Լրահոս
Օրվա լրահոսը

Պանթյուրքիզմի երկու խոչընդոտները

Փետրվար 19,2020 13:13

Թուրքիայի վերջին ամիսների ներխուժումը Սիրիա կրկին անգամ բացահայտեց Թուրքիայի և քրդերի արդեն մեկդարյա խոր հակամարտությունը: Քրդերի ընդհանուր թվաքանակը 35-40 միլիոն է, որի շուրջ կեսը բնակվում է Թուրքիայում (քրդական աղբյուրները նշում են ավելի մեծ թվեր): Մնացյալը հիմնականում ապրում են Իրանում, Իրաքում և Սիրիայում՝ Թուրքիայի քրդաբնակ տարածքներին կից: Վերոնշյալ չորս երկրներում քրդերը երկար պայքարել են հանուն իրենց ազգային իրավունքների: Առայժմ նրանք Իրաքում ձեռք են բերել ինքնավար երկրամաս: Հավանաբար շուտով Սիրիայում ևս քրդերը կունենան ազգային-մշակութային ինքնավարություն: Իրանում այժմ ծրագրեր են մշակվում տեղական էթնիկ լեզուների դասավանդումը դպրոցներում իրականացնելու մասին:

Սակայն Թուրքիայում նման մի ձեռքբերում հնարավոր չէ, զի այն բախվում է երկրի պետական գաղափարաբանության՝ թուրքիզմի և պանթյուրքիզմի հետ, որոնք տիրական են Թուրքիայում, սկսած երիտթուրքերի ժամանակվանից մինչև այսօր: Թուրքիզմը համատարած թրքացման քաղաքականությունն է երկրի ներսում, որին դեռևս դիմադրում են Թուրքիայի ոչ-թուրք ազգությունները, մասնավորապես քրդերը: Իսկ պանթյուրքիզմը Թուրքիայի ազգային քաղաքականությունն է Թուրքիայից դուրս բնակվող թյուրքալեզու ժողովուրդների նկատմամբ, նպատակ ունենալով այդ ժողովուրդներին միավորել մեկ դաշնության կամ միության մեջ, որը հաճախ կոչում են «Թուրան»: Նշենք, որ Թուրքիայից դուրս ապրում են շուրջ քսան թյուրքալեզու (թյուրքական լեզվաընտանիքի լեզուներով խոսող) ժողովուրդներ և էթնիկ խմբեր (ադրբեջանցիներ, թուրքմեններ, թաթարներ, ույղուրներ…), որոնք մեծ մասամբ բնակվում են նախկին խորհրդային հանրապետություններում, Իրանում, Չինաստանում: Թուրքիայի թուրքերը մյուս թյուրքալեզու ժողովուրդներից աշխարհագրականորեն անջատված են քրդաբնակ և հայաբնակ տարածքներով: Ահա թե ինչու պանթյուրքիստների առաջնահերթ խնդիրներից մեկը մշտապես եղել է այդ երկու խոչընդոտ ժողովուրդների վերացումը «Թուրանի» ճամբից: Երիտթուրքերը դրա կենսագործումը հնարավոր էին համարում: Թուրքիայի նախկին բռնակալ Սուլթան Համիդը նրանց թողել էր մի կարևոր ժառանգություն՝ հայ և քուրդ թշնամացած ժողովուրդներ: Օգտվելով այդ պատեհությունից, երիտթուրքերը նախ քրդերի ակտիվ մասնակցությամբ կազմակերպեցին հայոց ցեղասպանությունը, իսկ դրանից անմիջապես հետո անցան քրդերի հալածանքին:

Քրդերի և հայերի մեջ դեռևս 19-րդ դարից սկսվել էին ազգային ազատագրական շարժումներ Օսմանյան բռնապետության դեմ: Այդ երկու շարժումներում էլ կային գործիչներ, որ գիտակցում էին հայ-քրդական համագործակցության անհրաժեշտությունը: Սակայն հայ և քուրդ ազատագրական շարժումները շատ շուտ շեղվեցին իրենց ուղուց, հայերը և քրդերը կանգնեցին իրար դեմ և երկուսն էլ չարաչար տուժեցին: Սուլթան-խալիֆ Համիդին հաջողվեց քրդերին գայթակղել պանիսլամիստական լոզունգներով և նրանց դարձնել ձեռքի զենք ընդդեմ «գյավուր» հայերի: Իսկ հայ ղեկավարները տասնամյակներ շարունակ, սկսած 1878 թ. Բեռլինի կոնգրեսից, աչքերը տնկած «քրիստոնյա» պետություններին սպասում էին, որ սրանք գան իրենց փրկեն թուրքերի և քրդերի զուլումից: Հայերը կույր հավատով և մեծ հույսերով անգամներ ծառայեցին այդ «հայասեր քրիստոնյաներին», բայց հենց նրանց աչքի առաջ ցեղասպանվեցին: Հայ օտարամոլների սպասումը տևեց մինչև 1923 թ., երբ նրանց երազանքը վերջնականապես հօդս ցնդեց Լոզանում: Բայց այդ ժամանակ, Հայաստանից մնացած վերջին հողակտորի վրա արդեն կար, թեկուզ կիսանկախ, Խորհրդային Հայաստանը: Իսկ ձեռնունայն մնացած քրդերը դեռ երկար շարունակեցին իրենց պայքարը ծանր զոհերով: Քրդերի հալածանքը ահռելի չափերի հասավ անցյալ դարի 20-ական և 30-ական թթ. , Աթաթուրքի հանրապետական Թուրքիայում:

Քուրդ ղեկավարությունը հաճախ կրկնել է հայոց սխալը՝ հույսեր կապելով այլ պետությունների հետ: Այդպիսի պարագաներում հայկական և քրդական շարժումները ի վերջո ծախու են դրվել այլ պետությունների աշխարհաքաղաքական նպատակների համար: Դրա վերջին օրինակն էր Սիրիայի քրդերի՝ Ամերիկայի վրա հույս դնելը և մեծ զոհաբերություններով Ամերիկայի հետ համագործակցելը, որը հանգեց մեծ հուսախաբության, երբ Թրամփը միանգամից որոշեց իր ուժերը հետ քաշել Թուրքիա-Սիրիա սահմանից, քրդերին մենակ թողնելով թրքական ներխուժման դեմ հանդիման:

Ինչևէ, քանի կա պանթյուրքիզմը, քուրդ-թրքական (ինչպես նաև հայ-թրքական) հակամարտությունը լուծվելիք հարց չէ, զի պանթյուրքիստների առաջին իսկ քայլում քրդերը և հայերը խոչընդոտում են թուրքերի միացումը Կովկասի ադրբեջանցիներին և Իրանի ազերիներին: Միակ զիջումը, որ պանթյուրքիստները կարող են թույլ տալ, դա քրդական (և հայկական) որևէ ինքնավարության կամ պետության գոյությունն է «Թուրանի» ճամբից դուրս, ինչպես օրինակ Իրաքի հյուսիսում ստեղծված քրդական ինքնավարությունը ( իհարկե պայմանով, որ այն որևէ կապ չհաստատի Թուրքիայի քրդերի հետ): Նմանապես Թուրքիան կհանդուրժի Սիրիայի քրդերի ինքնավարությունը, պայմանով որ նրանց և Թուրքիայի քրդերի միջև Թուրքիան ստեղծի «անվտանգության գոտի», այնտեղ բնակեցնելով ոչ-քուրդ բնակչություն:

Որպես այլ օրինակ հիշենք Բաթումի պայմանագրով թուրքերի ընդունած Հայաստանը: Ուշադրության արժանի է Բաթումի բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Վեհիբ փաշայի խոսքը ուղղված հայ պատվիրակներին.

«… Մենք պետք է տարածվենք դեպի արևելք, հոն է մեր արյունը մեր կրոնքն ու լեզուն: …Մեր եղբայրները Բաքու, Դաղստան, Թուրքստան և Ադրբեջան են: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի հոն: Եվ դուք հայերդ կանգնած եք մեր ճամփու վրա: Պահանջելով Վանը՝ դուք կփակեք մեր ճամփան դեպի Պարսկաստան: Պահանջելով Նախիջևանը և Զանգեզուրը, դուք արգելք կդառնաք մեզ իջնելու Քուռի հովիտը և Բաքու: Կարսն ու Ախալքալաքը կփակեն մեր ճամփան դեպի Ղազախ և Գանձակ: Դուք պետք է մեկ կողմ քաշվեք ու մեզ ճամփա տաք: Ահա թե ուր է մեր հիմնական վեճը»:

Իրենց հենց այդ սկզբունքով էլ թուրքերը թելադրեցին Բաթումի պայմանագրի պայմանները և Սարդարապատի գոյամարտում հաղթած հայերը Բաթումում ստացան թուրքերի «ճամփից մեկ կողմ քաշված» և շրջափակված մի Հայաստան (Երևանից Սևան), որից դուրս էր մնացել Սարդարապատը , քանի որ այն գտնվում էր դեպի Ջուլֆա և Թավրիզ տանող երկաթուղագծի վրա և պիտի հանձնվեր թուրքերին:

Հայկական պատվարը այս կերպ շրջանցելուց և «Թուրան» տանող ճանապարհները ապահովելուց հետո, թուրք զորքը Ղարաքիլիսայից և հայաբնակ տարածքներից այժմ «բարեկամաբար» անցնելով մտավ Ադրբեջան, ուր և Բաքվում կազմակերպեց հայերի ջարդը: Ապա թուրք զորքը շարունակեց առաջ ընթանալ Դաղստանում: Մյուս կողմից թուրքերը գրավել էին Ատրպատականը: Եվ այսպես, արևելյան ճակատներում թուրք զորքը Թուրանի տեսլականով առաջ էր շարժվում, բայց 1918 թ. աշնանը գերմանա-թուրքական բլոկը Եվրոպայում պարտվեց, որով և վերջ գտավ Առաջին Համաշխարհային պատերազմը: Օսմանյան Թուրքիայի բանակը Կովկասում և Իրանում իր գրաված վայրերից ստիպված նահանջեց , իսկ նրանց փոխարեն Անդրկովկասում տեր ու տնօրեն դարձան համաշխարհային պատերազմում հաղթանակած անգլիացիները, որոնք էլ ըստ կամի գծում էին տեղի երկրների սահմանները. օրինակ՝ Հայաստանին թույլատրեցին մտնել Կարս, Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանին և այլն: Մինչ այս, մինչ այն՝ Թուրքիայի ներսում ուժեղանում էր Քեմալ փաշան (ապագա Աթաթուրքը), որի բանակը 1920 թ. հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա, նպատակ ունենալով « ջնջել Հայաստանը աշխարհագրական քարտեզից» և Թուրքիան միացնել Ադրբեջանին: Սակայն Հայաստանի խորհրդայնացումով թուրքերի ոտը լիովին կտրվեց Կովկասից և ձախողվեց Հայաստանը ոչնչացնելու կամ կղզիացնելու նրանց ծրագիրը:

Այսպիսով` Հայաստանը մնաց, և պանթյուրքիստների աչքում մնաց որպես սեպ խրված «Թուրանի» ճամբին (ըստ Թուրքիայի նախկին նախագահներից Դեմիրելի՝ «անիծյալ սեպ» Թուրքիայի և Ադրբեջանի միջև): Այդ ցավը շատ ծանր են տարել պանթյուրքիստները: Ի. Ալիևը երկու անգամ թյուրքալեզու պետությունների գագաթնաժողովներին հիշեցրել է, որ թյուրքական աշխարհի միացման միակ խոչընդոտը Զանգեզուրն է (Սյունիքի մարզը), որն իբր թե ադրբեջանական հող է և իբր թե բոլշևիկները այն տվել են հայերին:

Հայկական սեպը վերացնելու համար թուրք ղեկավար անձինք երազանքից մերթ անցել են գործի: Այդ ուղղությամբ առաջին քայլը վերցրեց Աթաթուրքը 1932 թվականին՝ Իրան-Թուրքիա սահմանային պայմանագրով: Նա կարողացավ համոզել Իրանի բռնապետ Ռեզա Շահին Իրան-Թուրքիա սահմանագծի հին վեճերը կարգավորել տարածքների փոխանակմամբ: Արդյունքում, նշյալ պայմանագրով, Թուրքիան հաստատապես տիրացավ մի տարածքի՝ Փոքր Մասիսից մինչև Արաքս գետ, որով սահմանակից դարձավ Նախիջևանին: Բայց Նախիջևանից Բաքու տանող ցամաքային ճանապարհին դեռևս խոչընդոտ էր համարվում Հայաստանի մաս կազմող Զանգեզուրը, որին տիրանալու համար պանթյուրքիստները աշխուժացան Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո: Նախ առաջ քաշեցին ամերիկացի քաղաքագետ Գոբլի պլանը, ըստ որի հայերը ստանալու էին Ղարաբաղի մի մասը, իսկ Զանգեզուրի հարավը (Մեղրին) տրվելու էր Ադրբեջանին: Չկարողանալով հայերին ընդունել տալ այդ պլանը, պանթյուրքիստներն անցան Զանգեզուրը գրավելու սպառնալիքին: Թուրքիայի քաղաքական դեմքերից Էջևիտն ասում էր, որ քանի դեռ հայերը Արաքսի վրա կամուրջ գցելով չեն միացել Իրանին, պետք է օր առաջ տիրանալ Զանգեզուրին, թեկուզ զենքի ուժով, վստահեցնելով որ այդ գործում թուրքերին կսատարեն արևմտյան պետությունները: Սակայն ԱՊՀ-ի զինված ուժերի բարձրագույն հրամանատար մարշալ Շապոշնիկովը անուղղակի հայտնեց, որ Ռուսաստանը չի հեռանալու Կովկասից և ազդարարեց, որ այլ պետությունների մուտքը Ղարաբաղի պատերազմի մեջ կհանգեցնի համաշխարհային պատերազմի: Թուրքական սպառնալիքը ժամանակավորապես դադարեց, բայց նորից լրջացավ 1993-ի ամռանը՝ երբ Ռուսաստանում պետական հեղաշրջում էր պատրաստվում կառավարության դեմ: Հեղաշրջական ղեկավարներից էր Դումայի նախագահ չեչեն Խասբուլատովը: Ըստ ամերիկյան և ֆրանսիական գաղտնի ծառայությունների՝ այդ ժամանակ Թուրքիայի վարչապետ Չիլլերի և Խասբուլատովի միջև ծածուկ պայմանավորվածություն էր կայացել առ այն, որ Խասբուլատովի իշխանության գալուց հետո, եթե թուրք բանակը քուրդ ապստամբներին հետապնդելու պատրվակով մտնի Հայաստան ( ինչպես Թուրքիան հաճախ նույնը անում էր Իրաքի նկատմամբ ), ապա Ռուսաստանը պիտի տար իր լուռ համաձայնությունը: Նշված պետական հեղաշրջումը ձախողեց և թուրք զորքն էլ չանցավ Հայաստանի սահմանը:

Համենայն դեպս, Զանգեզուրին տիրանալու պանթյուրքիստների մարմաջը երբեք չի դադարել: Դրա իրականացումով նրանք ոչ միայն կհասնեն Թուրքիա-Ադրբեջան միացմանը, այլև կունենան երկու կարևոր ձեռքբերում . նախ՝ Հայաստանը կշրջափակեն նաև հարավից, և երկրորդ՝ թրքական գոտի կստեղծեն Իրանի հյուսիսում: Դա ի նկատի ունենալով է, որ Իրանում շատերը, ընդ որում՝ լեգենդար գեներալ և ստրատեգ Ղասեմ Սոլեյմանին լրջորեն հակադրվել են Հայաստանի հարավը գրավելու պանթյուրքական ծրագրերին:

Թուրքիան և Ադրբեջանը Զանգեզուրի համար առայժմ սպասելով հարմար առիթի, միաժամանակ տենդագին լծված են Վրաստանի հարավը թրքացնելու գործին, որի իրագործումով նրանք կմիանան իրար և կշրջափակեն Հայաստանը հյուսիսից: Արդեն Թուրքիայի սահմանակից Աջարիան գրեթե գրավված է թուրքական կապիտալով, իսկ Ադրբեջանի սահմանակից Մառնեուլիում կազմակերպվում է տեղացի թյուրքալեզու բնակչությունը: Այդ երկուսի մեջտեղում մնացել է Ջավախքը, որի համար էլ լուրջ ծրագրեր են մշակում պանթյուրքիստները:

Առավել դժվար է Թյուրքիայի քրդերին կղզիացնելը: Քրդերը, բարձր ծնելիության բերումով, թուրքերի համեմատ արագորեն բազմանում են, այնպես որ մի քանի տասնամյակ անց Թուրքիայի թուրքերը հարավից և արևելքից կշրջափակվեն քուրդ ստվար բնակչությամբ: Այդ իսկ պատճառով պանթյուրքիստների համար Թուրքիայի քրդերին կղզիացնելը կենաց ու մահու խնդիր է: Եթե թուրքերը հապաղեն այդ ծրագրում, ապա իրենք են, որ կմեկուսանան և վերջնականապես կկտրվեն թյուրքական աշխարհից: Քրդական հարցից ազատվելու համար Թուրքիան այժմ հետամուտ է երկու ծրագրի: Մի կողմից աշխատում է քրդական հարցը տեղափոխել Թուրքիայից դուրս՝ Իրաք, Սիրիա և Իրան, թույլատրելով, ու թերևս աջակցելով, որ այդ երկրներում «Թուրանի» ճամբից հեռու կազմվեն «Քրդստան»ներ (իհարկե Թուրքիայի սահմանից կտրված «անվտանգության գոտիներով»): Մյուս կողմից աշխատում է երկրի արևելյան շրջաններում պառակտում սերմանել քրդերի, զազաների, ծագումով հայերի և այլ ազգությունների միջև, որից շահած դուրս կգա «թուրք ազգը», ինչպես որ եղավ մեկ դար առաջ հայ-քրդական պառակտման արդյունքում:

Միայն հայերին և քրդերին մեկուսացնելուց հետո Թուրքիան և Ադրբեջանը կարող են միանալ իրար և, հարմար առիթը ընծայվելուց հետո, տարածվել դեպի Ատրպատական, Միջին Ասիա, ինչպես նաև Չինաստանի և Ռուսաստանի թյուրքաբնակ շրջաններ և ստեղծել «Թուրանական» միությունը:

Արևմուտքում ըստ արժանվույն գնահատել են պանթյուրքիզմը և տարբեր ժամանակներում արևմտյան տարբեր ուժեր սատարել են այն՝ մերթ Ռուսաստանի առաջխաղացքը դեպի հարավ թյուրքական գոտիով պատնեշելու նպատակով, մերթ կոմունիստական աշխարհը ապակայունացնելու հեռանկարով, իսկ հիմա՝ Չինաստանում, Ռուսաստանում և Իրանում ապստամբություն հրահրելու ցանկությամբ: Թուրքիայի և պանթյուրքիզմի այս ունակությունը ի նկատի ունենալով, արևմտյան պետությունները ճակատագրական պահերին լքել են հայերի և քրդերի նման մանր «դաշնակիցներին» և գերադասել են լինել Թուրքիայի հետ:

Թուրք պետական այրերն էլ որպես վարժ լարախաղացներ, մանևրելով Արևմուտքի և Արևելքի, ինչպես նաև իսլամի և լաիցիզմի միջև, առիթը բաց չեն թողել հանդես գալու որպես տարբեր երկրների թյուրքալեզու ժողովուրդների պաշտպան: Թուրքիան երբեմն դիմել է նաև գործնական քայլի շրջապատի թրքությանը «փրկելու» համար: Այսպես, 1920 թվականին Հայաստանից պոկեց Կարսը, 1939-ին Սիրիայից՝ Իսկենդերունը, 1974-ին գրավեց Կիպրոսի մի մասը, իսկ 1993-ին, ինչպես տեսանք, պատրաստ էր ներխուժելու Հայաստան, որը, սակայն, չստացվեց: Թուրքիայի թրքապաշտպան հայտարարությունները նաև հուշում է Արևմուտքին թե պանթյուրքիզմը որոշ դեր կարող է ունենալ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը ապակայունացնելու համար:

Իրատեսակա՞ն է արդյոք պանթյուրքիզմը, թե ոչ, կամ կհաջողե՞ն արդյոք պանթյուրքիստները իրենց պլաններում, թե ոչ, դա այլ հարց է: Սակայն կարևոր է այն, որ պանթյուրքիզմ իրականացնելու որևէ փորձ, թեկուզ անհաջող, կարող է աղետի վերածվել այլ ժողովուրդների, հատկապես հայերի և քրդերի համար: Հենց այդպես եղավ երիտթուրքերի ժամանակ, երբ «Թուրան» ստեղծելու նրանց ձախողած պատերազմն ավարտվեց Օսմանյան կայսրության փլուզմամբ, բայց այդ կործանվող կայսրությունը փուլ եկավ հայերի գլխին, մեծ պետությունների ներկայությամբ:

Այսպես թե այնպես, պանթյուրքիզմը նորից գործողության մեջ է: Սա, իհարկե, աննկատ չի մնում Չինաստանում, Ռուսաստանում և Իրանում, որոնք մշտապես զգաստ են պանթյուրքական շարժումների հանդեպ: Հավանաբար հիմա քրդերը ևս զգաստ լինեն՝ Թուրքիայի հակաքուրդ վերջին մոլուցքն էլ տեսնելուց հետո:

Իսկ Հայաստանի շուրջ իր թելն է մանում պանթյուրքիզմը:

Հրաչ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Թեհրան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829