Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունում խոշտանգված քաղաքացին առանձնակի դաժանությամբ սպանել է 80 ամյա հարեւանուհուն

Փետրվար 18,2020 23:33

2019 թվականի նոյեմբերին համացանցում տարածվեց մի  տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես էին քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանական բաժանմունքում խոշտանգում մի քաղաքացու և փորձում այդ եղանակով ցուցմունք կորզել։  Տեսանյութում երեւում է, որ ծեծին մասնակից անձինք մահակներով հարվածներ են հասցնում քաղաքացուն, ապա հակագազ են հագցնում և սկսում ծեծի ենթարկել:

Խոշտանգվողը Արարատի մարզի Կանաչուտ համայնքի բնակիչ Վարազդատ Հովհաննիսյանն է. նա ցմահ ազատազրկման է դատապարտված 80 ամյա կնոջ սպանության համար: Նրա մայրը 1in.am-ին պատմել է, որ որդուն խոշտանգողները եղել են 2009-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը, որը ծնունդով Կանաչուտ գյուղից է եւ Ալիկ Սարգսյանի վարորդը: Խոշտանգվածի մայրը նաեւ պնդում է, որ պատմությունը ճոխացվել է, պատահական մահը դարձվել է դանակով սպանություն, քանի որ այդ ժամանակ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, աչք ուներ Կանաչուտ գյուղում իրենց մեծ տան վրա և ուզում էր տունն իրենցով անել, ինչպես Կանաչուտում շատ նման տներ ու տարածքներ:

Ալիկ Սարգսյանը Aravot.am-ին հայտնեց, որ չի հիշում այդ դեպքը, Վարազդատին ու բացառեց եղբոր կամ վարորդի կողմից քաղաքացուն խոշտանգելը. «Այսինքն, ի՞նչ են արել եղբայրս ու վարորդս, չհասկացա, հիմա ընկնեմ տեսանյութ ման գամ, որ իմանամ՝ եղբայրս ու վարորդս 2009-ին ի՞նչ են արել, բացառված է դա, վարորդս ու եղբայրս նման բան ո՞նց կարող էին անել: Էլ ուրիշ բան ու գործ չունեմ, ընկնեմ այդ տեսանյութը գտնեմ, հետաքննություն անեմ, եղբորս հարցնեմ, Վարազդատին գտնեմ, վարորդիս գտնեմ, որ վաղուց չի աշխատում, թոշակի է անցել, չեմ հիշում նման բան, առաջին անգամ եմ լսում, ինձ ոչ ոք նման բանի մասին չի ասել, նոր եմ լսում, բռնություն»:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք՝ 1995 թվականին Վարազդատ Հովհաննիսյանի ընտանիքը տեղափոխվել է ՌԴ և բնակվել Մոսկվա քաղաքում, որտեղ էլ Վարազդատ Հովհաննիսյանն անչափահաս տարիքում երեք անգամ դատապարտվել է, որից 2002 թվականին գողություն կատարելու, իսկ հետագայում երկու անգամ կողոպուտի համար: Պատժի կրումից ազատվել է 2008 թվականի դեկտեմբերի 29-ին և 2009 թվականի մարտի 04-ին վերադարձել ՀՀ ու միայնակ ապրել է Արարատի մարզի Կանաչուտ գյուղում գտնվող իր հայրական տանը: Վերջինս, չունենալով հիմնական աշխատանք, օրավարձով գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել համագյուղացիների, այդ թվում նաև Ա.Թ-ի հողամասում: Տեղեկանալով, որ նրա որդին ու աղջիկներն արտասահմանից իրենց մորը գումարներ են ուղարկում, 2009 թվականի մայիսի 23-ի ցերեկն, առանց հաց ուտելու օգտագործել է մեկ շիշ օղի, այնուհետև երեկոյան մեկ շիշ գարեջուր խմելուց հետո, հիշել է Ա.Թ-ին ու մտածել, որ վերջինս միայնակ է ապրում և արտասահմանից ստացած ու պահած գումար կունենա, որոշել է գնալ նրա  տուն ու նրանից գումար պահանջել: Արդեն լույս 24-ի գիշերը ժամը 01-ի սահմաններում, տանից վերցնելով մետաղյա բռնակով դանակը, համագյուղացի Ա.Թ- ի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, նրա գույքը հարձակմամբ հափշտակելու, այսինքն` զուգորդված ավազակությամբ ու շահադիտական դրդումներով և նրան սպանելու դիտավորությամբ, ալկոհոլի ազդեցության տակ, Ա.Թ-ի տան ցանկապատից ապօրինի մուտք է գործել նրա բակ, մտել պատշգամբ, որտեղ Ա.Թ-ի կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ բռունցքով դիտավորությամբ հարվածել է նրա գլխին, գցել հատակին և պահանջել հայտնելու փողերի տեղը:

Մերժում ստանալով՝ առանձին դաժանությամբ ոտքերով, ձեռքերով և դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա  գլխին և մարմնի տարբեր մասերին, այնուհետև նրան քաշելով տարել է նախասենյակ, ապա հյուրասենյակ, որտեղ շարունակել է առանձին դաժանությամբ ոտքերով, ձեռքերով ու դանակով հարվածներ հասցնել տուժողին, իսկ էլ ավելի ցավ պատճառելու համար դանակի բռնակը մտցրել է Ա.Թ-ի սեռական օրգանի մեջ և պտտել` պահանջելով որ նա ասի փողերի տեղը: Հերթական հարվածից հետո Ա, Թ-ն  սկսել է խռխռալ, զգալով որ նա մահանում է, Վարազդատ Հովհաննիսյանը վերցնելով դանակը դիմել է փախուստի: Նրա տանից դուրս գալով, ճանապարհին դանակը նետել կիսակառույցի պատի տակ, գնացել տուն, լվացվել, հանել հագի արյունոտ հագուստներն ու այն պահել իր տան փոքր կարասի մեջ և պառկել քնելու: Վարազդատ Հովհաննիսյանի բազմաթիվ հարվածների հետևանքով Ա.Թ.-ի մարմնի վրա առաջացել են գլխի ձախ քունքային, գագաթային կենտրոնական շրջանների պատռված, գանգամաշկված սալջարդ վերքեր, ստորին ծնոտի աջ ու ձախ ճյուղերի կոտրվածքներ, զույգ վերին, ստորին կոպերի արյունազեղումներ, դեմքի աջ այտային շրջանի, ստորին ծնոտի աջ անկյան շրջանի, արյունազեղումներ, գլխուղեղի բոլոր թաղանթների, գլխուղեղի կոնվեքսիտալ, բազալ ուղեղանյութի, գլխուղեղի փորոքների տարածուն մուգ կարմիր գույնի արյունազեղումներ, որոնք պատճառել են առողջությանը ծանր աստիճանի` կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ճակատի, ձախ ստորին կոպի, դեմքի ձախ այտային շրջանի, աջ նախաբազկի խորանիստ մկանների, հյուսվածքների վնասումով կտրած վերքեր, որոնք առողջությանը պատճառել են միջին ծանրության վնաս, կրծքավանդակի աջ առաջային մակերեսի, աջ բազկի, ձախ դաստակի թիկնային մակերեսի արյունազեղումներ, միզուկի շրջակա լորձաթաղանթի արյունազեղում, որոնք դասվում են առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքների շարքին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա.Թ-ն  տեղում մահացել է: Վարազդատ Հովհաննիսյանն Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 08.10.2009թ. դատավճռով դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829