Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայությունների ոլորտում ամենամեծ ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» անունը

Փետրվար 19,2020 12:39

Անցած տարվա մակրոտնտեսական ցուցանիշների մեջ ամենամեծ աճ արձանագրած ոլորտը ծառայություններն են: Այն տնտեսության միակ ոլորտն է, որ երկնիշ աճ է արձանագրել: Ճիշտ է 2018թ․-ի 18.8 տոկոսի համեմատ կրճատվել է, բայց միևնույն է ամենաբարձրն է ու միակ երկնիշը` 15 տոկոս: Արդյունաբերության 9, շինարարության 4.6, առևտրի 8.9 տոկոս աճի ու գյուղատնտեսության 3.8 տոկոս կրճատման ֆոնին իսկապես բարձր է: Հետևաբար հետաքրքիր է մանրամասնել, թե ինչ է ներառում իր մեջ այդ «ծառայություններ» ասածը: Ի վերջո այն մեր տնտեսության մեջ պատկառելի մասնաբաժին ունի` 2 066 372.8 մլն դրամ է: Կամ մոտ 4 306 մլն դոլար։

Ծառայությունների ոլորտը հաշվառվում է 11 ենթաբաժիններով: Դրանք տարբեր կշիռ ունեն բուն ոլորտում:

Առաջինը «Կացություն և հանրային սնունդի» ծառայություններն են և կազմում են ընդհանուր ծառայությունների ոլորտի 9.4 տոկոսը (ասենք, որ հիմնական բաժինը` ընդհանուրի 7.4 տոկոսը, հանրային սննդինն է): 2019-ի զարգացման տեմպը 26.1 տոկոս է՝ 2018-ի 22.3 տոկոսի նկատմամբ:

Երկրորդ մասնաբաժինը հետաքրքիր անուն ունի` «Մշակույթ, վիճակախաղեր և հանգիստ»: Այն կազմում է ծառայությունների ոլորտի 23.7 տոկոսը (մասնաբաժինը 2018թ․ համեմատ աճել է` 2018-ին 22.2 տոկոս էր): Մշակույթ անվան տակ բավական մեծաքանակ գործառույթներ են միավորված` «ստեղծագործական, արվեստի և հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն»: Բայց այս պատկառելի ցանկին բաժին է ընկնում ծառայությունների ոլորտի ընդամենը 0.3 տոկոսը: Հետևաբար հասկանալի է, որ հիմնական հատվածը վիճակախաղերն են: Պաշտոնական վիճակագրությունը այն անվանում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում»: Ու այս վիրտուալ ու ոչ վիրտուալ մոլախաղերը ծառայությունների ոլորտում 23 տոկոս կշիռ ունեն (2018-ի 21.6 տոկոսի փոխարեն): Դրամով արտահայտած՝ խոսքը 391 321.7 մլն դրամի մասին է: ԱՄՆ դոլարով՝ մոտ 817 մլն դոլարի։ Նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 17 տոկոսով:

Փոխարենը նվազել է երրորդ` կրթության ոլորտի մասնաբաժինը․ 2018-ի 3.1 տոկոսի փոխարեն անցած տարի ծառայությունների ոլորտում կրթության բաժինը 2.8 տոկոս էր: 4-րդ` առողջապահության ոլորտի մասնաբաժինը 2018-ի համեմատ մնացել է նույն` 4.2 տոկոս: Ծառայությունների ոլորտի 3.1 տոկոսը բաժին է ընկնում անշարժ գույքի վարձակալության հանձնելուն: Մյուս` 6-րդ խումբը «Տեղեկատվությունն ու կապն» է, նկատելի` 13.2 տոկոս մասնաբաժնով (2018-ին` 13.9): Հատուկ կարելի է առանձնացնել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաներին բաժին է ընկնում ընդհանուրի 5.5 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ աճը 0.6 տոկոս: 7-րդ` տրանսպորտի ոլորտում մատուցած ծառայությունների մասնաբաժինը 11.7 տոկոս է: Նվազել է նախորդ տարվա 12.6-ի համեմատ:

Ծառայությունների մյուս` 8-րդ ոլորտը ևս պատասխանատու ոլորտ է` «Վարչական և օժանդակ գործունեություն»՝ 4.7 տոկոս տեսակարար կշռով (2018-ին 5.1 էր): Հետաքրքիր է, այստեղ հաշվառվում են մեր պաշտոնական հպարտության` զբոսաշրջության ոլորտի թվերը: Հպարտությունը հպարտություն, բայց զբոսաշրջության տեսակարար կշիռը 0.1 տոկոսով նվազել է: Մի փոքր աճել է 9-րդ` «Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության» ոլորտի տեսակարար կշիռը (4.7 տոկոս 4.5-ի փոխարեն): Հաջորդ 10-րդ ոլորտը պատկառելի է իր ծավալով: «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» տողը ներկայացնում է գործող բանկերի և ապահովագրական ընկերությունների «կշիռը» մեր տնտեսության ընդհանրապես ու ծառայությունների ոլորտի մեջ մասնավորապես: Ոլորտի տեսակարար կշիռը 2019-ին աճել է` 21.4 տոկոս (2018-ին` 20.8): Տնտեսական վիճակագրության բոլոր ցանկերը, բնականաբար, ավարտվում են «այլ» գործառույթներ անունով: Այս պարագային 11-րդ` «Այլ ծառայություններ» տող-ենթաբաժնի կշիռը 1.6 տոկոս է:

Իսկ հիմա համեմատություն-ընդհանրացումներ: Ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» անունը: Անհավատալի է, բայց այս ոլորտի տեսակարար կշիռ-մասնաբաժինը ծառայությունների ընդհանուր ոլորտում կազմում է 23 տոկոս: Կազմում է և գերազանցում բանկերի գործունեությանը (որն ընդհանուրի 13.5 տոկոսն է՝ այսինքն` մոտ 1․7 անգամ պակաս): Գերազանցում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործունեությանը (ընդհանուրի 5.5 տոկոս և 4․1 անգամ պակաս վիճակախաղերից)։ Գերազանցում է հիվանդանոցների գործունեությանը (ընդհանուրի 2.7 տոկոս): Ֆիզիկական ծավալով ծառայություն հաշվառվող բոլոր ոլորտներին գերազանցելուց զատ 2019թ․ ունեցել է 25.3 տոկոս աճ՝ 2018-ի համեմատ: Իսկ եթե հաշվի առնենք, որ 2018-ին այս ոլորտը ֆուտբոլի աշխարհի գավաթի պատվին 45.5 տոկոսանոց աճ է արձանագրել, ապա կարող ենք լռել: Լռել տնտեսության իրական հատվածի, տնտեսության իրական զարգացման ու շատ այլ բաների մասին: Դժվար է խոսել այն մասին, որ վիճակախաղ-մոլեխաղ-բուքմեյքերները անցած տարի 7 (յոթ) անգամ ավելի ծառայություն են մատուցել, քան հանրապետության բոլոր հիվանդանոցները միասին։ Բոլորը՝ միասին։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829