Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր:
Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլուխ, անկում:
ՍԱՏՄ տեսուչները վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահել Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացրել դրանք, հետևել, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի և անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով:
Կարդացեք նաև
Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին