Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի նախաձեռնությամբ եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ փետրվարի 27-ից 29-ը Երևանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն:
Միջոցառմանը կմասնակցեն պարարվեստի շուրջ 600 ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լեհաստանից, Վրաստանից, Ռումինիայից , Իտալիայից, Հայաստանից ու Արցախից: Կլինեն նաեւ արտերկրից միջազգային կարգի 11 մրցավարներ:
Միջոցառման շրջանակներում վարպետության դասընթացները կվարեն պարահանդեսային պարերի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոններ, լատինաամերիկյան շոու կարգում պրոֆեսիոնալ պարողներ Արսեն Աղամալյանը եւ Օքսանա Վասիլևան՝ Ռուսաստանից, Յակուբ Ռիբիցկին եւ Վիկտորիա Ռիբիցկան՝ Լեհաստանից:
Արսեն Աղամալյան/ Օքսանա Վասիլևա զույգը վարպետության դասեր է տալիս ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ աշխատում է այնպիսի լեգենդար բալետային խմբերի հետ, ինչպիսիք են Մորիս Բեժարի ստուդիան՝ Լոզանում (Շվեյցարիա) եւ Բորիս Էյֆման՝բալետում: Նրանք ներկայացումներ են բեմադրում հեռուստաեթերների համար, եւ ամենահայտնի նախագծերը, որոնց վրա աշխատել է զույգը՝ «ТНТ-Танцы» եւ «Танцы со звездами» նախագծերն են:
Առաջնության կազմակերպիչները անակնկալ են մատուցելու հայ հանդիսատեսին. առաջին անգամ ցուցադրական շոու ծրագրով ներկայանա Արսեն Աղամալյան/Օքսանա Վասիլևա զույգը:
Յակուբ Ռիբիցկին եւ Վիկտորիա Ռիբիցկան պրոֆեսիոնալ պարող եւ մարզիչ են, միջազգային կարգի մրցավարներ:
Երևան քաղաքի միջազգային բաց առաջնության ընթացքում մասնակիցները կներկայացնեն տարբեր ոճի պարաձևեր: Մրցանակային տեղեր զբաղեցնողները կպարգևատրվեն պատվոգրերով, մեդալներով ու գավաթներով: Իսկ մեծահասակների կարգում եզրափակիչ մտած զույգերի համար սահմանված է մրցանակային ֆոդ Ամերիկահայ բարերար Էլվիս Մադասյանի կողմից։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ