտ է հիշել, որ երեխային պետք է համեմատելիս համեմատել միայն ինքն իր հետ՝ ինչպիսին էր նա առաջ եւ ինչպիսին է  հիմա:

Զրուցեց Օֆելյա ՊՈՂՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829