Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկմանը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին ու Մյունխենում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպմանը՝ նշեց. «Բնականաբար այս հանդիպումից հետո մեր մոտեցումներն ավելի կոշտացան, ավելի ամրապնդվեցին այն խնդրի վրա, որ որևէ լուծում ակնկալել կամ սպասել խաղաղ բանակցություններով Ադրբեջանի կողմից հնարավոր չի, ինչի մասին մեկ անգամ չեմ ասել՝ իրենք ունեն քաղաքական որոշում, որ ռազմական ձևով են այս խնդրին միայն մոտենալու»։
Հարցին, թե մեզ համար հիմնական խնդիրը ստատուս քվոյի պահպանո՞ւմն է, թե՞ որևէ այլ լուծում ենք տեսնում, Թևան Պողոսյանը պատասխանեց.
«Ես միայն հայկական լուծում եմ տեսնում։ Ես վստահ եմ, որ կարողա 100 տարի, 200 տարի, բայց կգա այն պահը, միգուցե և ավելի շուտ, երբ և Հայաստանի Հանրապետությունը, և Արցախի Հանրապետությունը, ժամանակն այնպես ճիշտ կօգտագործեն, որ այլևս աշխարհը նայելու է և ասելու է, որ իրենք էլ են տեսնում հայկական լուծումը, ճանաչում են Արցախի Հանրապետությունը և դրանից հետո Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կորոշեն՝ հաջորդ վայրկյանին, թե միգուցե մեկ րոպե հետո, թե միգուցե 24 ժամվա ընթացքում կկազմակերպեն համապատասխան ինստիտուտների միասնական նիստը և կհռչակեն միացում և մեկ Հայաստանի Հանրապետություն»:
Պարոն Պողոսյանն ամփոփեց. «Ես տեսնում եմ հայկական լուծում, այլ լուծում ես չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
Սոնա ՔԱԲԱԲՅԱՆ