Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես, 105 տարի անց, Սիրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Փետրվար 18,2020 23:52

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Սիրիայի ժողովուրդն առաջինն է իմացել Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից տասնյակ հազարավոր հայեր արտաքսվել են սիրիական անապատի մահվան դաշտերը։ Տեղի արաբները մեծ թվով հայ որբեր են որդեգրել՝ նրանց մեծացնելով որպես իրենց երեխաներ: Հալեպում, Ռաքքայում, Դեյր Զորում, Դամասկոսում և այլուր տեղի բնակիչները սրտաբաց ընդունեցին ողջ մնացած հայերին։ Հայերը բնակություն հաստատեցին իրենց նոր հայրենիքում, վերակառուցեցին իրենց կյանքը, վերստեղծեցին իրենց մշակութային կառույցները, ներառյալ եկեղեցիները, դպրոցները, կազմակերպությունները և աստիճանաբար բարգավաճեցին։

Ես ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում, քանի որ իմ գերդաստանի մի մասը վերապրել էր Ցեղասպանությունը։ Չնայած կրոնական տարբերություններին՝ ես երջանիկ մանկություն եմ ունեցել և չեմ զգացել որևէ նախապաշարմունք կամ խտրականություն։ Սիրիան իր սեփական վեճն ուներ Թուրքիայի Հանրապետության հետ, ինչպիսին Իսկենդերունի (Ալեքսանդրետտա) բռնակցումն էր Թուրքիային 1939 թվականին, անօրինական հանրաքվեից հետո: Այնուամենայնիվ, Սիրիայի կառավարությունը դրսևորելով իսլամական համերաշխություն Թուրքիայի հետ և չցանկանալով թշնամացնել իր ավելի հզոր հյուսիսային հարևանին, հրաժարվեց բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը:

Հիշում եմ, որ 1985 թվականին ՄԱԿ-ի Խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովում քննարկումների ընթացքում Սիրիայի իրավապաշտպանն ինձ ասաց, որ չնայած ինքը տեղյակ էր Հայոց ցեղասպանության մասին, սակայն չէր կարող քվեարկել հօգուտ այն ճանաչող զեկույցի ընդունմանը, քանի որ իրեն կազատեին աշխատանքից:  Ես նրան տվյալ իրավիճակում խնդրեցի քվեարկության ժամանակ բացակայել դահլիճից։ Նա այդպես էլ վարվեց, և ՄԱԿ-ի զեկույցն ընդունվեց ճնշող մեծամասնության կողմից:

2011 թ․ քաղաքացիական պատերազմին նախորդող տարիներին Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները այն աստիճան էին բարելավվել, որ երկու երկրների նախագահները հաճախ հանդիպում էին և միասին արձակուրդ գնում։ Սիրիայի կառավարությունը նույնիսկ արգելեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքերի վաճառքը Սիրիայի գրախանութներում: Այդ մեղրամիսի տարիներին ես տեղեկացա, որ Արամ Ա կաթողիկոսի Դամասկոս կատարած այցի ժամանակ, նախագահ Բաշար Ասադը նրան ասել էր, որ հայերը պետք է մոռանան Հայոց ցեղասպանության մասին, բացեն սահմանը և բարեկամական հարաբերություններ հաստատեն Թուրքիայի հետ:

Երբ 2009 թ․ ես այցելեցի Դամասկոս, նախագահական պալատ մուտք ունեցող իմ հայ ընկերը փորձեց ինձ համար հանդիպում կազմակերպել նախագահ Ասադի հետ։ Ես ուզում էի Ասադին նախազգուշացնել, որ նրա մեղրամիսը թուրք նախագահի հետ կարող էր հանկարծակի ավարտ ունենալ, և Էրդողանը որպես անվստահելի դաշնակից, կարող էր դավաճանել նրան: Իհարկե, ես գաղափար չունեի, որ Սիրիա կատարած իմ այցից երկու տարի անց, զանգվածային ներխուժում կլինի Սիրիա արմատական իսլամական ահաբեկիչների կողմից, որոնց զինում և աջակցում էր Թուրքիան։ Ցավոք, ես հնարավորություն չունեցա հանդիպել Ասադի հետ։ Նրա աշխատակազմի ղեկավարը հրաժարվեց կազմակերպել այդ հանդիպումը՝ իմ հայ ընկերոջն ասելով, որ չի կարող թույլ տալ, որ նման հանդիպում կայանա՝ հաշվի առնելով իմ բազմաթիվ քննադատական հոդվածները Թուրքիայի մասին։ Նա ասաց, որ Թուրքիան կխզի իր բարեկամական հարաբերությունները Սիրիայի հետ, եթե Էրդողանը պարզի, որ Ասադը հանդիպել էր ինձ հետ․․․

Անցյալ շաբաթ Հայաստանի խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասաց, որ երբ 2014-ին Սիրիա կատարած իր այցի ընթացքում Դամասկոսում նա հանդիպել է նախագահ Ասադին, վերջինս  ասել է. «Հայաստանում ինձ ասել էին, որ չպետք է այդքան վստահեմ Էրդողանին, բայց ես ձեզ չլսեցի»։ 2009 թ․ հունիսին Ասադը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Սակայն, խախտելով հայկական արարողակարգը, նա հրաժարվեց այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր Երևանում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մտահոգվելով թուրքական  քննադատությունից։

2014 թ․ հունվարին նախագահ Ասադը «Ֆրանս-պրես» գործակալությանն ասաց, որ Սիրիայի նկատմամբ դաժան հարձակումները նրան հիշեցրել են «Օսմանցիների կողմից հայերի դեմ իրականացված ջարդերի մասին, երբ նրանք սպանել են մեկուկես միլիոն հայերի, և կես միլիոն ուղղափառ սիրիանիները Սիրիայում և Թուրքիայի տարածքում»:

Սիրիական խորհրդարանի կողմից 2020 թ․ փետրվարի 13-ին միաձայն ընդունված որոշումը Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության առաջին պաշտոնական ճանաչումն է: Խորհրդարանի բանաձևի տեքստում հիշատակվում են նաև ասորիները և սիրիանիները։ Ոմանք իրենց դժգոհությունն էին հայտնել, որ Սիրիայի կառավարությունը վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը միայն այն ժամանակ, երբ այն համապատասխանեց իր սեփական քաղաքական շահերին։ Չնայած դա ճիշտ է, սակայն հայերը պետք է իրատես լինեն: Ոչ մի երկիր չի պատրաստվում ընդունել մի այնպիսի որոշում, որը հակասում է իր ազգային շահերին: Ճիշտ է, որ Սիրիայի խորհրդարանի որոշումը հիմնականում պայմանավորված է վերջերս Սիրիայի հյուսիսային շրջաններ Թուրքիայի ներխուժմամբ: Սակայն, որոշումը սխալ չէ, այն ճիշտ է։ Երբեք սխալ ժամանակ չի լինում ճիշտ գործեր անելու համար։ Սխալն այդ տարիների ընթացքում Հայոց ցեղասպանությունը չճանաչելն էր: Այսպիսով Սիրիան Լիբանանից հետո դարձավ երկրորդ արաբական երկիրը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հուսով ենք, որ արաբական մյուս երկրները, ինչպիսիք են Եգիպտոսը, Իրաքը և Հորդանանը, կհետևեն Սիրիայի օրինակին։

Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման երկու անմիջական օգուտները հետևյալն են.

1)    Լրատվամիջոցները ևս մեկ անգամ հիշեցրեցին միջազգային հանրությանը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ստոր արարքի մասին՝ ևս մեկ մեխ խփելով թուրքական ժխտողականության դագաղին:

2)    Թուրքական կառավարությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ ժխտելով Հայոց ցեղասպանությունը և դատապարտելով Սիրիայի կառավարությանը, ինչն ավելի հանրայնացրեց հայերի նկատմամբ թուրքական ցեղասպանությունը:

Ամբողջ աշխարհի հայերը ողջունեցին Սիրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, որն ավելի է սեղմել օղակը թուրքական ժխտողականության շուրջ։  Ինչպես ասում են․ «Ավելի լավ է ուշ, քան երբեք»․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829