«Հեղափոխության օրերին մենք ասում էինք, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ: Կոպիտ բառ էինք ասում: Նկատի ունեինք, որ հին համակարգում պետությունը վարորդին ասում էր՝ փողը տուր եւ որքան ուզում ես խախտում արա: Ստացվում էր, որ այդ գումարները համալրում էին մասնավոր եւ պետական բյուջեները: Ինչ-որ մութ, թաքուն շահագրգռվածություն կար, որ մարդիկ խախտում անեին, վճարեին ու շարունակեին խախտումները: Իսկ հիմա մենք երթեւեկության կանոնների խախտման առավելագույն տուգանքը սահմանել ենք 29 000 դրամ»,-«ֆեյսբուքյան» ուղիղ միացմամբ այսօր անդրադառնալով ճանապարհային երթեւեկության կարգավորման բալային համակարգի ներդրման անհրաժեշտության պատճառներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նախ հիշեցրեց, որ բալերը սպառելու դեպքում վարորդն այսօր կարող է զրկվել վարորդական իրավունքից. «311 վարորդ արդեն զրկվել է վարորդական իրավունքից, բայց ուզում եմ ուշադրություն դարձնեք, որ այդ վարորդները բալային համակարգով չեն զրկվել: Այսօրվա դրությամբ չունենք բալային համակարգով վարորդական իրավունքից զրկված վարորդ: Հարց է առաջանում, թե ինչու են նրանք զրկվել: Նրանք խիստ կոպիտ խախտումների համար են զրկվել: Հիմա ոչ թե ասում ենք, որ պետք է վճարի եւ շարունակի խախտել, այլ հանրային վտանգավորության խախտման դեպքում պետք է զրկել վարորդական իրավունքից: Դե դատեք, թե ինչու են 311 անձինք զրկվել, արդարացի՞ է, թե ոչ»:
Ապա Փաշինյանը հայտնեց, որ 27 անձ զրկվել է վարորդական իրավունքից՝ առանց պետհամարանիշի մեքենա վարելու համար. «Ընդ որում, միանգամից են զրկվում, որովհետեւ օրենքում խստացումներ են արվել: 16 հոգի էլ զրկվել է՝ կրկնակի ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար: Վեց հոգի էլ հրաժարվել է սթափության վիճակի զննությունից եւ առանց բալեր կորցնելու՝ միանգամից զրկվել վարորդական իրավունքից: 180 հոգի էլ զրկվել է՝ խմածության 0,5 միլիգրամի առկայության պատճառով: Գիտե՞ք դա ինչքան է. որ երկու հոգով կես լիտրանոց օղի խմեք: Այդ դեպքում երկուսն էլ կունենան նշված խմածության աստիճանը, այսինքն՝ կես շիշ օղի խմած երկու մարդ…180 հոգի բռնվել է նման վիճակում: Չենթարկվելու եւ փախուստի դիմելու համար զրկվել է երկու հոգի, իսկ հատուկ ձայնային ազդանշան տեղադրելու համար՝ երեք հոգի: Այս մի քանիսն «օլիգարխիական զամաշկեք» են»:
Վարչապետը հավելեց, որ յոթանասուն հոգու պարագայում էլ նյութեր են նախապատրաստվում, որովհետեւ մի մասը մեքենա է վարել միաժամանակ վարորդական իրավունքից զրկված լինելու եւ խմածության պարագայում. «Հանրային անվտանգությունը հարվածի տակ դնող գործողություն է սա: Նշեմ, որ փետրվարի 18-ի դրությամբ ավտովթարից զոհվածների թիվը երկու անգամ պակաս է, քան նախորդ տարի: Մեքենաներն ավելացել են, զոհերի թիվը՝ նվազել: Հիշեցնեմ, որ այս պահի դրությամբ բալային համակարգով որեւէ մեկը չի զրկվել վարորդական իրավունքից: Ոստիկանության տվյալներով՝ դա կլինի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին»:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/507906853197085/?notif_id=1582105652455893¬if_t=live_video_explicit
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ