Ի՞նչ պետք է անի վարչապետը, եթե, Աստված մի արասցե, որեւէ արտակարգ իրավիճակ լինի մեր երկրում: Առաջին անգամ վարչապետի իրավասություններն ամրագրվելու են «Աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության մասին» օրենքում: Այդ մասին այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում աշխատանքային քննարկում էր կազմակերպվել:
Գործող օրենքը, որը կոչվում է «Արտակարգ իրավիճակների եւ բնակչության պաշտպանության մասին» օրենք, 98-ին է ընդունվել: Ժամանակի պահանջները փոխվել են եւ օրենքը փոփոխելու անհրաժեշտություն կա:
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնադիր, ռեկտոր, գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ասաց, որ գործող օրենքում միայն կանխարգելման եւ արագ արձագանքման հատվածն էր, նոր նախագծում կան երեք հիմնական ուղղություններ՝ աղետների ռիսկերի նվազեցում, ծագած իրավիճակում արագ արձագանքում եւ վերականգնում, ինչպես նաև հետագայում վերականգնողական աշխատանքների կատարում. «Եթե նախորդ օրենքում մենք ունեինք տարբեր կառավարման մարմիններ, որոնք գտնվում էին մեկ վերնագրի տակ եւ շատ դժվար էր տարբերել կանխարգելման եւ օպերատիվ գործողությունները, ապա այս նախագծում դրանք բաժանված են եւ ներկայացվում է թե այս կամ այն մարմինն ինչ իրավասություններ ունի: Կա կարեւոր կետ նաեւ արտակարգ իրավիճակում արտակարգ ռեժիմ հայտարարելու մասին: Մենք տեսնում ենք, որ ժամանակի պահանջը խոսում է դրա անհրաժեշտության մասին: Օրինակ՝ այսօր Չինաստանում կորոնավիրուսի պատճառով տեսնում ենք, թե ինչպես են դեպի քաղաքներ մուտքերը փակվում, հայտարարվում արտակարգ իրավիճակ եւ սահմանափակվում բնակչության գործողությունները»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց՝ երբ արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվում, այլ ուժային կառույցների, ասենք, բանակի մասնակցություն, ներքին զորքերի մասնակցություն ենթադրվո՞ւմ է եւ նախկինում դա ո՞նց էր արվում, որովհետեւ դրա չկարգավորման պայմաններում Մարտի 1 ունեցանք: Մաթեւոսյանը պատասխանեց, որ նախկինում արտակարգ իրավիճակ չի հայտարարվել, աղետի գոտի է հայտարարվել. «Այս օրենքում առաջին անգամ առանձին նշված են վարչապետի իրավասությունները, որտեղ գրված է, որ ուժային կառույցները կարող են միանալ ԱԻՆ աշխատակիցներին եւ օգնել նրանց՝ վարչապետի որոշմամբ»:
Կարդացեք նաև
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարցրեց՝ նոր հաստիքնե՞ր են անհրաժեշտ լինելու օրենքի ընդունումից հետո, կառավարության կառուցվածքում ի՞նչ փոփոխություններ են լինելու, Մաթեւոսյանը պատասխանեց. «Գործառույթների անհրաժեշտություն կառաջանա, չէի ասի, որ կառուցվածքային փոփոխություն կառաջանա: Այն ուժերը, որոնք կան, եթե դրանք օպտիմալ օգտագործվեն, կարող ենք այս խնդիրներ լուծել»:
Օրենքի նախագիծն արդեն շրջանառվել է համապատասխան կառույցներում, եղել են առաջարկներ փոփոխությունների հետ կապված եւ դրանք ընդունվել են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ