Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք վատ աշխատում, որ վարչապետը ստիպված է լինում ՀԴՄ չտալու համար ստատուս գրել. Դավիթ Անանյանը՝ ՊԵԿ-ի հասցեին քննադատության մասին

Փետրվար 19,2020 14:39

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում ՀԴՄ-ների տրամադրման հորդորներ է ուղղում, սա ի՞նչ է նշանակում, տնտեսվարողներն ինչո՞ւ են շարունակում ՀԴՄ-ներ քիչ տպել՝ պատասխանեց, որ նախորդ տարվա հունվարի համեմատ, այս տարի մոտ 9 մլն ավելի ՀԴՄ է տպվել. «Կա հանրության մի շատ մեծ զանգված, որ հորդորները լսում է, ոչ միայն վարչապետի, նաեւ ՊԵԿ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, կա իրավագիտակցության մակարդակ, բարձրանում է այդ մակարդակը՝ գնալով ավելանում է»:

Ըստ Դավիթ Անանյանի, բոլոր երկրներում էլ կա մի զանգված, որ պարբերաբար փորձելու է հարկերը թաքցնել, չվճարել. «Մեր գործառույթն իրենց բացահայտելն է, կամ հորդորների տեսքով նրանց իրավագիտակցության բերելը կամ հարկ վճարելու մշակույթ ձեւավորելը»:

Aravot.am-ի հարցին՝ հորդորներով հնարավո՞ր է արդյունքի հասնել, այլ երկրներում մի շարք մեխանիզմներ են մշակել, թե ինչպես շահագրգռեն քաղաքացուն՝ ՀԴՄ պահանջել՝ Դավիթ Անանյանն արձագանքեց. «Ո՛չ, չի կարելի շահագրգռել քաղաքացուն: Երբ որ դու շահագրգռում ես, ասում ես՝ ես քեզ գումար կվճարեմ ՀԴՄ վերցնելու համար, դու ոչ թե ձեւավորում ես մշակույթ, այլ ձեւավորում ես շահի վրա հիմնված փոխհարաբերություն քաղաքացու հետ: Ո՛չ, չի՛ կարելի այդպիսի բան անել: Հորդորելով, համոզելով, խնդրելով, պարտադրելով՝ գնանք առաջ»:

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ քաղաքացիներից ստացած զանգերն ավելանում են ու այդ զանգերի գերակշիռ մասը վերաբերում է ՀԴՄ-ի օգտագործման կանոնների խախտմանը: Զանգերից հետո էլ ստուգել են, կա՛մ խախտումն արձանագրել են, կա՛մ չի եղել խախտում:

Հարցրեցին՝ վարչապետի ֆեյսբուքյան գրառումից հետո այդ զանգերի թիվը մեծացե՞լ է՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Ենթադրենք, երեկ ստատուս է գրել, ես ամսվա ընթացքում ստացված հեռախոսազանգերը պետք է վերցնեմ ու համեմատեմ վարչապետի ստատուսի ամսաթվի հե՞տ, լավ, էլի»:

Հարցին՝ ինչո՞ւ եք վատ աշխատում, որ վարչապետը ստիպված է լինում ՀԴՄ չտալու համար ստատուս գրել՝ Դավիթ Անանյանը պատասխանեց. «Դա դուք ասացիք: Ես ձեր հետ համաձայն չեմ: Մենք լավ ենք աշխատում»: Դիտարկմանը, որ եթե վարչապետը գրում է, ուրեմն խնդիր կա, չէ՞՝ Դավիթ Անանյանն արձագանքեց. «Այսինքն, վարչապետի ցանկացած գրառում նշանակում է, որ խնդի՞ր կա այդ ոլորտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829