Այն գործընթացները, որոնք այսօր Հայաստանում տեղի են ունենում Սահմանադրական դատարանի շուրջ, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանի գնահատմամբ, նախադեպ են ստեղծում հաջորդ որեւէ իշխանության համար` գործել իր քիմքին հարմար: Նաեւ, իր գնահատմամբ, «սա դանդաղ ական է`մեր պետականության հիմքում դրված», որը որ ցանկացած պահի կարող է օգտագործվել պետության դեմ:
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Խոսրով Հարությունյանը կրկնեց իր համոզմունքը`մեզանում չկա սահմանադրական ճգնաժամ, չկա ՍԴ-ի ճգնաժամ: Որ ՍԴ-ն կաթվածահար չէ, ինչը պետք է հանգեցներ ճգնաժամի, ըստ բանախոսի փաստում է թեկուզ այն, որ այս ընթացքում ՍԴ-ն 41 նիստ է գումարել օրենքների սահմանադրականությանը վերաբերող եւ 39 նիստ`կարգապահական հարցերով: Այս իրավիճակում խոսել Հայաստանում սահմանադրական ճգնաժամի մասին, նա անլուրջ է համարում: Հարցը հետեւյալ տեսանկյունից է դիտարկում`միգուցե ինչ որ մեկին ձեռնտո՞ւ է կամ ինչ որ մեկը ցանկանում է այդպես ներկայացնել: Ինչեւէ, որ Հայաստանում իշխանության երեք ճյուղերն էլ կենսունակ են, բանախոսը կասկած չունի: Աշխատանքի արդյունավետության հարցը կարելի է վիճարկել, բայց դա այլ քննարկման թեմա է համարում:
Ո՞ր պահից կամ ինչո՞ւ առաջացավ Հրայր Թովմասյանի նկատմամբ անվստահության հարցը: Խոսրով Հարությունյանը հիշեցնում է հայտնի տեսանյութը, որում ի պատասխան լրագրողների հարցերի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասում է, որ Հրայր Թովմասյանի անվստահության հարց իշխանության մոտ չկա:
Իր հետագա վերլուծություններում Խոսրով Հարությունյանը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները`արձանագրելով. «Եթե որեւէ մարմնի ես չեմ վստահում, դա չի նշանակում այդ մարմինը ճգնաժամի մեջ է»:
Կարդացեք նաև
Նա կեղծ է համարում նաեւ ՍԴ դատավոր-անդամ իշխանության կողմից շրջանառված թեզը եւ արձանագրում, որ անհամատեղելիությունը`ՍԴ կազմի եւ իշխող ուժի միջեւ առաջացավ Ռոբերտ Քոչարյանի հարցով`Վենետիկի հանձնաժողով դիմելուց հետո: «Մոտիվացիան քաղաքական է: Ենթադրենք, որ դա կարող էր լինել շատ արդարացված, բայց արդյոք գործընթացը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին»,- ասում է բանախոսը` արձանագրելով, որ ողջ գործընթացը ևս եղել է կոպիտ խախտումներով`մանրամասն ներկայացնելով հիմնավորումները:
Արդյունքում, Խոսրով Հարությունյանը հիմնավոր կասկածներ ունի, որ այս կերպ գործադիր իշխանությունը դատական համակարգի վրա իր ամբողջական քաղաքական իշխանություն է ցանկանում տարածել: Այսինքն, ժողովրդավարության առումով էլ ենք խնդիր ունենում, իշխանության ճյուղերի տարանջատման խնդիր է առաջանում: «Այս պայմաններում մասնակցել հանրաքվեին, նշանակում է մասնակից դառնալ սահմանադրական կարգի տապալմանը»:
Հիշեցնելով ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված դատավորների անփոփոխության սկզբունքը, Խոսրով Հարությունյանը նկատում է, որ դա հենց դատական իշխանության անկախության երաշխավորման սկզբունք է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ