Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ նոր դատավորների թեկնածուները պետք է հայտնի լինեն մինչեւ հանրաքվեն». Միքայել Նահապետյան

Փետրվար 19,2020 20:45

«Այս հանրաքվեն կարող է էական լինել՝ անկախ ՍԴ ունենալու համատեքստում: Այն կարող է հետաքրքրական լինել, եթե դրա արդյունքում ձեւավորվելու է անկախ ՍԴ: Մեզ համար ակնհայտ է, որ գործող ՍԴ-ն իր կազմով չունի բավարար վստահություն՝ ՀՀ-ում սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար»,-«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ապրիլի հինգին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման հարցով կայանալիք հանրաքվեին՝ ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը:

Նրա բնորոշմամբ՝ սահմանադրական վերահսկողության այն շրջանակը, որը վերապահված է ՍԴ-ին, առնչվում է ՀՀ-ի ամենասուր եւ ցավոտ հարցերին, այդ թվում՝ ընտրական գործընթացին. «ՍԴ-ն ոչ միայն չի վաստակել, այլեւ մսխել է վստահության հնարավորությունը: «Ոչ»-ը չի նպաստի անկախ ՍԴ ունենալուն, իսկ «այո»-ի դեպքում հարցի շուրջ կարծիք հայտնելու հնարավորություն կա քարոզարշավի ընթացքում: Փոխելով ՍԴ գործող կազմը՝ արդյոք համաձա՞յն ենք այն լայն լիազորությունների հետ, որն ունի ՍԴ-ն»:

Նահապետյանի խոսքով՝ հանրաքվեն ուղիղ ժողովրդավարության տեսանկյունից հարցեր լուծելու լավագույն մեխանիզմն է. «Եթե նպատակն է լավ ՍԴ ունենալը, իմաստ չի լինի չմասնակցելը»:

Ըստ Նահապետյանի՝ իշխանությունը մեծ քայլ կանի, եթե նախապես հրապարակի այն մարդկանց ցանկը, որոնք երկու ամիս անց առաջադրվելու են ՍԴ նախագահի պաշտոնում. «Կա՞ պատկերացում, թե ովքեր են լինելու ՍԴ նոր դատավորների թեկնածուներ: Եթե անուններ կան, դրանք պետք է հրապարակվեն: Դատավորի կերպարը նախ հանրային ստուգման պետք է ենթարկվի: Մինչեւ հանրաքվեն անունների հրապարակումը ցույց կտա, որ նոր ՍԴ-ն չի համապատասխանելու քաղաքական թիմի ցանկությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829