Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը հիբրիդային պատերազմի փուլում է եւ սա դավադրությունների տեսությունից չէ. Խոսրով Հարությունյան

Փետրվար 19,2020 13:53

Բանակում առկա խնդիրները եւ ոչ մարտական պայմաններում արձանագրված մահերի աննախադեպ թիվը`48 օրում 13 զոհ, բացատրել քրեական ենթամշակույթով, ինչը արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում , ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանն այդքան էլ հակված չէ: Ամեն դեպքում, նկատում է` քրեական ենթամշակույթը երեկ չի ծնվել, բայց այսօր է գլուխ բարձրացրել. պետք է մտածել` ինչո՞ւ: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում, այս համատեքստում, Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաեւ սպայական անձնակազմի հեղինակության բարձրացման անհրաժեշտությանը:

Առհասարակ, հարցը վերլուծելով նաեւ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում, բանախոսը համոզմունք հայտնեց, որ այսպիսով, Հայաստանը հայտնվել է հիբրիդային պատերազմի մեջ:

«Դժվար է պատկերացնել այն ցավը, որ ապրում են այդ երիտասարդների ծնողներն ու հարազատները: Դժվար է նաև սփոփանքի խոսքեր գտնել որդեկորույս մայրերի վիշտը թեթևացնելու համար: Ընդունեք մեր ցավակցությունը»,- ասաց նա և հավելեց՝ հանրային դիսկուրսի գլխավոր թեման հետևյալն է՝ ի՞նչ է կատարվում բանակում հարցադրումը վերախմբագրել և ներկայացնել ավելի լայն համատեքստում՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում, իսկ ավելի ճիշտ՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի հետ:

«Ըստ իս, պատասխանն ակնհայտ է՝ Հայաստանի հանդեպ սանձազերծված է հիբրիդային պատերազմ: Ընդ որում, օգտագործելով հանրության վրա գաղափարախոսական, բարոյական, դավանաբանական, հոգևոր-մշակութային ներգործության լայն գործիքակազմ, արժեզրկելով ազգային արժեհամակարգը, նպատակ է դրված ապակայունացնել հանրային կյանքը, սերմանել անվստահություն կամ թշնամանք հանրության առանձին խմբերի միջև, դրանով իսկ հանրային կյանքին պարտադրել կեղծ և անպտուղ օրակարգ՝ նպաստելով պետական ինստիտուտների կազմաքանդմանը կամ կազմալուծմանը՝ զրկելով երկրին արտաքին մարտահրավերներին դիմագրավելու պատրաստակամությունից և կարողություններից»:

Պատերազմ սանձազերծողներին, ըստ Խոսրով Հարությունյանի, պետք չէ շատ հեռվում փնտրել:

Սա դավադրությունների տեսությունից չէ: Հիբրիդային պատերազմը ժամանակակից աշխարհում հակառակորդ պետությանը սեփական ցանկությունները պարտադրելու ամենատարածված մեթոդն է, և այն առավել նախընտրելի է, քան նույն նպատակներին հասնելու ռազմական միջոցների կիրառումը: Եվ բոլորովին պատահական չէ հիբրիդային ազդեցությունների թիրախ են ընտրված մեր ուժային կառույցները, և առաջին հերթին՝ բանակը: Սա լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգության և անկախ պետականության համար»: Այս համատեքստում, Խոսրով Հարությունյանը պատահական չի համարում, որ հենց այս օրերին դարձյալ թափ է ստացել «հայաստանցի-ղարաբաղցի» կամ «ինչո՞ւ մեր տղաները պետք է պաշտպանեն ղարաբաղցիներին» ապազգային և հակապետական հռետորաբանությունը:

Նա վարչապետին կոչ է անում հստակ գիտակցել` մենք գործ ունենք ոչ թե ոչինչ չասող «հիբրիդային հեղաշրջման» հետ, ինչի մասին հայտարարություններ էր անում Նիկոլ Փաշինյանը, այլ ռեալ և կործանարար հետևանքներ բերող հիբրիդային պատերազմի հետ: Եվ այս համատեքստում, բանախոսը նաեւ նկատում է`ազգային անվտանգության մարմինները պետք է զբաղվեն իրենց անմիջական խնդիրներով, այլ ոչ թե ծանրաբեռնվեն կեղծ քաղաքական օրակարգը սպասարկելու գործունեությամբ: Նաեւ Ազգային ժողովը պետք է լրջորեն զբաղվի բանակի ռազմական ղեկավարության և սպայական անձնակազմի հեղինակության բարձրացմանը նպաստելու խնդիրներով, այլ ոչ թե ապրիլյան պատերազմի հետաքննությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829