Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Սասնա ծռերի» գործով այսօր ուշագրավ զարգացում տեղի ունեցավ: ՊՊԾ գնդի գրավման գործից անջատված մասով մեղադրյալ Էգդար Սողոմոնյանը, որին զինված խմբի անդամները համարում են իրենց դեմ ցուցմունք տված դասալիք, կրկնակի հարցաքննվեց եւ հայտնեց, որ նախաքննական ցուցմունքից հրաժարվում է, եւ որ խմբի անդամներից Արմեն Բիլյանին ինքն իրականում զենքով չի տեսել. այս ընթացքում տանջվել է այդ մտքից եւ որոշել է ճշմարտությունն ասել:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում:
Մեղադրյալների պաշտպանների հարցերին ի պատասխան Էդգար Սողոմոնյանն այդպես էլ չհստակեցրեց՝ քննիչի մոտ նախաքննության ժամանակ հարցաքննվելիս ցուցմունքի բովանդակության մասին քննարկում եղե՞լ է, թե ոչ, սակայն ասաց, որ իր հանդեպ ճնշում է եղել: Դատավոր Մեսրոպ Մակյանը Սողոմոնյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ մեղադրող-դատախազները ներկա են, եւ եթե ինքը փաստեր ներկայացնի իր հանդեպ բռնության, վարույթ կնախաձեռնվի, ապա հարցրեց.
-Ֆիզիկական բռնություն եղե՞լ է:
Կարդացեք նաև
Սողոմոնյան-Այո:
-Ո՞ր օրը, որտե՞ղ:
Սողոմոնյան-Որ առաջին օրը տարել են, այդ օրն է եղել, հանձնվելու օրը: Տեղը չեմ հիշի, բայց որ եղել է…հանձնվելու ժամանակ որ տարան, այդտեղ, չգիտեմ, թե ուր տարան: Ձեռին, խոսքի…:
-Հոգեբանական ճնշում գործադրե՞լ են:
Սողոմոնյան-Այո:
-Ձեր ցուցմունքները այդ ճնշումների՞ ազդեցության ներքո եք գրել:
Սողոմոնյան -Այո
-Բոլո՞րը, թե միայն առաջինը:
Սողոմոնյան-Բոլորը:
Էդգար Սողոմոնյանը հարցերին ի պատասխան այդպես էլ չհստակեցրեց, թե ճնշումներն ինչ կերպ են դրսեւորվել, ասաց, ներքուստ ճնշված է զգացել, իսկ երբ դատավարության կողմերը հարցրին՝ «բա նոր ասում էիք ճնշել են, ծեծել են, ի վերջո՝ ի՞նչ է եղել», Էդգար Սողոմոնյանն արձագանքեց, որ այդ հարցին հրաժարվում է պատասխանել:
Ապա «Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Էդգար Սողոմոնյանին վտանգ է սպառնում: Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ նրա անվտանգության ապահովման համար: Նա նախկինում գտնվել է ճնշման տակ եւ տվել մեղադրանքի կողմին ձեռնտու ցուցմունքներ»:
Դատարանը, սակայն, անվտանգության միջոցառումներ չձեռնարկեց, քանի որ Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց այդ առթիվ գրավոր դիմում գրել, ինչպես օրենքն է պահանջում: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ եթե այս ընթացքում Էդգար Սողոմոնյանն, այնուամենայնիվ, գտնի, որ պետք է իր անվտանգությունն ապահովվի, կարող է դիմում հղել դատարանին:
Քանի որ Սողոմոնյանը հրաժարվեց հանրային պաշտպանից, նրա հարցաքննությունը կշարունակվի առաջիկա նիստերից մեկում, երբ նա վճարովի հիմունքներով պաշտպան կհրավիրի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ