«Ադրբեջանում հերոսները քնած հայերին սպանողներն են եւ դա ամենեւին չի փոխվել։ Սա իրականության ընկալումն է, թե ո՞ւմ հետ մենք գործ ունենք»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հունգարիայում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան օրն է: 2004 թվականի փետրվարի 19-ին քնած ժամանակ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից դաժանաբար կացնահարվեց 26-ամյա հայ սպան:
Այս ցավալի պատմությունը ադրբեջանագետը գնահատում է իբրեւ պատմություն` Ադրբեջան պետության եւ նրա որդեգրած քաղաքականության մասին: Փորձագետի հավաստմամբ՝ Ադրբեջանի նման պահվածքը եղել է մինչ հայ սպայի սպանությունը, շարունակվում է մինչեւ այսօր: Այդ ձեռագիրը, ըստ փորձագետի, Ադրբեջանն ի ցույց դրեց նաեւ 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին: Խոսքը ՊԲ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի գլխատման, ապա ադրբեջանական բանակի ենթասպայի կողմից գլուխը գյուղից գյուղ տանելու եւ այն հրճվանքով ցուցադրելու մասին է:
Ռամիլ Սաֆարովը եւ այդ ենթասպան, ըստ փորձագետի, այժմ Ադրբեջանում իբրեւ հերոսներ են ընդունվում. «Սա պետություն է, որի հետ մենք գործ ունենք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ 2012 թվականի օգոստոսին Սաֆարովը տեղափոխվել էր Ադրբեջան՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար, բայց Ադրբեջանում նա արդարացվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ