Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացական «ժողովուրդը» եւ կոնկրետ քաղաքացիները

Փետրվար 19,2020 10:00

Բանակում սպանությունները, ինքնասպանությունները եւ դժբախտ պատահարները մեկնաբանելիս՝ իշխանության երկրպագուներն ընկնում են դավադրապաշտական տեսությունների գիրկը եւ վարկած են առաջ քաշում, որ դա դեռեւս վերջնականապես չջախջախված նախկին իշխանության բեկորների սաբոտաժն է: Այդ բազմամարդ խումբը վարկած է առաջ քաշում, որ միջադեպերի անմիջական պատասխանատուն են Քոչարյանը կամ ՀՀԿ-ն:

Իշխանության հակառակորդներն էլ ամեն ինչ ցանկանում են բարդել Փաշինյանի վրա եւ այդ ձեւով ողբերգական դեպքերից քաղաքական դիվիդենտներ քաղել:

Երկու մոտեցումներն էլ ինձ շատ տհաճ են թվում, քանի որ խոսքը երիտասարդների կյանքի մասին է:

Իրականում խնդիրներն ավելի խորն են եւ այսօրվա քաղաքական կոնյունկտուրայի հետ առանձնապես կապ չունեն: Քաղաքական շահարկումների պակաս մեզանում չի զգացվում, փոխարենը բացակայում է հասարակական խնդիրների նկատմամբ սթափ վերաբերմունքը: Եվ այստեղ էլ մի վտանգ կա, որը գալիս է այսպես կոչված «ժողովրդասերների» կողմից: Հենց որ փորձում ես վերլուծել մեր հասարակության առանձնահատկությունները՝ նրանք սկսում են բացականչել՝ «բա մեր ժողովուրդը այդպիսի՞ն է…»

Թե ինչպիսին է մեր ժողովուրդը՝ դա վերացական հարց է, որի հստակ պատասխանը ես չունեմ: Հավանաբար մեր ժողովուրդը ճիշտ այնպիսին է, ինչպիսին ցանկացած այլ ժողովուրդ՝ ոչ ավելի լավը, ոչ էլ՝ վատը: Պարզապես ամեն մի ժողովուրդ պատմական այս կամ այն ժամանակահատվածում ունի իրավագիտակցության որոշակի մակարդակ:

Ենթադրենք 2016թ. հուլիսին հանրաքվեի դրվեր հետեւյալ հարցը՝ կարելի՞ է արդյոք հարձակվել ոստիկանական խմբի վրա եւ սպանել երեք ոստիկանի, ինչպիսի՞ն կլիներ մեր քաղաքացիների մեծամասնության պատասխանը: Կարծում եմ՝ «այո»: Եվ դա կխոսեր ոչ թե մեր ժողովրդի հատկությունների, այլ՝ պետության եւ օրենքի հանդեպ այդրոպեական վերաբերմունքի մասին, որովհետեւ եթե այդ հարցը հիմա դրվի քվեարկության, լրիվ այլ պատկեր կունենանք:

Բանակում տիրող բարքերը պետք է վերլուծել հենց այս տեսանկյունից: Մեր հասարակական հոգեբանության, մշակույթի մեջ կա հայրենասիրության, անձնազոհության գաղափարը, որով, բարեբախտաբար, առաջնորդվում են նաեւ այսօր երկրի անվտանգությունն ապահովող երիտասարդները: Նրանք կարող են կռիվ տալ քանակապես գերազանցող հակառակորդի հետ՝ չնահանջելով ոչ մի քայլ: Բայց մյուս կողմից՝ քիչ թե շատ խաղաղ իրավիճակում ցանկացած խեթ հայացք կամ անհաճո բառ կարող է դառնալ լուրջ միջադեպի պատճառ: Եվ հիմքում, իմ կարծիքով, պետականության մշակույթի՝ խիստ կանոնների եւ կարգապահության կիրառման բացակայությունն է: Իսկ երբ չկա այդ մշակույթը՝ ի հայտ են գալիս «թասիբի» եւ «տղա լինելու» մասին կեղծ պատկերացումները:

Իհարկե, բանակի ղեկավարությունը պետք է կատարի իր վերլուծությունները, բայց չեմ կարծում, որ նման խնդիրների լուծումը պետք է թողնել միայն զինվորականների ուսերին: Այստեղ պետք է մտահոգվի ողջ հասարակությունը եւ խոստովանի իր արատները: Առանց ազգի եւ ժողովրդի մասին քաղցր կենացների:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագն says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,
    Երկար տարիներ հետևում եմ Ձեր հոդվածներին այս անգամ կուզեմ արտահայտվել:
    Կարծում եմ չջախջախված նախկին իշխանության բեկորների սաբոտաժն է ասող կամ ոստիկանական խմբի վրա հարձակած եւ երեք ոստիկանի սպանությանը ԱՅՈ ասող հատվածը շատ փոքր է, համոզված եմ այն ել ասվում է էմոցիաների ազդեցության տակ, երբ որ որոշ ուժերի կողմից բազում մեղքերն ու սխալները ընդունելու փոխարեն հոխորտանքներ, սպառնալիքներ են ստացվում և ակնհայտ ցինիկ պահվածք է դրսևորվում:
    Հա ի դեպ այսքան չարչարկվող ատելության խոսքն ել է վերը նշված երևույթից գալիս և չեմ կարծում, որ հատուկ ուղղորդվում է:

    Մեկ ել Ձեր հոդվածից չհասկացվեց արդյոք ներկա իշխանությունները աշխատում են խեթ հայացք կամ անհաճո բառը լուրջ միջադեպի պատճառ չդարձնելու կամ պետականության մշակույթի՝ խիստ կանոնների եւ կարգապահության ձևավորման հարցում և արդյոք հասարակությունը, քաղաքական ուժերը, տարբեր «ակտիվիստները», «վերլուծաբաններն» ու լրատվամիջոցները օգնում են նրանց այդ հարցում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829