Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կինոկենտրոնի տնօրեն. «Նախկինում մեր կինոգործիչները հարթակ չունեին ներկայանալու Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում»

Փետրվար 19,2020 14:44

Հայաստանն առաջին անգամ առանձին տաղավարով կներկայացվի Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակում գործող Եվրոպական ֆիլմերի կինոշուկայում: Վերջինս անցկացվում է փետրվարի 20-27-ը: Այս մասին ասուլիսում հայտնեցին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և գեղարվեստական ղեկավար Մելիք Կարապետյանը:

«Դեռ 2019թ, երբ ես այցելեցի Բեռլինի կինոշուկա, ականատես եղա մի փաստի, որ Հայաստանից բազմաթիվ կինոգործիչներ էին ներկա եւ հարթակ չունեին, որտեղ կարողանան իրենց ժամադրություններն ու հանդիպումները կազմակերպել, լիարժեք աշխատանքը կատարել: Այդ պահից սկսած՝ նպատակ դրեցի անպայման 2020թ ունենանք այդ հնարավորությունը»,-ասաց տիկին Միրզախանյանը երախտագիտություն հայտնելով ԿԳՄՍ նախարարին ու փոխնախարար Արա Խզմալյանին: Նա նաեւ հայտնեց, որ կինոկենտրոնն արդեն նոր լոգո ունի եւ Բեռլինի տաղավարում կներկայանա նոր լոգոյով:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը հավելեց, որ պատվիրակությունը փոքր է եւ դրա կազմում է նաեւ փոխնախարար Արա Խզմալյանը, որի հետ կայցելեն շուկա: Հայաստանի ազգային կինոկենտրոնը հրավեր ունի նաեւ Պոտսդամի կինոինստիտուտի պրոֆեսոր Մարտին Հագեմանից: «Պարոն Խզմալյանի հետ պետք է այնտեղ էլ այցելենք եւ ծանոթանանք իրենց կրթական ծրագրերին, գործունեությանը ու համագործակցության եզրեր գտնենք կինոկրթության մասով»,-հավելեց նա

Տաղավարի պատասխանատու Մելիք Կարապետյանը նշեց, որ ուրախ է, որ վերջապես Հայաստանն իր տաղավարը կունենա: Ասաց, որ եվրոպական կինոշուկան նոր նախագծերի շուկա է, որտեղ պրոֆեսիոնալները հանդիպում են, գնում, վաճառում: Նա սահիկաշարով ներկայացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպական ֆիլմերի կինոշուկան: Ասաց, որ կներկայացվեն 2019-20 թթ արտադրված կամ արտադրության վերջին փուլում գտնվող ֆիլմերը եւ կինոժառանգությունը: Ներկայացրեց նաեւ կատալոգը, որտեղ ներկայացված են կինոկենտրոնից ֆինանսավորում ստացած ֆիլմերը, նաեւ նրանք, որոնք պետական ֆինանսավորում չեն ստացել, բայց ներկա են լինելու կինոշուկայում: 50 ֆիլմերի թվում են «Չնչիկը», «Ջիվանին», «Երազողները», «Զուլալին», «Դրախտի դարպասները» եւ այլն:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադարձ եղավ նաեւ Վաշինգտոնում կայանալիք բազմաշերտ մշակութային միջոցառմանը, որտեղ մեկ առանձին բաժին նվիրվելու է հայկական կինոյին։ Նշվեց, որ Վաշինգտոնում ցուցադրվելու են Համո Բեկնազարյանի «Զանգեզուր», Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» եւ «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերը։ «Վաշինգթոնի ազգային պատկերասրահը համագործակցելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ կազմակերպել է «Հայկական ոդիսական» խորագրով փառատոն ,որը վերաբերում է հայ մշակույթին, երաժշտությանը եւ կինոյին… Հայկական կինոժառանգություն ենք ներկայացնելու ամերիկյան հանդիսատեսին»,-մանրամասնեց տիկին Միրզախանյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչու է «Զանգեզուր» ֆիլմը ընտրվել, որտեղ Գարեգին Նժդեհը բացասական լույսի ներքո է ներկայացված: Մելիք Կարապետյանը պատասխանեց, որ ընտրությունը ամերիկյան կողմն է կատարել, այն կապել են Արամ Խաչատրյանի երաժշտության հետ, քանի որ ֆիլմի երաժշտությունը նրանն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829