Ս.թ.փետրվարի 17-18-ը Նյու Յորքում (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության եւ Միավորված ազգերի կազմակերպության «Կրթությունը՝ որպես խաղաղության եւ կայուն զարգացման խթանիչ, դեպի կայուն զարգացման նպատակ 4-ի իրականացում» խորագրով լսումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության հայկական պատվիրակության անդամ, Միջխորհրդարանական միության ՄԱԿ-ի հարցերով հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանը։
Կրթությունը՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության. ակտիվ քաղաքացիության կապերի ստեղծումը. խորագրով քննարկման թեմաները
– Համապարփակ անդրադարձ կրթությանը՝ իբրև առաջնահերթ ազատ մտածելակերպ ունեցող անհատներին զարգացնող միջոց, ովքեր իրենց ապահովելուց բացի կարող են աջակցել նաև իրենց համայնքներին՝ որպես պատասխանատու և ներգրավված քաղաքացիներ:
– Տնտեսական հրամայականների պահանջները բավարարելուց բացի կրթությունը պետք է նպատակ ունենա աջակցել նաև արդար, խաղաղ և կայուն հասարակություններին, մշակութային բազմազանությանը, մարդկային արժանապատվությանը, գենդերայինհավասարությանը և համերաշխությանը՝ իբրև ժողովրդավարական կյանքի էական հատկանիշներ: Այնինչ շատ կրթական համակարգեր շարունակում են բավարարել միայն տնտեսության կամ շուկայի կարիքները՝ երկրորդական պլան մղելով համընդհանուր բարօրությունն ու սոցիալական դաշինքը, որը պետք է միավորի քաղաքացիներին: Այս առումով հատուկ դեր պետք է ունենան քաղաքացիական կրթությունը, ինչպես նաև քաղաքական պրակտիկան՝ ընտրված ներկայացուցիչների և կառավարման բոլոր ինստիտուտների հետ ակտիվ ներգրավվածության միջոցով:
Կարդացեք նաև
Միքայել Մելքումյանի ելույթը
Հարգելի’ գործընկերներ,
Անշուշտ, քննարկվող հարցը չափազանց կարևոր է, և մենք պետք է գտնենք արդյունավետ լուծումներ։
Այսօր կան երկրներ, որտեղ կան աշխատատեղեր, սակայն չկան աշխատողներ՝ որակի և աշխատավարձի չափի պատրվակով: Մարդիկ նաև համեմատաբար աղքատ երկրներում համաձայն չեն ստանալ միայն գոյատևման աշխատավարձ և համարվել աշխատող աղքատներ: Սա լուրջ հարց է:
Կրթական իրավունքի ապահովման խնդիրը, ինչպես և մարդկանց ապրելու, աշխատելու, առողջության պահպանման իրավունքները, համամարդկային նորմեր են, որոնք արձանագրված են նաև ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում: Եվ այս առումով շատ կարևոր է, որ դա չմնա թղթի վրա, այլ իսկապես բոլորի համար իրականություն դառնա:
Իսկ կարո՞ղ եք ասել՝ ինչպես այդ իրավունքից օգտվեն, ասենք, չճանաչված պետություններում ապրող երեխաները, ուսանողները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի, Արցախի Հանրապետությունում ապրող և սովորող դպրոցականներն ու ուսանողները: Պետություն, որն արդեն 30 տարի է դե ֆակտո անկախ է և ձևավորել է պետականության բոլոր ինստիտուտները, արդարացիորեն ապրում է իր ապուպապերի հայրենիքում, որտեղ են իրենց նախնիների գերեզմանները, եկեղեցիները: Եվ այս ժողովրդի մոտ հարգի է եղել կրթությունը, գիտությունը, մշակույթը:
Հիմա խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք անկախ, չճանաչված պետության կարգավիճակում գտնվող Արցախի Հանրապետությունում չպետք է հստակ լուծել կրթական և մյուս իրավունքների իրացման հարցը:
Ինչպե՞ս: Ըստ էության՝ դրա մասին կոնկրետ իրավական փաստաթղթեր ընդունելով:
Չճանաչված պետությունների կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթության ոլորտում: ՄԱԿ-ի Կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի կոնվենցիայի դրույթների կիրառումը պետք է նպաստի այդ պետությունների բնակչության կրթական իրավունքի իրացմանը:
Միքայել Մելքումյանի գրասենյակ