«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղ՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետեւելու նպատակով:
«Մենք անշուշտ ցանկանում ենք արդար ընտրություններ տեսնել Արցախում մարտի 31-ին, ուստի ձեզ տեղյակ եմ պահում, որ որոշել եմ նաեւ իմ աշխատակցին ուղարկել ընտրությունների ընթացքին հետեւելու», -նշեց կոնգրեսականը։
Պաշտոնական Բաքուն, որը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում, այնտեղ անցնող բոլոր ընտրությունները «օկուպացված տարածքներում քաղաքական շոու» է անվանում:
Ճանաչի Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը թե ոչ՝ կյանքն այնտեղ շարունակելու է զարգանալ, համոզված է հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Կանչելյան Սփիրը. «Շատ կարեւոր է, որ այնտեղի ժողովրդավարությունը շարունակական լինի»:
Կարդացեք նաև
Կոնգրեսի աշխատակիցների թվում ընտրությունների ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար Ղարաբաղ է պատրաստվում մեկնել կոնգրեսական Ֆրանք Փալոնի ավագ խորհրդական Ջեյմս Ջոնսոնը.
«Ուսումնասիրել եւ տեսել եմ, որ Արցախի նախորդ ընտրությունները եղել են ազատ, արդար եւ թափանցիկ բոլոր չափանիշներով: Հույս ունենք, այժմ դրանք նույնպես ազատ կլինեն»:
Ջոնսոնի ղեկավար, կոնգրեսական Ֆրանք Փալոնն իր կողմից ավելացնում է. շատ կարեւոր է ողջ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարություն է հաստատված.
«Մենք ցանկանում ենք մատնանշել, որ Արցախում գործող ժողովրդավարություն է, որը համապատասխանում է ազատ հասարակության բոլոր չափանիշներին»:
Չնայած մի շարք կոնգրեսականների որոշմանը, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը նախկինում չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի տարածքում անցած ընտրությունները: