Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե բանակում կադրային փոփոխություններին զուգահեռ մեծ բարեփոխումներ չսկսվեն, ապա այդ փոփոխությունների իմաստը կկորի»

Փետրվար 19,2020 14:00

«Առավոտի» հետ զրույցում ասում է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը

– Ի՞նչ տպավորություն ստացաք Մյունխենում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ բանավեճից: Ի՞նչ ցույց տվեց այդ բանավեճը` երկու երկրների եւ տարածաշրջանի անվտանգության ապահովման համատեքստում, քանի որ բանավեճն ընթանում էր Մյունխենի անվտանգության համաժողովի համատեքստում, որտեղ քննարկվում էին համաշխարհային անվտանգության բարձրացմանը վերաբերող հարցեր:

– Այդ քննարկումներից առաջին տպավորությունս այն է, որ կողմերն իրականում շատ հեռու են փոխըմբռնման հասնելու հնարավորությունից: Երկրորդ, ֆորմալ առումով միգուցե վատ չէ նման հանդիպումների կազմակերպումը, բայց հասկանալի է, որ սպասելիք չկար էլ, որ դրանից հետո գործընթացին լուրջ ազդակներ կփոխանցվեր:

Երկու երկրների ղեկավարները հրապարակային ձեւաչափում քաղաքական բանավեճի իրենց հնարքները փորձարկեցին, բովանդակային առումով էական բաներ չկար: Դա է պատճառը, որ հանրային տիրույթում թեման քննարկվում է՝ այս հարցին նա չպատասխանեց, մյուսին նա չարձագանքեց տրամաբանության մեջ:

– Որո՞նք էին, ըստ Ձեզ, այն հիմնական ուղերձները, որոնք այդ բանավեճի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ուղղեցին միջազգային հանրությանը եւ իրենց հասարակություններին:

– Ներքին լսարանին ավելի շատ տեսարաններ փոխանցվեց, քան ուղերձներ: Միջազգային հանրությունը եւս մեկ անգամ համոզվեց, որ կողմերը բավականին հեռու են հարցի կարգավորման հնարավորությունից: Սա միջնորդներին ստիպում է ավելի շատ աշխատել պատերազմի վերսկսումը կանխող մեխանիզմների վրա:

– Այդ բանավեճը, Ձեր կարծիքով, կարո՞ղ է արտացոլել այն իրականությունը, թե ի՞նչ տեղի է ունենում փակ դռների ետեւում` Փաշինյան-Ալիեւ հանդիպումների ժամանակ կամ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումներիժամանակ:

– Այս ձեւաչափով հանդիպումները կարող են ընդհանուր տրամադրություններ, լարվածություններ փոխանցել, սակայն հասկանալի է, որ էմոցիաները, տոնայնությունը եւ իրական անհանգստությունը բաց ու փակ դռների հետեւում տարբեր է: Քանի որ հրապարակային բանավեճերում խնդիրն առաջին հերթին լսարանին գրավելն է, ապա հասկանալի է, որ գործիչները կենտրոնանում են այլ գործոնների վրա, իսկ երբ փակ ֆորմատով է՝ խոսում են այնպիսի զգայուն հարցերի մասին, որոնք դժվարությամբ հրապարակային դաշտ կբերեին:

– Սոցիալական ցանցերում շատ քննարկվեց Ալիեւի ակնհայտ լկտի եւ ռազմատենչ հռետորաբանությունը, Էլմար Մամեդյարովի ոչ հարիր պահվածքը: Քննարկումների մի, այսպես կոչված, կողմը պնդում է, որ վարչապետ Փաշինյանն ակնհայտ տանուլ տվեց, քանի որ ըստ արժանվույն չկարողացավ հակադարձել Ալիեւին: Մյուս կողմը պնդում է, որ Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի բանակցությունները օրինակ բերելով, Փաշինյանը «տեղը դրեց» Ալիեւ նախագահին: Ո՞վ պարտվեց եւ ո՞վ հաղթեց, ինչո՞ւմ պարտվեց, ինչո՞ւմ հաղթեց ըստ Ձեզ:

– Յուրաքանչյուր բանախոս այդ քննարկմանն իր խնդիրները լուծեց, մեկը հանրային դիսկուրսը խճճեց, մյուսը՝  «տղամարդկությունն» ի ցույց դրեց եւ այլն: Կրկնում եմ՝ կողմերը հասկանում էին, որ «խաղում» էին լսարանի վրա, այստեղ ավելի մեծ քարոզչական գործոնն էր էական, քան ինչ-որ բանի շուրջ միասնական մոտեցման հասնելու նպատակը:

– Նիկոլ Փաշինյանը նաեւ չհայտարարեց` Արցախը Հայաստանն է եւ վերջ, ինչպես արել էր անցյալ տարի, Ստեփանակերտում, չասաց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մինչդեռ Իլհամ Ալիեւը հստակ ընդգծեց այդ մասով իր մոտեցումը: Նիկոլ Փաշինյանը նաեւ չհերքեց, որ այժմ քննարկվում են հարցի կարգավորման փուլային տարբերակի տարրերը:

– Չէի ցանկանա մեկնաբանել, թե ինչու այդ բանավեճի ժամանակ այս կամ այն հարցին անդրադարձ չեղավ: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ միշտ էլ կգտնվեն, ամեն դեպքում ես չեմ մեկնաբանի:

– Պարոն Աբրահամյան, զինված ուժերում կադրային փոփոխությունները կարծես անխուսափելի էին: Ի՞նչ կտա բանակին այս փոփոխությունները:

– Միանգամից ասեմ, որ եթե կադրային փոփոխություններին զուգահեռ մեծ բարեփումներ չսկսվեն, ապա այդ փոփոխությունների իմաստը կկորի: Ավելին՝ ցանկացած նշանակում անելիս կամ կադրային վերափոխումներ իրականացնելիս պետք է նկատի ունենալ, որ այդ պաշտոններում պետք է գտնվեն մարդիկ, ովքեր ունակ են իրականացնելու դրվող փոփոխությունները:

Պաշտպանության բանակում չկա մի հրամանատար, ում վրա կարելի է ամբողջությամբ բարդել առկա կամ առաջացած խնդիրների պատասխանատվությունը: Երբ ասում ենք բարեփոխումներ, ապա դրանք ենթադրում են օրենսդրականից՝ մոտեցման փոփոխություններ: Այդ փոփոխությունները արագ չեն լինի, արագ արդյունք էլ պետք չի սպասել ու դրա շուրջ մեծ սպասումներ ձեւավորել:

Եթե մենք ուզում ենք հիմնավոր, բովանդակային փոփոխությունների հասնել, ապա պետք է սահմանել գործընթացները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով: Մեկ-երկու քայլանի գործողությունով որեւէ լուրջ եւ ամենակարեւորը՝ երկարաժամկետ արդյունքի չենք հասնի, անհրաժեշտ է մեր ունեցած խնդիրներն ավելի լայն կոնտեքստում դիտարկել, ախտորոշել ու ամբողջ ճակատով անցնել գործի:

Զրույցը`

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829