Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանից պետք է պահանջենք` հստակ ներկայացնել Արցախի հարցի կարգավորման իր տեսլականը. Խոսրով Հարությունյան

Փետրվար 19,2020 13:22

Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական միության (ՀՔԴՄ) նախագահ Խոսրով Հարությունյանը մեծ վերապահումներով է պնդում, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում կայացած Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիեւ բանավեճը հաջողվեց: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով բանավեճին, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ նման ձեւաչափով սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն էր, ուստի, ինքը կարծում է, որ թե կազմակերպիչները, թե մասնակիցները պետք է հստակ նպատակ դրած լինեին իրենց առջեւ: Նպատակներից առաջինը հետեւյալն է`ո՞րն է այն խոսքը, որը կուզենային նախ միջազգային հանրությանը հղել, ապա նաեւ սեփական ժողովուրդներին: Երկրորդ`հարթակն անվտանգային էր եւ պետք է վեր հանվեին տարածաշրջանի անվտանգային հարցերը: Եվ երրորդ`պետք էր ընդգծել նոր իշխանությունների` Արցախյան հակամարտության կարգավորման տեսլականը:

Խոսրով Հարությունյանի դիտարկումներով, բանավեճում Արցախյան հակամարտության ողջ գենեզիսը չներկայացվեց, խոսք չեղավ այն մասին, որ հակամարտությունը հետեւանք էր դեռ 1990-ականներին Ադրբեջանական իշխանության սկսած զտումների, խոսք չեղավ Բաքվի, Սումգայիթի ջարդերի եւ մի շարք այլ հիմնաքարային հարցերի մասին: ՀՀ վարչապետն ասաց Արցախի անկախության մասին, բայց, բանախոսի կարծիքով, չհստակեցրեց, որ Արցախն Ադրբեջանից չի անկախացել, այլ իր անկախությունն է հռչակել ԽՍՀՄ օրենքներին համապատասխան եւ ԽՍՀՄ մյուս` Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի, Մերձբալթյան երկրների նման:

Բանավեճի հարթակում, Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ, հստակ չի երեւացել, որ արցախյան հակամարտությունը հենց այն էր, որ Ադրբեջանը չհամակերպվեց անկախ պետության գոյության հետ եւ սանձազերծեց պատերազմ` անկախ պետության դեմ. «Կոնֆլիկտը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ չէ, այլ Արցախի եւ Ադրբեջանի: Այստեղ տարածքային անվտանգության խնդիր չէ եւ հարցն այդ համատեքստում չի կարող դիտարկվել: Մյունխենը շատ լավ հարթակ էր հստակեցնելու, թե ինչո՞ւ պետք է ինքնորոշման իրավունքը լիներ գերակա»:

Այս ամենից հետո, ի պատասխան Ալիեւի` հարցի կարգավորման «փուլ առ փուլ» տարբերակի ներկայացման, ՀՀ վարչապետը պետք է հստակ ամրագրեր, որ Արցախը որեւէ պարագայում եւ որեւէ պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: «Այս հստակությունը չհնչեց»,- ասաց բանախոսը` հավելելով, որ բանավեճի սրահում հավաքված նաեւ լսարանը տեղյակ չէր խնդրից եւ պետք է տեղեկանար կողմերի ներկայացմամբ. «Ալիեւն օգտագործեց առիթը եւ ներկայացրեց «փուլ առ փուլի» իր կոնցեպտը, վարչապետը չարեց»:

Ինչո՞ւ այդպես եղավ`հարցին Խոսրով Հարությունյանը երկու պատասխան ունի. հավանաբար Փաշինյանը ստիպված է դուրս մնալ նախկինների բերած հիմնավորումներից`հաշվի առնելով նախկինների նկատմամբ իր ոչ հիմնավոր խորշանքը, հարցի կարգավորումը սեփական կետից սկսելու մղումը: Սա, ասում է` լավ չէ, բայց շտկելի է: Կամ` եթե կա նախկիններից տարբերվող, սեփական տեսլականներով, մոտեցումներով հարցի կարգավորումն առաջ տանելու տարբերակ, ապա վարչապետին ավելի հստակ պահանջներ պետք է ներկայացնենք`առավել թափանցիկ ներկայացնել`ո՞րն է դա: Եթե միկրո-մինի հեղափոխությունները հարցի կարգավորման փուլային լուծումներն են կամ դրանց տրանսֆորմացված ձեւերը`Խոսրով Հարությունյանի համար դա առավել մտահոգիչ է: Իր համոզմամբ, Արցախի հարցի կարգավորման տարբերակը պետք է լինի փաթեթային`պետք է բանակցվեն բոլոր կետերը, նաեւ Արցախի իշխանությունների մասնակցությամբ, հետո անդրադառնան դրանց իրականացմանը`հստակ երաշխիքների ամրագրմամբ: Այլապես, մենք վնասում ենք Արցախի եւ ՀՀ-ի անվտանգությանը:

Ինչեւէ, Խոսրով Հարությունյանն ակնկալիքներ է ունեցել, որ մյունխենյան բանավեճի արդյունքները վարչապետն ավելի ինքնաքննադատական եւ խորը վերլուծության կենթարկի: Բայց, ավելի ուշ, ֆեյսբուքյան էջում Փաշինյանի հրապարակած թեզերը թույլ են տալիս մտածել, որ «դասեր չառանք»: Այդ թեզերը, բանախոսի հավաստմամբ, իրենց մեջ լուրջ վտանգներ են պարունակում, որոնց վերլուծաբաններն արդեն անդրադարձել են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829