Ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթի խմբագրությունն անդրադարձել է Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պանելային քննարկմանը: Պարբերականի փոխանցմամբ՝ Մյունխենում Ալիևը և Փաշինյանը, հիմնվելով պատմության վրա, փորձում էին միմյանց և լսարանին համոզել, որ միայն իր երկիրն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: «Եվ անսպասելիորեն բանավեճի ժամանակ հղում արվեց մեր օրաթերթի հրապարակումներից մեկին. «1990-ական թվականների կեսերին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը հարցազրույց է տվել ռուսական «Արգումենտի ի ֆակտի» թերթին, որում ասել է՝ Խոջալուում սադրանքի կազմակերպիչը ադրբեջանական ընդդիմությունն է, որի նպատակն էր զրկել իրեն իշխանությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը»,-գրում է պարբերականը և հիշեցնում Ալիևի խոսքը, ըստ որի թերթում շատ հայեր են աշխատում, ուստի «գրում են այն, ինչ ցանկանում են»:
Թերթի փոխանցմամբ՝ Ալիևի խոսքերը «Արգումենտի ի ֆակտի»-ում «շատ հայերի» մասին, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, դա վերաբերում է և՛ այսօրվա խմբագրությանը, և՛ 90-ական թվականներին:
Միևնույն ժամանակ «Արգումենտի ի ֆակտի»-ն հստակեցնում է, որ սխալվել է նաև Հայաստանի վարչապետը, քանի որ Մութալիբովի հիշատակված հարցազրույցը հրապարակվել է ոչ թե իրենց թերթում, այլ «Նեզավիսիմայա գազետա»-ում 1992թ.-ին, իսկ «ԱիՖ»-ին տված 1995թ. հարցազրույցում ադրբեջանցի քաղաքական գործիչը Խոջալուի դեպքերին չի անդրադարձել:
Միևնույն ժամանակ «ԱիՖ»-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ թերթը միջազգային հարթակում գովազդելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ