Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարկադիրը դիմել է «Առավոտին»՝ վճարովի հերքում տպագրել Փաշինյանի հիմնադրած լրատվամիջոցի հրապարակման համար

Փետրվար 19,2020 13:30

«Առավոտը» գրեթե ամեն օր ստանում է քննչական տարատեսակ բաժիններից, իրավապահ մարմիններից, ուժային կառույցներից, դատարաններից ծանուցումներ, պարզաբանումներ, պատասխաններ, հիշեցումներ՝ լրատվամիջոցում տպագրված որեւէ հրապարակման վերաբերյալ: Վերջին երեք-չորս տարիներին մի տեսակ «մոդայիկ» էր դարձել, երբ լրատվամիջոցին բարոյական, քաղաքացիաիրավական պատասխանատվության դաշտ էին փորձում տանել միայն նրա համար, որ լրատվամիջոցը հրավիրվել էր մամուլի ակումբներ, լուսաբանել մամուլի ասուլիսներ:

«Ասուլիսային» վեճերին փոխարինելու են եկել զավեշտալի այլ վեճեր էլ: Մասնավորապես, երբ aravot.am կայքը ամենօրյա մամուլի տեսություն խորագրի ներքո հատվածաբար տպագրում է այս կամ այն լրատվամիջոցի առավել ուշագրավ հրապարակումներից:

Մեր դեպքում զավեշտալին այն է, որ սկզբնաղբյուր լրատվամիջոցից հերքում պահանջելու համար չորս օր առաջ մեզ է դիմել հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժինը՝ «Ալիկ Սարգսյանի եւ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտությունը տարիների պատմություն ունի» «Հայկական ժամանակ»-ի (հուլիս 06,2018)  հոդվածի համար:

Մամուլի տեսությունն ավարտվում է կայքի հետեւյալ հղումով. «Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում»:

Ի դեպ, խոսքն այս հոդվածում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եւ նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի միջեւ հակամարտության մասին է, որը տարիների պատմություն ունի. «Գործը հասավ դատարան, սակայն Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ։ Վերջինս Ալիկ Սարգսյանին էր մեղադրում իր որդու հետ տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային պատմության համար։ Վարդգես Հովակիմյանի որդուն ծեծի էին ենթարկել հարսանիքի ժամանակ մի աղջկա ծաղիկ նվիրելու համար, ավելի ուշ քրգործ էր հարուցվել, որտեղ մեղավոր էր հանդիսացել մարզպետի ծեծված որդին։ Հետագայում նախկին մարզպետի որդին գործով ի վերջո ճանաչվեց որպես տուժող»։

Ինչու եմ այս մեջբերումն անում, որովհետեւ մեր լրատվամիջոցին է ուղարկվել մի տեքստ, որում արված վիրավորական արտահայտությունները հաստատապես տեղ չեն գտել մեր «ծաղկաքաղի» մեջ: Կայքը, հավատարիմ էթիկայի վարքականոնին, չի արել վիրավորական արտահայտություններ, եւ հետեւաբար, այս հերքման պահանջը անհեթեթ է:

«Առավոտը» երբեք ներգրավված չի եղել այս դատական գործընթացին, եւ դատարանում պարզվում է՝ ինչ-որ առումով շոշափվել է մեր մասնագիտական, գործարար համբավին առնչվող հարցեր էլ: Ըստ դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի հրապարակած վճռի (որի մասին հարկադիրի կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մարզի դատարանի որոշումը ստանալուց հետո եմ ստիպված եղել բացել), արձանագրվել է. «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքը 06.07.2018թ.-ին տարածել է տեղեկատվություն, որը կարելի է գտնել հետևյալ հղումով: Նշված տեղեկատվության մեջ, ի թիվս այլնի, բերված է պատասխանող Վարդգես Հովակիմյանի խոսքը. «Վ.Հովակիմյանը նշեց՝ 2008-ից սկսած, երբ նշանակվել է մարզպետ, այդ օրվանից Ա. Սարգսյանն իրեն խանգարել է՝ մինչեւ այս պահը: «Ալիկ Սարգսյանը թող գնա, Աբրահամյան Հովիկին ղուրբան ըլնի…»: Ինչն է ուշագրավ. երեք լրատվամիջոցում տպագրվածի համար՝ Ալիկ Սարգսյանն ընդդեմ Վարդգես Հովակիմյանի՝ հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին, չի ներգրավվել ոչ մեր կայքը, ոչ 1in.am-ը, ոչ ArmLife.am-ը: Անգամ երրորդ անձ էլ չենք ճանաչվել:

Նշեմ, որ դատարանը ստացել է տվյալ քաղաքացիական գործով վճռի վրա տրված կատարողական թերթը պարզաբանելու մասին ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ավետյանի դիմումը:

Դատարանը պարզել է. «Ըստ հայցի` Ալիկ Սարգսյանն ընդդեմ Վարդգես Հովակիմյանի՝ հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից եւ զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.03.2019թ. կայացված վճռով, դատարանը վճռել է. «Հայցը բավարարել: Պարտավորեցնել պատասխանող Վարդգես Հովակիմյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել … », եւ պարտավորեցրել էր պատասխանող Վարդգես Վաղինի Հովակիմյանին հրապարակայնորեն հերքել հետեւյալ տվյալները:

Քանի որ մենք չենք տպագրել, ուստի ձեռնպահ եմ մնում այդ վիրավորական արտահայտություններն ու տվյալները հրապարակելուց:

Ի դեպ,  ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2019թ. վճռի դեմ Վարդգես Հովակիմյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Վճռի կատարողական թերթն ուղարկվել է հարկադիր կատարման ծառայություն` կատարման:

Պարտապան Վարդգես Հովակիմյանի ներկայացուցիչ, փաստաբան Ա. Սիրունյանը խնդրել է դիմումի քննությունը իրականացնել իրենց բացակայությամբ, հայտնել է, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայության դիմումը կատարողական թերթը պարզաբանելու մասին բավարարվել չի կարող, քանի որ դա փաստացի հանգեցնելու է նոր վճիռ կայացնելուն:

Դատավոր Գ. Բալյանը հղում էր կատարել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին,  համաձայն որի՝ «Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով: Հերքումն իրականացվում է դրա պահանջն ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է»:

Դատարանը որոշել է, որ թիվ ԱՎԴ/2082/02/18 վճռի կատարողական թերթով Վարդգես Հովակիմյանի կողմից հրապարակայնորեն ներողություն խնդրելը եւ հերքելը պետք է իրականացվի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համահունչ` լրատվության նույն միջոցում («Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայք, 1in.am էլեկտրոնային կայք, ArmLife.am էլեկտրոնային կայք), իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով, «Հերքում» խորագրի ներքո այնպես, որ հերքման տեղակայման, ձեւավորման, տառատեuակի չափը ու տեuակը չզիջի նշված հոդվածում հրապարակված տեղեկատվությանը»:

Դատարաններն առանց լրատվամիջոցներին ներգրավելու, այդպես էլ չեն իմացել, որ  սկզբնաղբյուր լրատվամիջոցը «Առավոտը» չէ: Հեռախոսազրույց եմ ունեցել Արարատի մարզային բաժնի հարկադիր կատարող Ա. Ավետյանի հետ, որը նույնպես զարմացավ, որ հրապարակումը «մամուլի տեսության» խորագրի տակ է, եւ սկզբնաղբյուրն էլ վարչապետ Փաշինյանի ընտանիքի հիմնադրած լրատվամիջոցն է: Նա նաեւ տեղյակ չէր, որ ԶԼՄ օրենքում չկա մի հոդված, որով գործընկերային հարաբերության մեջ գտնվող լրատվամիջոցի դեմ պարտապանի հաշվին կարող են հերքում «տիրաժավորել»: Aravot.am կայքի էթիկայի վարքականոնի համաձայն էլ. «Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»: Հավանաբար, ճիշտ էր ներկայացուցիչ Սիրունյանը, որը կանխազգացել էր. «Կատարողական թերթը պարզաբանելու մասին բավարարվել չի կարող, քանի որ դա փաստացի հանգեցնելու է նոր վճիռ կայացնելուն»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.02.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829