Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՀՀ հանրային կառավարման համակարգը կարիք ունի արմատական բարեփոխումների…

Փետրվար 19,2020 12:30

Դեկտեմբերի  12-ին  կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը միանգամայն օբեկտիվորեն արձանագրեց, որ  հանրային կառավարման համակարգը գործում է անարդյունավետ, որ նորմալ աշխատելու ունակություն ունեցող կառավարման համակարգ ուղղակի չունենք։

Հեղափոխությունից հետո այդպես էլ  իշխանությունները չկարողացան ձևավորել հանրային կառավարման գործուն համակարգ և հավաքագրել քաղաքական (իշխանական) այնպիսի ընտրանի, որոնք կտիրապետեն մասնագիտական գիտելիքների, օժտված կլինեն կառավարչական ընդունակություններով, բարոյական  բարձր արժեքներով ու սկզբունքներով, որոնց համար կուսակցության գաղափարախոսությունն ու հանրային (պետական) շահը առաջնային են և որոնք իշխանական լիազորությունները  արդյունավետ ձևով կօգտագործեն հանրության խնդիրները լուծելու համար:

Իրականում, մինչդեռ հետհեղափոխական Հայաստանում հանրային կառավարման համակարգի  արմատական բարեփոխումներն ըստ էության  հիմնականում սահմանափակվեցին նախկին փորձառու ու բանիմաց  կադրերի զգալի մասին քայլ արած ՔՊ-ական երիտասարդներով և դավանափոխ եղած հանրապետականներով փոխարինելով, որոնցից շատերը, սակայն, ժամանակին հեղափոխության դեմ պայքարած, ընտրակեղծարար, անփորձ, բանակից խուսափած, այս երկրի համար ոչ մի ծառայություն չունեցող, հանուն սեփական փառքի ու շահի ամեն ինչի պատրաստ, ծառայամիտ, անհայտ ծագման ու կենսագրության տեր մարդիկ են և չեն տիրապետում անգամ կառավարման վերաբերյալ պարզագույն  գիտելիքների ու իրենց գործառույթներին, ինչը միանգամայն տեղավորվում է կադրերի ընտրության  հեղափոխական տրամաբանության մեջ:

Չէ՞ որ ինչպես 20-րդ դարի բրիտանացի նշանավոր գրող, բրիտանական հետախուզության գործակալ Ուիլյամ Սոմերսետ Մոեմն էր գտնում՝ «Հեղափոխությունների ժամանակ վերև է բարձրանում հասարակության փրփուրը՝ անպետքներն ու հանցագործները»:

Փորձը ցույց է տալիս, որ  չկայացած, իշխանատենչ, ամբարտավան, ապաշնորհ, տգետ, չընդունված, բարդույթներ ունեցող մարդկանց շատ վտանգավոր է իշխանական լիազորություններ տալ, նրանք կարող են չարաշահել այդ լիազորությունները, հեղինակազրկել, նվաստացնել, վարկաբեկել հզոր ու արժանավոր մարդկանց, գլխատել ազգի ընտրանուն, վրեժխնդիր լինել ուրիշներից իրենց չստացված ճակատագրի համար, պառակտել հասարակությանը և պարզապես ձախողել իրենց վստահված ոլորտը:

«Չկա  ոչինչ ավելի վտանգավոր, քան երբ իշխանությունը հայտնվում է ապաշնորհ մարդկանց ձեռքերում»,- ասել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա Ժան Ժակ Ռուսսոն:

Հեղափոխության ակտիվ դերակատարների նկատմամբ ունենալով պարտավորվածություն՝ տրվեց հատուցում և հնարավորություն ինքնադրսևորվելու համար, սակայն արդեն շուրջ 2 տարի է անցել և ժամանակն է վերանայել կադրերի ընտրության փիլիսոփայությունն ու ձերբազատվել նրանցից, ովքեր թյուրիմացաբար են հայտնվել ոչ իրենց տեղում:

Միաժամանակ հաշվի առնելով Հայաստանի խորհրդարանական պետություն լինելու հանգամանքը և խորհրդարանի, որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական ինստիտուտի չափազանց կարևոր դերը երկրի քաղաքական կյանքում, անհրաժեշտ էր ամենայն լրջությամբ վերաբերվել ԱԺ արտահերթ ընտրություններին, ինչը, ցավոք, տեղի չունեցավ:

Արդյունքը եղավ այն, որ բավականին ցածր է պետական ինստիտուտների աշխատանքի արդյունավետության մակարդակը, իսկ կառավարման գրեթե բոլոր մակարդակներում ու օղակներում շատ պաշտոնյաների գործողություններում պարզապես բացակայում են տրամաբանությունը, լրջությունը, գործիմացությունը, պատասխանատվությունը, հետևողականությունը, վճռականությունը, օպերատիվությունը, պետական մտածողությունը և քիչ չեն դեպքերը, երբ ընդունվում են իրականությունից կտրված ու չհիմնավորված օրենքներ ու կառավարչական որոշումներ:

Ըստ էության հետխորհրդային տարիներին բոլոր իշխող կուսակցությունները կադրերի ընտրության հարցում առավելապես առաջնորդվել են կուսակցականության, «յուրային» և «հավատարիմ» լինելու սկզբունքով, նրանցից շատերը մինչդեռ իշխանություն կորցնելու դեպքում առաջինն են դավաճանել սեփական թիմին և լքել կուսակցությունը: Ներկայումս էլ շատ դեպքերում դեռևս պահպանվում է կադրերի ընտրության նույն արատավոր պրակտիկան:

Այսպիսի մոտեցումը որևէ տրամաբանության չի ենթարկվում, խիստ մտահոգիչ է և կարող է ոչ միայն անգործության մատնել, այլ նաև արժեզրկել պետական ինստիտուտներն ու պաշտոնները, երկիրը վեր ածել անիշխանության ու քաոսի, ինչը անդառնալի վնաս կարող է հասցնել պետականությանն ու պետության առաջընթացին: Չգիտես ինչու, մենք յուրահատուկ համակրանք ունենք գորշ միջակության նկատմամբ, իսկ լավերին, անհատականություններին չենք նկատում, չենք սիրում, չենք հանդուրժում, չենք արժևորում: Մինչդեռ նրանք են պատմություն կերտում, ազգն ըստ արժանվույն ներկայացնում աշխարհին և ապահովում երկրի առաջընթացը:

«Մեծ պաշտոններն առանց հոգևոր մեծության նման են կավե անդրիի` դրված ոսկե պատվանդանի վրա»,- գրել է Գարեգին Նժդեհը: Իսկ հին հույն փիլիսոփա Անտիսֆենը դեռևս մ.թ. 350 տարի առաջ ասել է. «Պետությունները կործանվում են այն դեպքում, երբ լավերին չեն կարողանում տարբերել հիմարներից»: Պետությունն ու երկիրը դրանք շատ լուրջ բան են, դրանց պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել, հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել այն: 19-րդ դարի գերմանացի նշանավոր  կոմպոզիտոր Կառլ Վեբերը նշել է, որ. «Ամենադժվարին արվեստը, դա կառավարելու արվեստն է»:

Պետություն կառավարելը դա բացառապես իմաստուն մարդկանց գործ է` ովքեր սիրում են իրենց երկիրն ու ժողովրդին, բարեկիրթ են և պարկեշտ, խիզախ են, ունեն բարոյական աշխարհայացք, գիտելիքների մեծ պաշար, փորձառություն, վաստակ, հեղինակություն, ազնվագույն ծագում, կրթական ու մասնագիտական բարձր մակարդակ և կազմակերպչական ունակություններ:

Այս կապակցությամբ ՀՀ առաջին դեմքերին տեղին է հուշել Շառլ դե Գոլի «Ղեկավարի ամենաբարդ խնդիրը, դա ճիշտ մարդուն ճիշտ տեղում նշանակելն է» խոսքերը: Իսկ գերմանական կայսրության առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկն այն կարծիքն է արտահայտել, որ. «Վատ օրենքներով, սակայն լավ պետական պաշտոնյաներով միանգամայն կարելի է արդյունավետ կառավարել երկիրը»:

Կառավարման արդյունավետության վրա բացասաբար է անդրադառնում նաև կադրերի ընտրության կուսակցականացված մոտեցումը, ինչն ընդունելի չի համարել նաև Գարեգին Նժդեհը: «Հայը պատճառ չունի կուսակցականանալու, հայը կուսակցականանալու նաեւ իրավունք չունի»,- նշել է նա:

Այսպիսի մոտեցումը կարող է ազգայինի նկատմամբ կուսակցական շահի վեր դասման ու հասարակության պառակտման՝ յուրայինների ու օտարների բաժանման լուրջ վտանգ հանդիսանալ: Պետք է խոստովանենք, որ կուսակցություններն ըստ էության Հայաստանում վարկաբեկված ինստիտուտներ են և դրանք թե առաջին, թե երկրորդ և թե երրորդ հանրապետության  ժամանակ առավելապես առաջնորդվել են ոչ թե գաղափարներով ու երկրի շահերով, այլ իրենց անձնական ու խմբային նեղ ամբիցիաներով:

Անհրաժեշտ  է արմատապես փոփոխության ենթարկել երկրի քաղաքական համակարգը, փոփոխություններ կատարել կուսակցությունների մասին օրենքում ու Ընտրական օրենսգրքում այն հաշվով, որպեսզի կուսակցությունները հայտնվելով քաղաքական դաշտում, դառնան հասարակական զարգացման կարևոր գործոն, ձևավորվեն գաղափարական սկզբունքներով և  երկրի քաղաքական համակարգ չթափանցեն պատահական ու անարժան մարդիկ:

Ամենևին չժխտելով, որ  անշուշտ կան շատ ազնիվ, իրենց գաղափարներին ու հայրենիքին նվիրյալ կուսակցականներ, դրա հետ միասին, սակայն, շատ  անբարոյականների ու ապաշնորհների համար կուսակցություններում հանգրվանելը  ցանկացած գնով  լավ և հեշտ ապրելու  միջոց է դարձել: 17-րդ դարի անգլիացի պետական գործիչ Ջորջ Սավիլ Գալիֆակսը կուսակցությունների մասին ասել է. «Նույնիսկ ամենաառաջադեմ կուսակցությունը դա յուրօրինակ դավադրություն է ազգի մնացած մասի նկատմամբ»:

Ավելի ուշ 18-րդ դարի անգլիացի պոետ Ալեքսանդր Պոուպն այն կարծիքին է եղել, որ. «Կուսակցությունը դա շատերի գաղափարական մոլորությունն է,  հօգուտ մի քանիսի»: Իսկ ֆրանսիական քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության առաջնորդ, 1849թ. Ֆրանսիայի արտգործնախարար Ալեքսիս դե Տակվիլը նշել է, որ. «Կուսակցությունները ճգնաժամի և հասարակության պառակտման աղբյուր ու չարիք են  երկրի, պետության և ազատ կառավարությունների համար»:

Այնուամենայնիվ, կուսակցությունները դեռևս մնում են քաղաքացիական հասարակության և պետության միջև առավել արդյունավետ կապ ապահովող ինստիտուտներից մեկը: Որպես կանոն, Հայաստանում հասարակության ակտիվ և գերակշիռ  որակյալ մասը լուրջ չեն ընդունում կուսակցություններին, չեն անդամակցում որևէ կուսակցության ու արդյունքում  հայտնվում են քաղաքական լուսանցքում:

Ներկայիս քաղաքական համակարգն իրեն սպառել է, ուստի անհրաժեշտ է ձևավորել քաղաքական  այնպիսի մրցակցային համակարգ և ներմուծել նոր, այնպիսի քաղաքական մշակույթ, որի դեպքում քաղաքացիական հասարակությունը լուրջ մրցակից և այլընտրանք կլինի կուսակցություններին: Իսկ քաղաքական գործընթացները տեղի կունենան հասարակության լայն շերտերի ներգրավվածության, մրցակցության ու ժողովրդավարության պայմաններում և պետական ինստիտուտների ու կառավարման ընտրանու ձևավորման գործում կուսակցություններից զատ ակտիվ մասնակցություն կունենա  նաև քաղաքացիական հասարակությունը:

Կարծում եմ՝ Ազգային ժողովի ընտրություններում  կուսակցություններին որպես այլընտրանք և մրցակից, հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական նախաձեռնություններին և շարժումներին  եւս թեկնածուներ առաջադրելու ու ընտրվելու  իրավունք պետք է վերապահել: Իսկ նրանց գործունեության մեխանիզմները  պետք է կանոնակարգել օրենքով՝ քաղաքական ու հանրային քննարկումների արդյունքում:

Թե չէ ստացվում է, որ ներկուսակցական դեմոկրատիայի  գրեթե իսպառ բացակայության և չկայացած քաղաքական դաշտի պայմաններում տարիներ շարունակ Հայաստանում ԱԺ պատգամավորության թեկնածուների նախընտրական ցուցակներ և խորհրդարան է ձևավորվում մի քանի մարդու՝ կուսակցությունների առաջնորդների, իսկ խորհրդարանական մեծամասնություն՝ մեկ մարդու քմահաճույքով:

Պետք է արձանագրել, որ ըստ էության համամասնական ընտրական համակարգը իրեն չի արդարացնում չկայացած քաղաքական համակարգի պայմաններում: Արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչ որակի խորհրդարաններ ենք ունենում, իսկ որոշների հայտնվելն այնտեղ պարզապես զավեշտ է, ծաղր ու անհարգալից վերաբերմունք տաղանդավոր հայ ժողովրդի ու հայոց պետականության նկատմամբ:

Կառավարման համակարգի արմատական բարեփոխումները հնարավոր է միայն համալիր միջոցառումների իրականացման արդյունքում, ինչը ենթադրում է.

– կադրերի ընտրության գործում արդարության, մրցակցության, թափանցիկության, հրապարակայնության և հասարակական վերահսկողության ապահովում,

– կառավարման կադրերի որակի բարելավման նպատակով  նրանց պատրաստումը և  վերապատրաստումը արտասահմանյան տարբեր երկրներում և Հայաստանում, «…իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում»,- գրել է Մեծն Հովհաննես Թումանյանը:

– կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման և կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով շատ կարևոր է նաև պետական ու քաղաքացիական ծառայողների սոցիալական պաշտպանվածության գործուն և ճկուն համակարգի ձևավորումը: Սա ամենևին չի ենթադրում յուրայինների աշխատավարձերի  կամայական ու կտրուկ բարձրացում ու տարերային պարբերաբար պարգևատրություններ: Այս հարցին պետք է տալ իրավական հստակ լուծում՝ ցուցաբերելով համակարգային ու  արդար մոտեցում,

– կարևոր է նաև հանրային կառավարման համակարգում պատասխանատվության և հաշվետվողականության գործուն և ճկուն ինստիտուտի ներդրումը: Դրա համար անհրաժեշտ է մշակել պետական և ՏԻ մարմինների ու պաշտոնյաների գործունեության արդյունավետության գնահատման մեթոդաբանություն, ինչը նաև թույլ կտա խուսափել սուբյեկտիվ գնահատականներից,

– կառավարության օպտիմալ կառուցվածքով է նաև մեծապես պայմանավորված երկրի կառավարման համակարգի և կառավարության գործունեության արդյունավետությունը,

– ելնելով այն հանգամանքից, որ շատ դեպքերում կառավարման համակարգ են թափանցում  պատահական և անարժան մարդիկ, անհրաժեշտ է օրենքով սահմանել ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, ՏԻՄ ղեկավարների և ավագանու թեկնածուների ու պետական այլ պաշտոնյաների նկատմամբ կրթական, մասնագիտական ու բարոյական առավել խիստ ցենզ,

– ՀՀ տարածքային  միավորներում առկա տարաբնույթ հիմնախնդիրներով պայմանավորված լուրջ բարեփոխումների կարիք ունի նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգը: Ճիշտ կլինի իրականացնել վարչատարածքային նոր բարեփոխումներ, վերանայել խոշորացված համայնքների սահմանները և կատարել կառավարության, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նոր, առավել  օպտիմալ վերաբաշխում:

Համայնքների խոշորացման արդյունքում, կարծում եմ, մարզպետարանների գոյությունը դառնում է ինքնանպատակ: Միջազգային փորձում լայն տարածում գտած համայնքների համագործակցության ինստիտուտի ներդրումը թույլ կտա լուծել խնդիրներ, որոնք առանձին համայնքների համար հասանելի չեն կամ կապված են լուրջ բարդությունների հետ և մասշտաբի դրական էֆեկտի շնորհիվ նպաստում են կառավարման արդյունավետության բարձրացմանը: Անհրաժեշտ է նաև փոփոխություններ կատարել ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում և վերանայել համայնքներին տրվող դոտացիան ձևավորող գործոնների համակարգը,

– արմատական բարեփոխումների կարիք ունի նաև քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկիրը կառավարել փողոցից եկածների և թայֆաների միջոցով, տնավարի կամ հանցագործ աշխարհի օրենքներով: Պետությունը կարող  է  արդյունավետ կառավարվել և զարգանալ առաջին հերթին  անկախ կուսակցական, սեռային, տարիքային ու ազգային պատկանելությունից՝ բացառապես բարձր արժեքներ ու որակներ կրող  մարդկանցով համալրելու և  պետական ինստիտուտների ու պաշտոնյաների նկատմամբ պատկառանքն ու հարգանքը վերականգնելու միջոցով:

Մենք չենք կարող լավ երկիր ունենալ, քանի դեռ լավը, ուժեղը, արժանապատիվն  ու խելացին չի գնահատվում ըստ արժանվույն, քանի դեռ  հասարակական դիրք ունենալու համար կարևոր է «յուրային» լինելը և  շատ դեպքերում անգնահատելի արժեք են ծառայամտությունը, տգիտությունը, անամոթությունը, լկտիությունն ու քծնանքը:

Արդյունավետ  գործող քաղաքական համակարգ ունենալու համար շատ բան կախված է հենց քաղաքացուց և կարևոր է, որ մենք լինենք հեռատես և պետականությանն ու քաղաքական գործընթացներին վերաբերվենք ավելի լուրջ, սթափ ու կշռադատված: Ցավոք, սակայն, մենք այդպես էլ չենք կարողանում դառնալ քաղաքական ազգ և մեզ մշտապես խանգարում են դյուրահավատությունն ու զգացմունքայնությունը:

Ելնելով հարցի կարևորությունից և հանրային մեծ պահանջից, հուսով եմ, վարչապետ Փաշինյանը ունենալով բարձր վստահություն, կցուցաբերի  բավարար կամք և վճռականություն և խելամիտ ժամկետներում հանրային կառավարման ոլորտում կիրականացնի արմատական համակարգային բարեփոխումներ:  Ապրում ենք բավականին դժվարին ու պատասխանատու ժամանակաշրջան, գտնվում ենք աշխարհաքաղաքական բարդ ու լարված տարածաշրջանում: Պատերազմող երկիր ենք, ունենք Արցախի և Հայաստանի անվտանգության խնդիր, ունենք տնտեսության զարգացման, սոցիալական, մշակութային, գիտակրթական, ժողովրդագրական, բնապահպանական, ներքաղաքական, հասարակության համերաշխության ու կայունության, պետականաշինության, արդարության հաստատման, արժեհամակարգի ու բարոյականության հետ կապված խնդիրներ ու մարտահրավերներ և մեկ րոպե անգամ հապաղելու իրավունք չունենք:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության  թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
18.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829