Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպասում են, որ գա կացնահարի, նո՞ր քրեական գործ հարուցեն»

Փետրվար 20,2020 13:30

«17 տարի բռնության եմ ենթարկվել, միշտ մտածել եմ՝ իրենից ազատվելը հեշտ չի լինի: 17 տարի չէի կարողանում ազատվել նրանից, վախենում էի, կսպաներ»,-«Առավոտ»-ին պատմում է 42 ամյա Ն.Բ.-ն: Ասում է՝ ամուսինը դաժանաբար ծեծում էր, սկզբում՝ ամիսը մեկ, հետո՝ավելի հաճախակի. «Վերջում արդեն համարյա ամեն օր ծեծում էր: Ձեռքի տակ եղածը նետում վրաս, մի անգամ պատի նկարը կոտրեց գլխիս: Գրեթե ամեն օր կապտուկների մեջ էի: Այնքան է գլխիս հարվածել, որ ցավեր ունեմ, տեղ-տեղ հիշողության կորուստ»:

Բռնության ենթարկված այս կինը փորձել է պաշտապանություն գտնել իրավապահների մոտ. պատմում է՝ կապտուկներով գնացել է ոստիկանական բաժին, ոստիկանն ասել էր՝ օրենքով կարող եմ միայն տուգանք գրել. «Բողոքս հետ վերցրեցի, որովհետեւ ավելի վախեցա, եթե նա իմանար, որ տուգանք պիտի մուծի, ինձ ավելի դաժանաբար կծեծեր»: Բայց սա այն տարիներին էին, երբ դեռ չէր ընդունվել այսպես ասած՝ ընտանեկան բռնության մասին օրենքը:

Ն.Բ.-ի պատմելով՝ ի վերջո, երբ այլեւս ուժ չուներ ծեծին դիմանալու, որոշեց ամուսնալուծվել, դա 2017 թվականն էր: Այդ ընթացքում դիմել էր նաեւ «Կանանց աջակցման կենտրոն», այստեղ նրան մինչ օրս աջակցություն են ցուցաբերում, քանի որ ամուսնալուծվելուց հետո էլ նախկին ամուսինը հանգիստ չի թողնում նրան: Կինը պատմում է՝ նախկին ամուսինը մինչ օրս իրեն հետապնդում է, սպառնալիքներով հաղորդագրություններ ուղարկում. «Թաքնվում է աշխատավայրիս մոտիկ տեղ, հենց դուրս եմ գալիս գործից՝ հետեւիցս գալիս է, քաշքշում, խփում, փողոցում հայհոյում: Մի անգամ խանութի մոտ գլխով այնպես խփեց գլխիս՝ աչքերիս առաջ սեւացան: Չի հաշտվում ամուսնալուծվելու հետ, իբր ուզում է նորից միանանք, բայց դա բացառվում է»:

Մոտ 2 տարի է, ինչ գործում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց  պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Ըստ այս օրենքի, բռնության ենթարկված անձը կարող է դիմել իրավապահներին եւ ստանալ պաշտապանություն՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն, պաշտպանական որոշում:

Օրինակ՝ անհետաձգելի միջամտությունը կիրառվում է, եթե առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ դրա շարունակման վտանգի մասին։ Անհետաձգելի միջամտության ժամկետն առավելագույնը 20 օր է: Այդ ընթացքում հարկադրում են բռնարարին հեռանալ բռնության զոհի բնակության տարածքից, արգելում են նաեւ մոտենալ նրան կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց այնպիսի հեռավորությունից, որը հիմնավոր վախ է հարուցում։ Կա նաեւ պաշտպանական որոշում, որը կայացնում է դատարանը: Այս որոշման համաձայն,  անհրաժեշտության դեպքում բռնարարն իրավունք չունի մոտենալ բռնության զոհին եւ նրա երեխաներին՝ տանը, դպրոցում, աշխատանքի վայրում, խանութում, ծնողների տանը եւ այլուր: Նրան չի թույլատրվում կապ հաստատել այն անձանց հետ, ում անունները նշված են որոշման մեջ: Պաշտպանական որոշմամբ սահմանված գործողությունները տեւում են 6-12 ամիս:

Ն.Բ.-ն ասում է, որ փորձել է օրենքով սահմանված այս երկու որոշումներով պաշտպանվել բռնարարից: Դատարանը Ն.Բ.-ի դիմումի հիման վրա պաշտպանական միջոցի կիրառման որոշում է կայացրել: Թվում էր, թե կինն արդեն պետք է ավելի անվտանգ լիներ. «Բայց դատարանի որոշումը ձեռքիս գնացել եմ ոստիկանություն, ասել եմ՝ ահա որոշումը, օգնեք, նա ինձ վախեցնում է, հետապնդում, իմ կյանքին վտանգ է սպառնում, դուք պարտավոր եք պաշտպանել ինձ: Մի դեպքում ոստիկանը լսում է ու ասում՝ դե որ էլի անհանգստացնի՝ կզանգես: Ու վերջ, ոչ մի աջակցություն: Հայհոյանքներով ու սպառնալիքներով հաղորդագրությունները ցույց եմ տվել ոստիկանին, ոչ մի բան չարեց: Մի անգամ էլ ինձ հետապնդում էր, մոտեցա կին ոստիկանի, պատմեցի ամեն ինչ: Մեզ տարավ կենտրոնի բաժին, ես ու նախկին ամուսինս նստած էինք քննիչի սենյակում: Նրան պատմեցի ամեն ինչ, ու քննիչն ասեց՝ ինչի՞ եք ինձ քաշում ձեր կեղտոտ անկողին: Ոստիկանն ինձ հարցնում էր՝ սիրած ունե՞ս: Այն աստիճանի հասցրեց, որ գրեցի բողոք չունեմ, ու փախա էդտեղից: Ու ամեն անգամ ոստիկանություն դիմելիս որեւէ օգնություն չեմ ստացել, անլուրջ են վերաբերվում, այլեւս չգիտեմ՝ ինչ անել, եթե ոստիկանությունն էլ չի պաշտպանում, դատարանի որոշումը չի կատարում: Թաղային ոստիկանի մոտ դատարանի որոշմամբ գնում եմ, ոստիկանը զանգում է նախկին ամուսնուս, ես վստահ եմ, որ իրենք մտերիմներ են»:

«Կանանց աջակցման կենտրոնի» փաստաբան Նոնա Գալստյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ Ն.Բ.-ի համար 2 անգամ անհետաձգելի միջամտության որոշում է կայացվել, իսկ հետո նաեւ՝ պաշտպանական որոշում, սակայն կնոջ նախկին ամուսինը դատարանի որոշումը հեշտությամբ խախտել է. «Այսինքն, որոշում կա՝ չմոտենալ, չշփվել, բջջային հաղորդագրություններ չգրել, բայց այդ տղամարդը շարունակում է հետապնդել, զանգահարել, սպառնալ: Երբ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում, կարող եմ ասել՝ ոստիկանն իրավիճակը պատկերացնում է, թե՝ արդեն կան սահմանված միջոցներ, մնացածը կպահպանվի, թե՝ ոչ, իմ խնդիրը չէ, ես դրա համար գլխացավանքի մեջ չեմ մտնելու: Վերջին դեպքով՝ Ն.Բ.-ն ունի 5 րոպեից ավելի տեւող ձայնային հաղորդագրություն, որտեղ նախկին ամուսինը սպառնում է ու կոնկրետ նկարագրում թե՝ ինչ է անելու, ոնց է վերացնելու կնոջը: Ասում է՝ դու չես շնչելու, ես քեզ էս կանեմ, էն կանեմ: Վերջին սպառնալիքները փետրվարի 11-12-ին են եղել: Դիմել ենք ոստիկանություն, դատարանի պահանջները խախտելու դեպքում  պատասխանատվություն է սահմանվում՝ տուգանք կամ կալանք՝ մինչեւ 6 ամիս ժամկետով: Մեր դեպքում քրեական պատասխանատվության պետք է ենթարկեն: Առաջին որոշման ժամանակ, երբ դիմեցինք ոստիկանություն, համայնքային ոստիկանն արդեն այնքան է այս խնդիրն ընդունում որպես կենցաղային, որ ասում է՝ հա, լավ, ինչ անենք, քեզ մի հատ գրեց, մի հատ մոտեցավ, ու նյութեր չնախապատրաստեց, մերժեց գործ հարուցել: Իսկ նախկին ամուսինն էլ դատարանի որոշումը խախտում է, վստահ լինելով՝ ոստիկանը համարժեք արձագանք չի տալու»:

Նոնա Գալստյանն ասում է՝ քանի որ նախկին ամուսինը նորից սպառնում եւ հետապնդում էր, որոշեցին մի անգամ էլ դիմել իրավապահներին: Փաստաբանն ասում է՝ կրկին պետք է Շենգավիթի համայնքային ոստիկանին դիմեին, բայց, ինչպես Գալստյանն է նշում, քանի որ այդ ոստիկանը կողմնակալ էր, ստիպված կանչ են տվել 1-02-ին. «Այս պահին ոչինչ դեռ չի արվել, որպեսզի այդ մարդուն պատասխանատվության ենթարկեն: Ոստիկանությունն անգործության է մատնվել, այդ դեպքում ո՞վ երաշխիք կտա, որ  հաջորդ անգամ այդ մարդը ոչ թե կսպառնա, այլ կգա ու կկացնահարի: Երբ ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկում, ամեն անգամ բռնության վտանգի ռիսկն ավելի բարձր է լինում, բռնարարն իր արարքն ավելի սանձարձակ ձեւով է անում: Սպասում են, որ գա կացնահարի, նո՞ր քրեական գործ հարուցեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829