Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքան էլ սիրված ու ընդունված լինի հասարակության կողմից, դա չի նշանակում՝ ինչ ուզի, պիտի անի։
«Այդ նույն ժողովրդի անվան տակ եկեք բոլորին կախաղան բարձրացնենք, լավ կլինի պարոն Փաշինյանն ու համախոհները վերջ տան ժողովրդի անունից խոսելուն։ Այն, ինչ այս պահին տեղի է ունենում սահմանադրական դատարանի շուրջ, դա բացահայտ բեզպրեդել է։ Եվ դա ընդունում են նույն իշխանությունները՝ ի դեմս պատգամավոր Հայկ Գևորգյանի։ Եթե պարոն Փաշինյանի ամենամոտ պատգամավորներից մեկը բացահայտում է խաղաքարտերը․ լրագրողի հարցին՝ ինչո՞ւ են Տիգրան Մուկուչյանը և Արթուր Դավթյանը, որոնք նախորդ իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներ են, շարունակում համագործակցել և մնալ իշխանության վերնախավում և խնդիրը միայն պարոն Թովմասյանի հետ է, պատգամավորը պատասխանում է՝ այն երկուսը ընդունել են խաղի կանոնները։ Հետաքրքիր է՝ ինչ կանոնների մասին է խոսքը, եթե պարոն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է , որ նախորդ իշխանությունները մասսայաբար կեղծիքների են դիմել, ապա այդ կեղծիքները շղթայական բնույթ են կրել։
Այդ կեղծիքներն իրականացնողը, ըստ պարոն Փաշինյանի, սա իմ մտքերը չեն, պարոնի Փաշինյանին են, եղել են Տիգրան Մուկուչյանը, թաքցնողը եղել է պարոն Արթուր Դավթյանը՝ գլխավոր դատախազը, իսկ դրանց վավերացնողը եղել է Հրայր Թովմասյանը։ Հիմա իմ մոտ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այն երկուսը ընդունվում պարոն Փաշինյանի կողմից, իսկ պարոն Թովմասյանը՝ ոչ։
Ինձ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հետաքրքիր է հենց սա, ինձ նաև հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարելի է մեկ մարդուց ձերբազատվելու համար 7 միլիոն ամերիկյան դոլար գումար ծախսել, երբ որ մենք տեսնում ենք՝ սեպտեմբերի վերջին պետք է ավարտվի Սահմանադրության նոր տարբերակի քննարկման հարցը։ Այսինքն՝ բարեփոխվում է չէ՞ Սահմանադրությունը, ի՞նչ ենք մենք ստանում, ստանում ենք այն, որ հիմա սահմանադրական փոփոխություն է կատարվում, սահմանադրական դատարանի վերաբերյալ հանրաքվե է կազմակերպվում, ընդամենը մեկ տարի հետո նորից հանրաքվե է կազմակերպվելո՞ւ։
Կարդացեք նաև
Ի՞նչն է պատճառը, և ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն Փաշինյանը բարեփոխումների առումով, որ սահմանադրական դատարանը ըմբոստացել է և հիմա պարոն Փաշինյանն ամեն գնով ուզում է ձերբազատվել այդ դատարանից, ոչ միայն Հրայր Թովմասյանից, այլ նաև մյուս վեց դատավորներից, որոնք իր յուրայինները չեն։
Փաստորեն խնդիրը հենց սա է, այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պիտի փոփոխվի, այդ հարցը ոչ ոք չի քննարկում, այո՛, պիտի փոփոխվի, բայց խնդիրը հետևյալն է՝ ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ այս արագ տեմպերով, եթե պարզ է, որ սեպտեմբերի վերջին պետք է նոր Սահմանադրության տարբերակը համապատասխան հանձնաժողովը ներկայացնի։ Ընթացակարգերը խախտելով՝ առաջ ենք գնում։
Ես իրավաբան չեմ, բայց հասարակությունը տեսնում է, թե Հայաստանի իրավաբաններն ու իրավապաշտպանները ինչպիսի կոպիտ խախտումներ են բացահայտում այս ամբողջ ընթացքում»։
Գագիկ Համբարյանը կարծում է, որ «Այո»-ի շտաբներ՝ որպես այդպիսին, չեն էլ լինի մարզերում, պարտականությունը կդրվի մարզպետների ու «իմքայլական» պատգամավորների վրա։
«Կարծում եմ գլխավոր մեխը պարոն Փաշինյանն է, որը, համոզված եմ, էքստազի մեջ հայտնվելով՝ միտինգներ կանի․ փողոցային ամբոխավարությունը, միտինգներ անելը իր աշխարհն է։ Դուք նկատո՞ւմ եք, որ պարոն Փաշինյանը մեկ-մեկ մոռանում է , որ ինքը վարչապետ է և սկսում է գոռգոռալ, ընդդիմադիր դիրքերից խոսել, բոլորին պատեպատ տալ, ծեփել պատերին՝ մոռանալով, որ այդ ամենի հեղինակը ինքն է, կարող է առանց գոռգոռալու ու ծեփելու առաջ տանել։
Հիմա ինքն իր աշխարհի մեջ է հայտնվել, իր էքստազի մեջ է հայտնվել, կընկնի մարզերով մեկ ու սկսի քարոզարշավը։ Համոզված եմ, որ այս օրերին նա բոլոր մարզկենտրոններում կլինի, կփորձի ոտքով պտտվել գյուղերով, քաղաքներով, կընկնի տուն առ տուն՝ խնդրելով, որ գնան, այո ասեն, որովհետև ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ստում է, թե սահմանադրական դատարանի այս կազմի վերացումը հեղափոխության հաղթանակ կապահովի, տնտեսական աճ կապահովի, ասֆալտապատում կապահովի։ Տեսե՞լ եք ճանապարհների լուսանկարը, որ պարոն Փաշինյանը հրապարկել է իր էջում։
Հասարակության 80 տոկոսը չգիտի սահմանադրական դատարանի ֆունկցիաները, ու միայն սովորական մարդիկ չէ, որ չգիտեն, նույնիսկ պատգամավորներ կան, որոնք չգիտեն։ Կարող են ասել, որ դա առաջին ատյանից, վերաքննիչ դատարանից ու վճռաբեկ դատարանից վեր դատարան է, լսել եմ այդպիսի կարծիքներ, պետք չէ զարմանալ։ Այո՛, այդպիսի պատգամավորներ ունենք և իշխանական պատգամավորներ են, իրենք գիտեն, թե Վճռաբեկ դատարանից վերև սահմանադրական դատարանն է, իրենք չեն պատկերացում սահմանադրական դատարանի ֆունկցիաները», -ասում է Գագիկ Համբարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ