«Մեզ նոր Փաշինյան է պետք»
ԵՊՀ դասախոս Մերուժան Հարությունյանը հայտնի է «Առավոտում» հրապարակած մի շարք հոդվածներով. «Իշխանափոխությունը չի դառնա հեղափոխություն, եթե սահմանադրական կարգը մնա անփոփոխ», «Թավշյա հեղափոխությունը, դեռ չսկսված, կպարտվի, եթե…», «Ինչո՞ւ են պետությունները ձախողվում՝ ըստ Աճեմօղլուի»: Ներկայացնում ենք հերթականը:
Ի՞նչ սահմանադրություն ենք ուզում
ՆԱԽԱԲԱՆ: Եթե դատավորը կամ պետական չինովնիկը չի հասկանում Սահմանադրությունը ու մի Սահմանադրական հատուկ Դատարանի կարիքը կա, որ այս չհասկացածը մեկնաբանի, ուրեմն կամ Սահմանադրությունը բանի պետք չի, կամ դատավորն ու չինովնիկը:
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի Սահմանադրությունը մի քանի էջ է (7 հոդված, 27 լրացում), մերինը՝ մոտ 80 էջ (220 հոդված իրենց բազում ենթակետով) ու մեր Սահմանադրության համարյա ամեն հոդվածն էլ վերջանում է հետեւյալ տիպի բառերով. «Մնացած հարցերը կարգավորվում են հատուկ օրենքով», այսինքն, իրականում էս 80 էջից շատ ավելի շատ է:
Մեզ լրիվ նոր ու ազատ շուկայական հարաբերություն հաստատող պարզ, հստակ ու կարճ Սահմանադրություն է պետք, իսկ Սահմանադրական դատարանը բոլորովին պետք չի, բայց այսպիսի Սահմանադրությունն էլ Փաշինյանի հագովը չի լինի: Սրա համար էլ այն Փաշինյանը, ով 2018-ի ապրիլին գերագույն կրքով հայտարարում էր, թե «ՍՍ-ն Սահմանադրությունը կարել ա իր հագով», նույն թվի դեկտեմբերին (կարծեմ), հենց Սահմանադրության օրը, հայտարարեց. «Սահմանադրությանը ենթարկվելը մեր սրբազան պարտքն է»: Այսօր պարզվում է, որ այդ «սրբազան պարտքին» մի երկու բան է խանգարում:
Պետությունը ի՞նչ է ու ինչի համար է
Պետությունը պետերի այն կազմակերպված խումբն է, ինչը աշխատող ժողովրդից բռնի հարկ ու մաքս է խլում, որ իբր այս ժողովրդին պաշտպանի ներքին ու արտաքին անօրեններից: Համարյա բոլոր պետություններն էլ այս հարկ ու մաքսերի, այսինքն մոնոպոլ թալանի չափերը իրենք են որոշում, ու երբ անհատը հրաժարվում է իր ունեցվածքը պետերին տալուց, պետերն այդ անհատին բանտարկում են, երբեմն, խլելով այդ անհատի ողջ ունեցվածքը: Պետերը ոչ մի բարիք չեն արտադրում: Պետերը իրենց ժողովրդին համոզում են, թե իրենք բոլորից ավելի լավ գիտեն, թե ամեն մի անհատն ինչ ու ոնց անի, ու որ իրենք պիտի աշխատողից հարկ ու մաքսով խլածի մի մասն էլ բաշխեն «թույլերին ու անկարողներին», որ «սոցիալական արդարություն» ըլնի: «Համոզելիս» պետերի խումբը չի խորշում ոչ մի ստից ու զրպարտանքից, ոչ մի դեմագոգիայից: Հանուն այս «համոզելու» – պետությունը պարտադիր է դարձնում դպրոցական կրթությունը, դպրոցական ու բուհական դասագրքերն ու ծրագրերը, որ իրեն հլու -հնազանդ հարկատու, զինվոր ու ոստիկան բուծի: «Թույլերն» էլ ուրախանում են, որ պետությունը իրենց «պահում է», ու բոլորովին չեն ամաչում, որ պահում է ուրիշների հաշվին:
Պետերը իրենց ժողովրդին նաեւ համոզում են, որ եթե իրենք չլինեն, այդ ժողովուրդը իսկույն կկործանվի: Պետերը քիչ-քիչ խլում են անհատների ազատություններն ու իրավունքները, որ անհատներին դարձնեն հլու-հնազանդ, որ իրենց հարկ ու մաքսային թալանը առավել հեշտացնեն: Պետերի խումբը, սրա բյուրոկրատիան, արտոնություններն ու ռոճիկները անսահման աճի տենդենց ունեն:
Ամեն մի մեծ ու փոքր պետ անընդհատ թույլերին օգնելու ու արտադրությունը խթանելու ծրագիր է ներկայացնում (հարկատուի հաշվին), ինչի արդյունքում հարկ ու մաքսային բեռը անընդհատ աճում է, ինֆլյացիան աճում է, մանրածախ գներն էլ թանկանում են: Պետերի անզուսպ խումբ-պետությունը մի իսկական հրեշ է, թե ներքին, թե արտաքին հարցերում: Այսպիսի կարգ են հաստատում աշխարհի բոլոր սահմանադրությունները, թերեւս բացի Շվեյցարիայինը ու Լիխտեյնշտեյնինը:
Հնարավոր չի՞, որ այնպիսի սահմանադրություն կազմվի, ինչը հաստատեր իրոք որ բարոյական հասարակարգ, այնպիսի բարոյակարգ, որ պետությունը չդառնա իր ժողովրդին կեղեքող հրեշ: Հնարավոր է, ու «ավստրիական տնտեսագիտություն» կոչված գիտությունը այդպիսի սահմանադրություն առաջարկում է, բայց այսօրվա պետերի խմբերը (պետությունները), համարյա բոլորն էլ, անվանարկել ու անվանարկում են ավստրիական տնտեսագիտությունը, որովհետեւ սրա առաջարկները մահացու են իրենց համար:
Բարոյակարգ հաստատելու այսպիսի գիտական սահմանադրության առանձին ուրվագծերը ներկայացրել եմ իմ հոդվածներում:
Սահմանադրությունն ի՞նչ է ու ինչի համար է
Սահմանադրությունը, ըստ էության, այն քաղաքացիական պայմանագիրն է, ինչը «կնքում են» տվյալ երկրի բոլոր քաղաքացիները թե իրար հետ, թե իրենց իսկ ընտրած իշխանավորների, պետերի խմբի, այսինքն, պետություն կոչվածի հետ, որ հայտնի լինի, թե այդ երկրում մարդիկ իրար հետ ինչ կարգով, ինչ պայման ու օրենքով պիտի ապրեն, իսկ պետերն էլ ինչ կարգով պիտի ծառայեն ժողովրդին ու ինչ կարգով պիտի հաշվետու լինեն ժողովրդին, ինչ կարգով ազատվեն իրենց ընտրովի պաշտոններից, ու ինչ կարգով պատժելի լինեն, որ չդառնան սեփական ժողովրդին կեղեքող հրեշ: Հնարավոր միակ ամենաբարոյական ազատ ու անկոնֆլիկտ հասարակական կարգը ազատ շուկայական հարաբերությունների կարգն է, կամ կարճ` ազատ շուկան, որովհետեւ սա հիմնված է բարոյականության հիմնական նորմերի վրա (մասնավոր սեփականության անձեռնմխելության, հարաբերությունները հռոմեական իրավունքի թեզերով կազմակերպելու ու օրենքի առաջ բոլորի հավասարության նորմերի վրա): Սրա համար էլ բարոյակարգ հաստատող ամեն մի բարոյական համարվող սահմանադրության հենց առաջին հոդվածը պիտի շարադրի բարոյականության այս հիմնական երեք նորմը ու սրանց մեկնությունը: Սահմանադրության մնացած հոդվածներն էլ պիտի լրացնեն այս նորմերն ու ապահովեն սրանց պարտադիր ու լիակատար ու անխափան գործունեությունը:
Նվազագույն պետությունը
Ուրեմն, Բարոյական Սահմանադրության հիմնական խնդիրը պետերի խմբին զսպելն է, ու չթողնելը, որ այս խումբը դառնա իր ժողովրդին կեղեքող հրեշ: Քանի որ պետերի խումբը միշտ է այլասերվում (նույնիսկ եթե սկզբից այլասերված չի) ու միշտ է դառնում հրեշ, կա այս խմբին զսպելու միայն մի ուղի: Այս ուղին պետերի խմբի թվաքանակը նվազագույնի հասցնելն ու սրանց իրավունքները սրանց ձեռից խլելն ու անհատներին հանձնելն է: Պետերի այս նվազագույն թվով խումբը պիտի միայն ու միայն հետեւի, որ երկրի օրենքները անխափան գործեն, ու բոլորովին չխառնվի անհատի գործունեությանը եւ ոչ մի բնագավառում, չպիտի զբաղվի բիզնեսով ու փոխանակությամբ, որ չխոչընդոտի անհատների ստեղծագործ ազատ գործունեությանը (իր հարկ ու մաքսով ու անհատի գործունեությունը խոչընդոտող ուղղակի վիթխարի քանակով բյուրոկրատական օրենքներով), ու ապրանքների ազատ փոխանակությանը: Կնշանակի, նվազագույն պետության գործադիր իշխանությունը պիտի զրկված լինի օրենքի նախագիծ առաջարկելու իրավունքից, քանի որ գործադիր իշխանության օրենքները, առանց բացառության, անհատի ազատ ձեռներեցությանը խոչընդոտելու ու պետերի բյուրոկրատական խմբի իրավունքները շատացնելու համար են: Օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք պիտի ունենան միայն դատավորները, անհատները ու անհատների խմբերը, բայց ոչ կառավարությունը:
Պետական իշխանության երեք անկախ թեւը
Քաղաքակրթության փորձը ցույց է տվել, որ ազատ շուկայով բարոյակարգ ստեղծելու համար պետական իշխանությունը (պետերի խմբի իշխանությունը) պիտի անպայման բաժանվի իրարից լրիվ անկախ երեք թեւի, Օրենսդիր ժողովի (ՕԺ-ի), Գործադիր Ժողովի (ու սրա Կառավարությանը) ու լրիվ Անկախ Դատարանների, որ պետությունը (պետերի խումբը) չդառնա իրեն ընտրած ժողովրդի անօրեն բռնակալն ու ժողովրդին չճորտացնի:
Այնպիսի պետությունը, ինչի պառլամենտը ունի միայն մեկ պալատ (խորհրդարան, ԱԺ), ինչին տրված են թե օրենսդիր, թե գործադիր ֆունկցիաներ, պարտադիր ավտորիտար է, ու պետության այսպիսի կառուցվածքը հակասում է ազատ շուկայի բարոյակարգին: Այսպիսի «խորհրդարանական կառավարումը» հակադիր է պետական իշխանությունը 3 անկախ թեւի բաժանելու սկզբունքին:
Եվ եթե մեր պետությունը ունենար ժողովրդի ԸՆՏՐՈՎԻ ներկայացուցիչների եւս մեկ անկախ պալատ, եւս մեկ ԳՈՐԾԱԴԻՐ խորհրդարան կամ կառավարական ժողով (գործադիր ժողով, ԳԺ), ինչը ձեւավորեր կառավարության կազմն ու հսկեր սրա գործունեությունը, այդժամ գուցե մեր պետությունը խորհրդարանական կոչելը ճիշտ լիներ: ՕԺ-ի պատգամավորը, ըստ էության, դատավոր է, բայց, ի տարբերություն սովորական դատավորի, ստեղծագործ դատավոր է, գիտնական դատավոր է, ու այսպիսի դատավորը պետք է խմբային ու անհատական շահերից անկախ լինի, որ օրենքն արդար լինի, կույր լինի, այնքան վերացական լինի, որ պաշտպանի բոլոր-բոլորի շահերն ու իրավունքները: Ուրեմն, ֆրակցիաների ու կուսակցականների առկայությունը ՕԺ-ում ու արդարությունը անհամատեղելի են:
Պարտադիր է, որ մեր բոլոր կարգի ընտրությունները լինեն ՈՒՂՂԱԿԻ ու ԳԱՂՏՆԻ, այսինքն, միայն եւ միայն մեծամասնականության սկզբունքով: Օրենսդիր Ժողով անցնելու կուսակցական ցուցակներով ընտրություններն ու Օրենսդիր Ժողով անցնելու շեմը պիտի արգելվեն հենց սահմանադրությամբ:
Առկա վիճակն ու Փաշինյանի ու իր թիմի քաղաքականությունը
ՀՀ-ի այսօրվա հասարակական կառուցվածքը պետերի խմբի ավտորիտար կարգ է: Այսպիսի կարգը սիստեմ է, ու սա ստեղծված է, որ պաշտպանի հենց պետերի խմբի բյուրոկրատական-թալանչիական կարգն ու շահերը: Անհնար է, որ սիստեմը չաշխատի: Հրացանը կրակելուց բացի, ուրիշ ֆուկցիա չունի, որովհետեւ ստեղծված է կրակելու համար: Եթե սիստեմն ստեղծված է անհատ ձեռներեցի խոչընդոտելու համար, որ դրանից հարկ ու կաշառք շորթվի, դա անպայման է աշխատելու, այս անգամ՝ ընդհատակից, ինչքան էլ վարչապետը հոխորտա, թե կաշառք վերցնող տվողին կպատժի (օրինակ, մեր բանակում մեր զինվորների սպանություններն ու «ինքնասպանությունները» վկա):
Փաշինյանը 2018-ի ապրիլ-մայիսին հայտարարում էր, թե վերացնելու է այս ավտորիտար թալանչիական սիստեմը, բայց Փաշինյանը համարյա ոչ մի ֆունդամենտալ «օրենսդրային» քայլ չարեց, որ հենց սիստեմը քանդի ու հիմնի իբր իր իսկ հետապնդած «ժողովրդավարական, ազատ շուկայական» երկիրը: Այսինքն, Փաշինյանը չիրագործեց իր խոստացած հեղափոխությունը:
Անկասկած, Փաշինյանը իր անձնական կամքը գործադրելով, համարյա վերացրեց պաշտոնյաների աշկարա թալանը ու մի քանի մանր-մունր բարեփոխություն արեց (գուցե հենց 100 հատ), բայց ոչ մի ֆունդամենտալ օրենսդրական պայման չստեղծեց, որ հույս լինի, որ այս թալանը նորից չի սկսվի: Ու ծանրագույն հանցագործների մի մասը նորից է ազատ, մի մասն էլ նորից հանգիստ պաշտոնավորում է:
Փաշինյանն ու իր թիմը, իրենց արած մանր-մունր բարեփոխություններին զուգընթաց, չփոխեցին սահմանադրությունը, նկատելի չկրճատեցին պետական բյուրոկրատների ու սրանց վիթխարի իրավասությունների թիվը, չկրճատեցին կառավարական նորանոր օրենքների թիվը (արեցին ու անում են հակառակը, վերջին 20 տարում կառավարության առաջարկով ԱԺ-ն մոտ 30000 նոր օրենք է ընդունել, իսկ ԱԺ-ի նախաձեռնած ու ընդունած օրենքների թիվը մոտ 6000 է), չկրճատեցին բյուրոկրատական հիմնարկների թիվը (արեցին ու անում են հակառակը, IT նախարարությունը ձեզ օրինակ), չկրճատեցին պետերի գլխավոր արտոնություններն ու իմունիտետները, ըստ էության՝ չկրճատեցին հարկ ու մաքսային թալանը, մանավանդ զարտուղի հարկերը, չվերացրին ու չնվազեցրին ինֆլյացիան ու սրա հետեւանքը, գների թանկանալը: Հակառակը, Փաշինյանն ու իր թիմը այս թալանի մի մասը օրինականացրին ու անունը դրին «պարգեւավճար» ու պետական պարտքին կես միլիարդ դոլար ավելացրին: Ժողովրդի վիճակը, ըստ էության, չի փոխվել, ինչքան էլ Փաշինյանը հպարտանա մեր երկրի «տնտեսական աճի» վիթխարի մակրոթվերով: Ժողովրդին հետաքրքրողը ու ժողովրդի կյանքը բարելավողը միայն ու միայն խանութների միկրոթվերն են:
Շարքային քաղաքացու համար մեկ է, թե իրեն ով ու ինչ ձեւով կթալանի, լկտի օլիգա՞րխը, թե՞ պետերի խումբը:
Այժմ Փաշինյանը ուզում է վերացնի սահմանադրության մեկ կետը, ինչը խանգարում է իրեն: Վստահ եմ, որ Փաշինյանն ու իր թիմը երբեք էլ ՀՀ սահմանադրությունը չեն փոխի: Սրա փոխարեն կկարկատեն սահմանադրությունը, բայց կհայտարարեն, որ սահմանադրությունը փոխել են:
Ես ինքս 2018-ի ապրիլ-դեկտեմբերին թունդ փաշինյանական էի, բայց քիչ-քիչ տեսա ու համոզվեցի, որ այսօրվա Փաշինյանը արդեն 2018-ի ապրիլ-մայիսի Փաշինյանը չի: Համենայնդեպս, իմ ուզած Փաշինյանը ուրիշ էր: Հազար ափսոս:
«Առավոտ» օրաթերթ
19.02.2020