«Եթե Հայկոյի մեղավորությունը լիներ, բնականաբար, Հայկոյին առաջադրված մեղադրանքը կհաստատվեր. մանրամասն քննություն կատարվեց, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ: Հայկոն հայտնի էր, ու որոշ լրատվամիջոցներ փորձեցին նրա անունը շատ հոլովել, որ youtube-ով մի քանի կոպեկ վաստակեն, բայց խաբեբայությամբ, անհիմն լուրեր տարածելով չպետք է զբաղվել»,- Aravot.am-ին ասաց Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր Նորայր Ստեփանյանը՝ անդրադառնալով Հայկոյին առաջադրված մեղադրանքի կարճմանը:
Հիշեցնենք, որ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք էր առաջադրվել 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Մեր զրուցակցի խոսքով՝ տուժող կողմը բողոքարկել էր դատարանի որոշումը. «Մենք չխառնվեցինք, ամեն ինչ իր հունով գնաց ու Հայկոյի արդարությունը ապացուցվեց: Ոչ մի դրամ ֆինանսական փոխհատուցում Հայկոյի կողմից չի եղել, ինչի համար Հայկոն փոխհատուցում տար, եթե մեղավոր չէ»
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ