Լրահոս
Օրվա լրահոսը

Նազենի Ղարիբյանը շատ վատ է վերաբերվում այն փաստին, որ Օրբելյանը կրկին օպերային թատրոնի տնօրեն է. «Ժողովուրդ»

Փետրվար 19,2020 11:55

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Կոնստանտին Օրբելյանը կրկին Օպերային թատրոնի տնօրեն է։ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վերականգնելու նրան տնօրենի պաշտոնում։

«Ժողովուրդ» օրաթերթը ԿԳՄՍ նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է կրկին բողոքարկել դատարանի վճիռը. «Մենք՝ որպես կողմ, իրավունք ունենք վիճարկելու վճիռը։ Մի անգամ օգտվել ենք այդ իրավունքից, վիճարկել ենք, հետագայում դատարանի կողմից վերադարձվել է բողոքը տեխնիկական թերությունների եւ մի քանի այլ նկատառումներով։ Մեզ մոտ քննարկում է եղել, եւ եւս մեկ անգամ բողոքելը համարել ենք ոչ նպատակահարմար։ Առաջին ատյանի վճիռը մտել է ուժի մեջ»,- մեկնաբանեց վարչության պետը։

Հարցին՝ այն փաստարկները, որ ներկայացնում էր Նազենի Ղարիբյանը, արդյոք հիմնավոր է համարում, պարոն Մարգարյանը պատասխանեց. «Կան բաներ, որոնց հետ ես համաձայն եմ. սա որպես իրավաբան եմ ասում, բայց ընդհանուր համատեքստում մենք մեզ մոտ քննարկել ենք եւ եկել ենք այն եզրահանգման, որ նպատակահարմար չէ շարունակել»։

Զրուցեցինք նաեւ Նազենի Ղարիբյանի հետ։ Նա նշեց, որ շատ վատ է վերաբերվում այն փաստին, որ Օրբելյանը կրկին օպերային թատրոնի տնօրեն է. «Բացի այն, որ Օրբելյանը չի կարող երկու պաշտոն համատեղել, ես գիտեմ, որ պարոն Օրբելյանը շարունակում է նաեւ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը լինել։ Այսինքն՝ երեք պաշտոն է զբաղեցնում։ Առհասարակ, մի կողմ թողնելով այն, որ որեւէ մեկը մաեստրո է, հանճարեղ մարդ է, միանգամայն պարզ է, որ մի հոգին չի կարող միաժամանակ այդքան պաշտոն զբաղեցնել։ Լավ փաստաբանը շատ հանգիստ կարող էր Օրբելյանի փաստարկներին հակափաստարկներ ներկայացնել։ Ես ինքս կարող եմ դա անել։ Կարդացել եմ դատարանի եզրակացությունը, դա շատ ծիծաղելի է եւ վիճահարույց, իրավաբանական տեսանկյունից ոչ հիմնավոր։ Առկա է կողմնապահ վերաբերմունք, որի հետեւում գուցե ուրիշ հաշիվներ, խնդիրներ, գործակցություններ կան, որոնց մասին մենք չգիտենք։ Եթե օրենքին հակառակ կարելի է պաշտոնավարել, թող Օրբելյանը պաշտոնավարի, ի՞նչ ասեմ…»։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829