2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի (Պավլիկ Մանուկյան, Վարուժան Ավետիսյան եւ մյուսներ) գործով հերթական դատական նիստում այսօր որպես վկա պետք է լրացուցիչ հարցաքննվի այս գործից անջատված մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը (լուսանկարում): Նման միջնորդություն էին ներկայացրել մեղադրյալների պաշտպանական կողմից, քանի որ նա պատրաստակամություն է հայտնել ցուցմունք տալու եւ կատարվածի մասին հանգամանքներ ներկայացնելու: Հիշեցնենք, որ առաջին անգամ դատակոչվելիս Սողոմոնյանը հրաժարվել էր ցուցմունք տալուց:
Սողոմոնյանն այսօր հայտարարեց՝ ուզում է ցուցմունք տալ, բայց առանց պաշտպանի ներկայության չի խոսի: Հիշեցնենք, որ Էդգար Սողոմոնյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ է եղել: Ինչպես ժամանակին հայտարարել է զինված խմբին օժանդակելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանը՝ Վարդան Գրիգորյանին, Էդգար Սողոմոնյանին եւ Գեւորգ Մելքոնյանին «Սասնա ծռերը» համարում են դասալիքներ, որոնք գնդի գրավումից որոշ ժամանակ անց լքել են գնդի տարածքը, ապա՝ ցուցմունքներ տվել իրենց դեմ, ինչի շնորհիվ նրանց գործը դեռ դատարան չի էլ մտել:
Մեղադրյալներից Սմբատ Բարսեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը Էդգար Սողոմոնյանի մասին ասաց. «Հայտնվել է եւ ուզում է ցուցմունք տալ: Կասկած ունենք, որ նրա վրա (չեմ ուզում գործընկերներիս մեղադրել), ինչ-որ ազդեցություններ են գործադրվել, որոնք ի վնաս մեզ են գործադրվելու: Մտավախություն կա, որ մինչեւ հաջորդ դատական նիստը Սողոմոնյանի վրա հնարավոր ճնշումները կհանգեցնեն այնպիսի ցուցմունքների, որոնք կվատթարացնեն պաշտպանական կողմի դրությունը: Եթե Սողոմոնյանն ասի, որ ի տարբերություն իր նախաքննական ցուցմունքի, տեսել է, թե ինչպես է Արմեն Բիլյանը դիմահար կրակոցներով սպանել. դա կնշանակի, որ Սողոմոնյանի վրա ազդել են: Չգիտենք՝ ո՞վ է նրա հետ կապնվել, ճիպոտով-փայտով որեւէ տեղին տվել, որ ուզում է ցուցմունք տալ»:
Դատավոր Մեսրոպ Մակյանն արձագանքեց, որ առանց պաշտպանի Սողոմոնյանի ցուցմունքը հնարավոր չէ, նիստը պետք է հետաձգել, իսկ Եգորյանի մտահոգությունը հասկանալի չէ. «Չգիտեմ, թե Սողոմոնյանի մոտ երբ է ցանկություն առաջացել ցուցմունք տալու, բայց ենթադրվում է, որ ուզում է ասել այն, ինչ նախկինում չի ասել»: Մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ Էդգար Սողոմոնյանի հանդեպ ճնշում եղել է: Մյուս մեղադրյալ Արեգ Կյուրեղյանն էլ նշեց. «Այն պահից, երբ Սողոմոնյանն ասաց, որ դատարանում ուզում է ցուցմունք տալ, ունենք տեղեկություն, որ ոստիկանությունը մինչեւ այդ Սողոմոնյանին ուզում էր քշել դատարանի տարածքից: Նրա հանդեպ ճնշումներ եղան»: Մեկ այլ մեղադրյալ Գագիկ Եղիազարյանն էլ նկատեց. «Ընդմիջման ժամանակ մենք նկատել ենք, որ Սողոմոնյանն անընդհատ զանգեր էր անում: Եթե հետաձգեք, որեւէ կողմից ճնշումները կշարունակվեն»:
Կարդացեք նաև
Ապա դատարանն արձանագրեց, որ Սողոմոնյանի նախորդ պաշտպանը եղել է Լյուդվիգ Ավետիսյանը, ով ընդմիջման ընթացքում ներկայացավ դատարան, հարցաքննությունը սկսվեց: Էդգար Սողոմոնյանը դատարանին հայտնեց, որ ասելիքն Արմեն Բիլյանի կրակոցների հետ է կապված: Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար, իրեն մեղավոր չի ճանաչում: «Այն ժամանակ հրաժարվել եմ հարցերին պատասխանել, բայց իմ մեջ բան է տանջել: Այն ժամանակ լարվածություններ կային, իրականում Արմեն Բիլյանին չեմ տեսել, արդարության ձեւով եմ եկել… իմ մարդ տեսակի համար, որ ամեն ինչ ճիշտ լինի: Խոստովանում եմ, որ այն ժամանակ ճնշումներ եմ զգացել, վախի զգացում, տենց էլ գրել եմ: Իրականում ես Արմեն Բիլյանին չեմ տեսել կրակելուց: Հրաժարվում եմ այդ ցուցմունքից: Բոլորի մոտ ասում եմ, որ նրան կրակելուց չեմ տեսել»,-հայտարարեց Էդգար Սողոմոնյանը:
Մեղադրյալներից Պավլիկ Մանուկյանը հարցրեց՝ «ՊՊԾ մտնելիս Բիլյանի ձեռքին զենք տեսե՞լ ես»: Սողոմոնյանը բացասական պատասխան տվեց. «Նրան զենքով չեմ տեսել: Նա արդար է, ոչ մի բան չկա, ուղղակի վախ է եղել իմ մեջ, ամեն օր տանջվել եմ»: Ապա Սողոմոնյանին դիմեց Արմեն Բիլյանը. «Ողջունում եմ, որ համարձակություն գտար ճշմարտությունն արտահայտելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ