Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆաշիստ ձեւացած ու զղջման գնացած բարձր նորաձեւության ասպետը

Փետրվար 19,2020 13:00

Սկանդալային ռոմանտիկ Ջոն Գալիանոյի կարիերայի վայրիվերումները

Մեր ժամանակների լավագույն դիզայներներից մեկի՝  իր էպատաժային կոլեկցիաներով հռչակված Ջոն Գալիանոյի կյանքը գլխապտույտ վերելքների ու ցավոտ անկումների մի ամբողջ շղթա է: kulturologia.ru-ն որոշ ուշագրավ դրվագներ է ներկայացրել նրա բուռն կյանքից ու կարիերայի վայրիվերումներից:
      ղ

Ջոն Գալիանոյի հայրն  իտալական արմատներով անգլիացի սանտեխնիկ  էր, իսկ տնային տնտեսուհի մայրը` ազգությամբ իսպանուհի: Նրա իսկական անուն- ազգանունն էր Խուան Կառլոս Անտոնիո Գալիանո Գիլիեն: Ջոն Գալիանոն 1996-2011 թթ. եղել է  Christian Dior-ի արթ-տնօրենը:

Գալիանոն տարբեր առիթներով նշել է, որ հենց մայրն է սովորեցրել գեղեցիկ հագնվել, անգամ եթե հացի խանութ ես գնալու: Գալիանոն քոլեջում սովորելու տարիներին զուգահեռ աշխատել է թատրոնում եւ հագուստներ կարել թատրոնի ներկայացումների համար, որտեղ էլ սիրահարվել է պատմությանը:

Նրա դիպլոմային աշխատանքը ֆրանսիական հեղափոխության թեմայով էր: Նրա «Անհավանականները» կոլեկցիան ցուցադրությունից անմիջապես հետո գնվեց Browns ավանգարդ հագուստի խանութի կողմից:

Երկարատեւ դեգերումներից հետո ճակատագրական էր Գալիանոյի հանդիպումը Vogue ամսագրի խմբագիր Աննա Վինտուրի հետ, ինչը ճանապարհ հարթեց նրան հայտնվելու Dior-ում, որտեղ աշխատանքը ձգվեց մինչեւ 2011թ. հայտնի սկանդալը:

Գալիանոյի հագուստները կրում էին ամենահայտնի մարդիկ` արքայադուստր Դիանայից մինչեւ Պենելոպա Կրուզ: Գալիանոն նորաձեւության այն համեստ մշակը չէր, որ ցուցադրությունից հետո սեւ սվիտերով դուրս է գալիս գլուխ տալու հանդիսատեսին: Նրա ամեն հայտնվելը պոդիումին հատուկ բեմադրված էր, հագուստներն էլ համահունչ էին տվյալ ցուցադրությանը:

2011թ. մարտի 1-ին ալկոհոլի եւ թմրանյութի ազդեցության տակ նա  բարում հակասեմիտական արտահայտություններ արեց մի հրեա զույգի հասցեին, նրանց կեղտոտ անվանելով, նաեւ երեսով տալով նրանց ազգային պատկանելությունը՝ ասաց, որ մեծ համակրանք ունի Հիտլերի եւ ֆաշիզմի հանդեպ: Սկանդալից հետո դիզայները հետագայում դատարանի վճռով իր պահվածքի համար պարտավորվեց վճարել 6000 եվրո, ինչպես նաեւ զրկվեց «Պատվո լեգեոնի» շքանշանից:

Ընկերներից շատերը երես թեքեցին Գալիանոյից եւ քչերը կանգնեցին նրա կողքին: Նրանց թվում էր Գալիանոյի սիրելի մոդել Քեյթ Մոսը, որը իր հարսանեկան զգեստը պատվիրեց նրա մոտ, իսկ Նաոմի Քեմպբլի  հորդորով դիզայները տեղափոխվեց կլինիկա ալկոհոլիզմի ու թմրանյութերի հանդեպ կախվածությունից ձերբազատվելու համար:

Գալիանոն ամենուր հայտարարում էր, որ Christian Dior-ում իր աշխատանքի պատճառով է հասել նյարդային գերլարման, որից նա երկար ժամանակ ապաքինվում էր: 2016-ին կայացավ նրա հաղթական վերադարձը բարձր նորաձեւություն: Նա սկսեց գլխավորել Maison Martin Margiela նորաձեւության տունը, որտեղ իրեն զգում էր իր ափսեում:

Այժմ նրա արվեստի սիրահարների թիվը կրկին աճում է երկրաչափական պրոգրեսիայով, եւ Գալիանոն առաջվա նման սեր ու հեղինակություն է վայելում: Նորաձեւության սյուրռեալիստը չի մոռանում նաեւ իր սիրելի պատմական թեմաները, որոնք նրա երեւակայության արդյունքում այլ «ձեւակերպումներ» են ստանում:

Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829