Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Ասատրյան. «Մասնավոր տրանսֆերտների արտահոսքն ավելի մեծ է եղել, քան ներհոսքը»

Փետրվար 19,2020 19:30

2019-ին արդյունաբերությունն աճել է առաջընթացիկ տեմպերով, բայց դա ի հաշիվ հանքարդյունաբերության է եղել, ինչն այնքան էլ լավ չէ: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ներկայացնելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներն ասաց՝ արդյունաբերությունում հենց հանքարդյունաբերությունը մոտ 24% աճ է գրանցել, մինչդեռ մշակվող արդյունաբերությունը՝ 7.6%, այսինքն՝ ավելի ցածր, քան տնտեսական աճի տեմպերը. «Հանքարդյունաբերությունն այն է, թե ընդամենը որքան են ընդերքից հանել, մի երկու կոպեկ ավել գնացել է բյուջե»:

Շինարարության աճը, ըստ Ասատրյանի, թեեւ, դրական է եղել, բայց դրականը դեռ բավարար չէ. «Եթե խոսում ենք դինամիկ զարգացման մասին՝ իմ կարծիքով շինարարության աճի տեմպերը պետք է ավելի բարձր լինեն, քան տնտեսական աճը: Ունենք 4.6% շինարարության աճ, 7.8 % տնտեսական աճի պարագայում: Բացի այս, արդեն որերորդ տարին է՝ էներգետիկ ոլորտում անկում ունենք, այնպես չէ որ խնայողության հաշվին է»:

Տնտեսագետը ներկայացրեց նաեւ 2019-ի գնաճի ցուցանիշն ասաց՝ իհարկե, բարձր գնաճը չարիք է, բայց ցածր գնաճն էլ է չարիք, գոնե բարիք չէ. «Իշխանությունները պետք է մտածեն ծրագրայինին մոտ ցուցանիշ ունենան»:

Ըստ տնտեսագետի, 2019 թվականի բյուջեի եկամուտների ծրագրավորվածից ավելի բարձր աճ ունենալու պարագայում ծախսերի ծրագիրը բավարար մակարդակով չի կատարվել: Ընդ որում, ծախսերի ծրագիրը կատարվել է վերջին ամսին, 11 ամիսների ընթացքում, ինչպես ասաց Ասատրյանը, ՀՀ բյուջեն պրոֆիցիտով եղել, սա նշանակում է եկամուտները գերազանցել են ծախսերը: Այս հանգամանքը Ասատրյանը դրական չի գնահատում.«Սա զավեշտ է, հեգնանք՝ տնտեսական իրողությունների նկատմամբ: Այն գործիչները, որ ծրագրավորում էին…բոլորս էլ գիտենք, որ սա ի հաշիվ կապիտալ ծախսերի էր եւ եթե տարվա ընթացքում անեին՝ հավելյալ արդյունք կբերեր, վերջին ամսին գցելը նշանակում է տնտեսական աճի կորուստ»:

Ինչպես անցած տարիներին, 2019-ին էլ արտահանման ծավալների աճի տեմպն ավելի ցածր է եղել, քան ներմուծմանը.«Աշխարհագրության տեսակետից նվազում են ԵՄ-ի հետ առեւտրի ցուցանիշները՝ ի հաշիվ ԵԱՏՄ-ի: Հասկանալի է, որ ԵԱՏՄ-ն հավելյալ հնարավորություն է արտաքին առեւտրի համար, բայց սա մեզ պետք է անհանգստացնի»:

Ասատրյանը ՀՀ-ն ԵԱՏՄ-ի շուկային կապող ցամաքային ճանապարհին անդրադառնալով, ասաց՝ անհանգստացնող է Հայաստանը Ռուսաստանին կապող Լարսի ճանապարհը.«Անցած շաբաթ եմ եղել Վրաստանում, տեսել եմ այն ճանապարհը, ես տեսել եմ հարյուրավոր հայկական ավտոմեքենաները կանգնած: Դա դժոխքի ճանապարհ է: Դա այն ճանապարհը չէ, որը կարող է ապահովել տնտեսական քիչ թե շատ խելամիտ զարգացում»:

Ներկայացնելով դրամական փոխանցումների ցուցանիշն, Ասատրյանն ասաց՝ 2019-ին մասնավոր տրանսֆերտների ներհոսքի զգալի աճ է եղել, մոտ 10%-ով, բայց արտահոսքն ավելի մեծ է եղել: Ըստ տնտեսագետի, մեծ թվով ավտոմեքենաների ներմուծման ֆինանսավորման աղբյուրներից մեկը եղել է հենց այդ հոսքը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829