Մեր տեղեկություններով ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որոնք աշխատում են քրեակատարողական հիմնարկներում, նախազգուշական գործադուլ են հայտարարել։ Ըստ մեր աղբյուրի, վերջիններս դժգոհում են աշխատավարձի ցածր լինելուց ու աշխատանքային պայմաններից։ Նշենք, որ ՊՈԱԿ-ը ստեղծվել է անցած տարվա հուլիսից՝ նպատակ ունենալով կալանավայրերում բարելավել բուժսպասարկումը։ Փորձագետների կարծիքով, ՔԿՀ-ների բժիշկները պիտի կախում չունենային ՔԿՀ-ի պետից, որպեսզի նորմալ սպասարկեին անազատության մեջ գտնվողներին։
«Հա ի՞նչ ստացվեց, հլա առաջ պետին դիմում էինք գրում, որ մի բան էն չի, հիմա ասում են՝ մենք կապ չունենք, ՊՈԱԿ-ի պետին գրեք։ Իսկ էդ պետին գրած դիմումները կամ եղած կամ չեղած»,- նշեց դատապարտյալներից մեկը։ Նրա խոսքով, տարբերություն կա՝ դեղերի տեսականին շատացել է, բայց «մասնագետ չկա»: «Բուժքույր են, դեղ են տալիս, եթե ունենում են, ճնշում ջերմություն են չափում, բայց էլի բժշկի երես չենք տենում»,- նշեց մեր աղբյուրը։ Փաստորեն ստացվում է այնպես, որ ՊՈԱԿ-ից դժգոհ են եւ դատապարտյալները եւ հենց աշխատակիցները։
Պարզաբանումների համար դիմեցինք Արդարադատության նախարարություն:
«Արմավիր» ՔԿՀ-ում բուժանձնակազմը կատարում է իր պարտականությունները եւ բուժօգնություն ցուցաբերում կալանավորված անձանց ու դատապարտյալներին»,-մեր հարցին ի պատասխան նշեցին նախարարությունից:
Կարդացեք նաև
Նույն աղբյուրը, անդրադառնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախօրեին տեղի ունեցած միջադեպին, տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Հ.Բ-ն, առանց համապատասխան բժշկական ցուցման, պահանջել է իրեն տրամադրել իր հարազատների կողմից բերված մի քանի տուփ դեղամիջոցները: Բժշկական անձնակազմը մի քանի անգամ վերջինիս բացատրել է, որ իր պահանջած քանակով դեղորայք ընդունելը հակացուցված է եւ կարող է վնասակար հետեւանքներ ունենալ վերջինիս առողջության վրա: Հ.Բ-ն, չստանալով պահանջված դեղորայքը, դիմել է ինքնավնասման, սպառնալով, որ այս քայլով ինքը կստիպի բժիշկներին տալ իր ուզած չափաբաժնով դեղորայքը:
Վերջինիս հետ տարված բացատրական աշխատանքներից հետո Հ.Բ-ին տրամադրվել է թերապեւտիկ չափաբաժնով համապատասխան դեղորայքը: Ինքնավնասման վերքը մշակվել է, ներկայում Հ.Բ-ի առողջական վիճակը բավարար է, գտնվում է բուժանձնակազմի հսկողության ներքո:
«Արմավիր» ՔԿ հիմնարկում իրավիճակը կայուն է, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանման անձնակազմը կատարում է իր պարտականությունները՝ բուժօգնություն ցուցաբերելով կալանավորված անձանց եւ դատապարտյալներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ