Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան. Ռեկտորի պաշտոնակատարի ցանկությունն այն էր, որ ԵՊՀ-ն ընդհանրապես դիրքորոշում չարտահայտի կամ առնվազն լոյալ, դրական կարծիք ձեւավորի. «Հրապարակ»

Փետրվար 19,2020 11:49

Հարցազրույց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հետ

– Ուրբաթ օրը կայացած ԵՊՀ գիտխորհրդի նիստում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը, կարելի է ասել, տապալվեց։ Եզրակացության չգալով՝ գիտխորհուրդը որոշեց նոր հանձնաժողով ձեւավորել, որտեղ Դուք ընդգրկված չեք, քննարկումը կկայանա հաջորդ ուրբաթ։ Ձեզ համար անակնկա՞լ էր նման ելքը։

– Ինձ համար անակնկալ էր նման ելքը։ Ե՛վ այո, ե՛ւ ոչ։ Հարցի քննարկումը ԵՊՀ գիտխորհրդում մի փոքր նախապատմություն ունի։ Սեպտեմբերին, երբ շրջանառության մեջ դրվեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի, այսպես կոչված, աշխատանքային տարբերակը, ԵՊՀ-ն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դրա վերաբերյալ միասնական կարծիք չներկայացրեց, ինչը սխալ էր։ Չնայած համալսարանական կառույցները եւ առանձին համալսարանականներ ներկայացրեցին կարծիքներ, սակայն դրանք չէին կարող փոխարինել ԵՊՀ միասնական կարծիքին։ Եվ երբ արդեն շրջանառության մեջ դրվեց օրենքի պաշտոնական նախագիծը, ԵՊՀ-ն ուղղակի իրավունք չուներ՝ որպես մայր բուհ, դրա վերաբերյալ միասնական կարծիք չարտահայտել։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2019թ. դեկտեմբերի վերջին ԵՊՀ գիտական խորհրդի նիստում ես առաջարկեցի ձեւավորել հանձնաժողով, որը կպատրաստի եւ խորհրդի քննարկմանը կներկայացնի այդպիսի նախագիծ։ Այն հավանության արժանացավ խորհրդի կողմից, եւ առաջարկվեց, որ այն պատրաստի ԵՊՀ գիտխորհրդի իրավական ակտերի մշակման հանձնաժողովը։ Վերջինս, մինչեւ հունվարի 20-ը ստանալով ֆակուլտետների եւ այլ կառուցվածքային ստորաբաժանումների առաջարկները, կազմեց նախագիծը եւ այն ներկայացրեց փետրվարի 13-ի նիստում։

Ինչ կատարվեց գիտխորհրդում, կարծում եմ՝ խորհրդի որոշ անդամների կողմից առաջնային դիտարկվեցին ոչ թե համալսարանի, այլ անձնական, խմբակային եւ այլ շահեր։ Նման եզրահանգման համար հիմք են ծառայում նիստի ընթացքը, խորհրդի որոշ անդամների ելույթները, տարաբնույթ առաջարկները (հաճախ՝ առանց լուրջ հիմնավորումների)։ Սրանք ի ցույց դրեցին խորհրդի առանձին անդամների նպատակները, որոնք ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ հնարավոր չէ դիտարկել որպես ԵՊՀ շահով պայմանավորված բովանդակային քննարկմանը եւ միասնական կարծիք ձեւավորելուն ուղղված։ Դրան նպաստեց նաեւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի վարքագիծը, որի ցանկությունն ակնհայտորեն այն էր, որ համալսարանն ընդհանրապես դիրքորոշում չարտահայտի կամ առնվազն լոյալ, դրական կարծիք ձեւավորի։

Մինչդեռ հանձնաժողովում կարծիքի պատրաստման ընթացքում նա խիստ կառուցողական էր տրամադրված եւ հիմնականում դրական վերաբերմունք ուներ մեր նախագծի վերաբերյալ։ Իհարկե, երբ արդեն նախագիծը վերջնական տարբերակով պատրաստ էր, նա ինձ առաջարկեց հանել կարծիքի երկրորդ կետը, որը վերաբերում էր նախագծի հիմնավորվածությանը։ Ի՞նչն էր ազդել նրա վերաբերմունքի վրա այդ մի քանի օրվա ընթացքում, չեմ կարող ասել։ Ես հրաժարվեցի այդ փոփոխությունն անել, քանի որ, նախ՝ հանձնաժողովը հավանության էր արժանացրել կարծիքը՝ նման տեսքով, եւ ես իրավասություն չունեի այն փոխելու, եւ երկրորդ՝ ինքս էլ համոզված էի, որ առանց օրենքի նախագծի հիմնավորվածության բացահայտման ԵՊՀ կողմից նախագծի վերաբերյալ կարծիքը լուրջ չէր ընկալվի։

Իսկ այն, ինչ կատարվեց խորհրդում, հիշեցնում է վատ բեմադրված ներկայացում։ Ովքեր էին բեմադրիչները, ես չգիտեմ, բայց իրականացնողներն ակնհայտորեն հայտնվեցին ծիծաղելի իրավիճակում։ Նպատակը պարզ էր. ամեն ինչ անել, որպեսզի կարծիքն այդ տեսքով չընդունվի, ծայրահեղ դեպքում հետաձգել եւ փորձել անցկացնել հնարավորինս մեղմ քննադատությամբ դրական կարծիք։

Երբ ես կրկին դիտեցի նիստի տեսագրությունը, ինձ համար բացահայտվեց մի իրողություն։ Խորհրդի անդամներից ոմանք ակնհայտորեն հետապնդում էին նշածս նպատակը, մյուսներն անբովանդակ հարցերով եւ ելույթներով կոչված էին նպաստելու դրա իրականացմանը, իսկ երրորդ՝ ամենամեծ խումբը, որն ամենացավալին է, անտարբեր էր այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում էր խորհրդում, սակայն պարտաճանաչորեն կատարեցին հրահանգը՝ դեմ քվեարկել ներկայացված կարծիքին։ Համոզված եմ, որ եթե վերջիններիս հարցնեն, թե ինչին են դեմ քվեարկում, չէին կարող հոդաբաշխ բացատրություն կամ հիմնավորում ներկայացնել։

Նիստը վարողը չէր կողմնորոշվում ինչ անել, քանի որ առավելագույն նպատակին հասել էր՝ կարծիքը չէր ընդունվել, իսկ հետագայի հետ կապված՝ հստակ կողմնորոշում չուներ՝ հայտարարվեց ընդմիջում, ենթադրաբար, խորհրդակցելու համար։

Ընդմիջման գնալուց առաջ ռեկտորի պաշտոնակատարը կարծիք էր հայտնել, որ կարելի է նաեւ չունենալ միասնական պաշտոնական տեսակետ, իսկ ընդմիջումից հետո պարզվեց, որ որոշել է նոր հանձնաժողով կազմել եւ պատրաստել նոր կարծիք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829