Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդված տներ են, փոս ես անում, դնում ես մեջը». Սամվել Բաբայանի գործով գաղտնալսումը՝ արված նրա գրասենյակում

Փետրվար 18,2020 21:45

Հայաստան «Իգլա» զինատեսակ ապօրինի փոխադրելու եւ փողերի լվացման համար մեղադրվող Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստում այսօր հրապարակվեցին իրավապահների՝ Սամվել Բաբայանի երեւանյան գրասենյակում խոսակցությունների՝ հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ ստացված գաղտնալսումները: Այդ օպերատիվ հետախուզական միջոցառումը Սամվել Բաբայանի հանդեպ իրականացվել է 2017թ.-ի մարտին: Հիշեցնենք, որ 2017թ.-ին առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել «Իգլա» տեսակի զենքը ՀՀ ներկրելու եւ փողերի լվացման դրվագներով ու դատապարտել ընդհանուր վեց տարվա ազատազրկման, իսկ որոշ ժամանակ անց Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի դատարանի այդ որոշումը, ուստի գործը քննվում է նորից:

Այսօր հրապարակված գաղտնալսումների վերծանումներից մեկում Սամվել Բաբայանի եւ գործով մյուս մեղադրյալ, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի զրույցն է(հատվածներ).

Բաբայան-Նայի տես, սա վիստլեն է:

Գաբրիելյան-Գիտեմ:

Բաբայան-Գնա մի հատ յաշիկ զակաս տուր, որ հողի մեջ դնես՝ չփչանա:

Գաբրիելյան-Էջմիածին պահելը մեզ ձեռ չի տալի, էլի:

Բաբայան-Հիմի գյուղի անուն ասեմ՝ գրի: Նարիշտար: Դրան կպած է Մատաղիսը:

Գաբրիելյան-Հասկացա

Բաբայան-Այ ըտենց, ընդեղ քանդված տներ են, փոս ես անում, դնում ես մեջը…յաշիկը…ժեշտի վրա գցում ես մի քարի կտոր…

Այս օպերատիվ հետախուզական միջոցառման արձանագրությունում գրված է, որ նշյալ խոսակցությունը զենքերի ապօրինի շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն չի պարունակել: Հիշեցնենք՝ դեռեւս դատաքննության ընթացքում Սամվել Բաբայանը հայտարարել է՝ երբ տեսել է, որ պակասող մեխանիզմ կա, ասել է այդ մասին Սանասար Գաբրիելյանին եւ խորհուրդ տվել գլուխը ցավի տակ դնելուց խուսափելու համար զենքը դնել հողի տակ:

Հիշեցնենք նաեւ, որ այս գործից անջատված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը, որին Բաբայանն ու ընկերներն ԱԱԾ գործակալ են համարում, հայտարարել էր, որ Գոշա անունով անձի միջոցով Վրաստանից գտել է պահանջվող զենքը, սակայն երբ գնորդը հրաժարվել է Հայաստանում այն ձեռք բերել, հայտնել է իրավապահներին: Հիշեցնենք նաեւ, որ Սամվել Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով այս գործով մեղադրյալ է, գործի առաջին դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ինքն է ցանկացել «Իգլա» ձեռք բերել՝ բանակին նվիրելու նպատակով, եւ զենքի լուսանկարները ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ խորհրդատվության համար, Բաբայանն էլ ասել է, որ պակասող մեխանիզմ կա, ինչի պատճառով Գաբրիելյանը հրաժարվել է գնել «Իգլան»:

Սամվել Բաբայանն էլ հաստատել է, որ «Իգլա»-ի լուսանկարները նայել է խորհուրդ տալու նպատակով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ քրեական հետապնդումը պայմանավորում է իր քաղաքական գործունեությամբ, պնդում, որ Վրաստանից «Իգլա» չի էլ բերվել, այլ ի սկզբանե նման զենք եղել է Էջմիածնում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

(Այս դատաքննությունը տեսանկարահանելու հնարավորությունը ԶԼՄ-ների համար սահմանափակ է. դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ՝ նիստը կարելի է տեսագրել առաջին 10 րոպեն միայն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829