«Հայաստանում, հատկապես հյուսիսային շրջաններում, ռաֆթինգը զարգացնելու հիանալի պայմաններ կան եւ ուրախալի է, որ այդ գործով հաջողությամբ զբաղվում է Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, իտալացի Դանիլո Բարմազը, որը կարճատեւ ճանաչողական այցով ժամանել է Հայաստան:
Բարմազը տպավորված է Դեբեդ գետով: Նա հանդիպել է ՀԱՕԿ-ի ներկայացուցիչների, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, Լոռու մարզի ՏԻՄ ղեկավարներին, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի ռեկտորատի հետ: Բոլոր տեղերում էլ արտահայտվել է այն գաղափարի անհրաժեշտությունը, որ ռաֆթինգը կարեւոր է զարգացնել ոչ միայն որպես էքստրեմալ մարզաձեւ, այլեւ որպես տուրիզմի տարատեսակ, որը այստեղ մեծ ապագա եւ հեռանկար կարող է ունենալ: Դանիլո Բարմազը անչափ կարեւորեց, որ Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայում մեծ ուշադրություն է դարձվում հաշմանդամություն ունեցող անձանց այս ոլորտում ներգրավելու ուղղությամբ, որ այստեղ կան կանոնավոր մարզվող թիմեր, որոնք հաջողությամբ հանդես են գալիս միջազգային մրցումներում: Մասնագետը չբացառեց, որ Հայաստանում էլ կարելի է անցկացնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ, որովհետեւ կա գլխավոր՝ լեռնային վարար գետը:
Aravot.am-ի հարցին, թե ի՞նչն է խանգարում այդ մակարդակի մրցումները հնարավորինս շուտ կազմակերպել Հայաստանում, ՌՄՖ նախագահը պատասխանեց, որ Դեբեդ գետի շրջակայքը եւ գետը որոշ հատվածներում մաքուր չէ՝ լցված է պլաստիկե շշերով ու աղբով: «Ռաֆթինգի համար շատ կարեւոր է ոչ միայն գետը, այլեւ ջրի ու տարածքի մաքրությունը»,-նշեց նա:
Rafting.am ակումբի կոորդինատոր Վազգեն Խաչիկյանը նշեց, որ Հայաստանի հյուսիսային շրջանները պատմամշակութային կոթողների՝ եկեղեցիների, վանքերի եւ խաչքարերի պակաս չունեն, որ Դեբեդը գալարվում է դրանց շուրջ: Նա Դանիլո Բարմազին կատակով տեղեկացրեց, որ նա գտնվում է ռաֆթինգի հայրենիքում: «Աշխարհում առաջին ռաֆթերը եղել է Նոյը, որը համաշխարհային ջրհեղեղից հետո Տապանը կանգնեցրեց Բիբլիական Սուրբ Արարատ լեռան վրա»,-ասաց նա եւ հավելեց, որ իրենք շատ լուրջ համագործակցություն են իրականացնում ՌՄՖ-ի եւ այդ կազմակերպության նախագահի հետ, որը բավականին սերտ կապեր ունի ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հետ եւ ռաֆթինգը ոչ հեռու ապագայում մուտք է գործելու օլիմպիական մարզաձեւերի ընտանիք:
Կարդացեք նաև
ՀՌՖ նախագահ Սեդրակ Զաքարյանն էլ ավելացրեց, որ ֆեդերացիայի նախատեսում է ապագայում Ալավերդիում ռաֆթինգի մարզադպրոց հիմնել, ինչը կնպաստի ինչպես մարզաձեւի մասսայականացմանը տարածաշրջանում, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացմանը՝ կապված էքստրեմալ տուրիզմի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ